2025

Իսմայիլի շրջանի Կուզռան գյուղը

Կուզռանը, որը շրջկենտրոնից 12,5 կմ հարավ-արևմուտք է, մինչև 1918 թվականը եղել է Իսմայիլի շրջանի հայաբնակ գյուղերից։ Բնակիչները գաղթել են Արցախի Խաչեն գավառից և Գիշի, Թաղավարդ, Թաղլար, Հացի, Հղորտի, Ննգի, Տող և Քերթ գյուղերից: Գյուղը հայտնի է նաև Գյուզռան, Գյուզարան, Կյուզռան անուններով։

1861 թվականին Կուզռան գյուղն ունեցել է 21 տուն հայ բնակչություն: Հայտնի տեղագիր Մակար Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1886 թվականին, գյուղում եղել է 46 տուն հայ՝ 202 բնակիչներով: 1914 թվականին Կուզռանն ամբողջությամբ հայաբնակ էր՝ 268 բնակչությամբ:

Գյուղը 1918 թվականի ամռանն ավերվել է թուրքական զորքերի և տեղի թաթարների հարձակումներից, այնուհետև՝ հայաթափվել:

Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումից հետո կոտորածներից մազապուրծ եղած սակավաթիվ կուզռանցիներ վերաբնակվել են տարբեր վայրերում:

Գյուղատեղից շուրջ 1,5 կմ հյուսիս՝ Թաղթասան կոչված վայրում, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ` 1985 թվականին, պահպանված էր Կուզռան գյուղի գերեզմանոցը։ Հուշարձանագետը հիշատակել է 18-րդ դարից մինչև 20-րդ դարի սկզբներին վերաբերող շուրջ 15 արձանագիր տապանաքարերի մասին, որոնցից հրապարակել է գերեզմանոցում պահպանված առավել հին երկու տապանաքարերի (18–19-րդ դդ.) արձանագրությունները.

«Այս է տապան Տէր Ղազարին, թվին ՌՃԿ (1711)»:

«Այս է տապան Կուզռան կողի բնակիչ

Պաղի Աբրահամեանին, թվին ՌՄՀԴ (1825)»:

Գյուղից վերև եղել է «Նահատակ» անունով մի հին ուխտատեղի: Այստեղ այցելած հայտնի տեղագիր Մ․ Բարխուտարյանցը գրել է․ «Շինիցս վերև կայ մի հին ուխտատեղի Նահատակ անուամբ, որ շուրջն պատած են շատ ծերունի ծառեր և հին գերեզմաններ»։

Հինավուրց Կուզռան գյուղն այժմ անբնակ գյուղատեղի է:

Գրականություն՝

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 146–147:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում