2025
Լուսանկարը՝ Յարոմիր Շտետինայի
1990 թվականի վերջերին և 1991 թվականի սկզբներին իրավիճակն Արցախում ավելի էր ծանրացել։ ԽՍՀՄ և Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել էին ճնշումներն ու բռնարարքները։ Խիստ մտահոգիչ էր վիճակը Հյուսիսային Արցախում։ Դատարկվել էին Գետաբեկի, Թովուզի, Շամխորի և Դաշքեսանի շրջանները։
1990-1991 թվականներին Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի, Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերում զինված ինքնապաշտպանություն կազմակերպվեց՝ ընդդեմ խորհրդային զինված ուժերի, ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ОМОН) և զինված գրոհայինների ահաբեկչական գործողությունների: Շահումյանի շրջանի ինքնապաշտպանությունն ստանձնեց Շահեն Մեղրյանը, Գետաշենի ենթաշրջանինը` Թաթուլ Կրպեյանը, ԼՂԻՄ-ինը` Մանվել Սարգսյանը, Բերդաձորի ենթաշրջանինը` Անդրանիկ Հարությունյանը:
1990 թվականի նոյեմբերին ԼՂԻՄ-ում ԽՍՀՄ քննչական մարմինների[1] ձեռքն ընկան Ադրբեջանական ԽՍՀ կառավարության գաղտնի նյութերը, որոնց թվում` նաև Խանլարի և Շահումյանի շրջանների գյուղերից հայ բնակչության բռնի տեղահանության ծրագիրը: Այդ քաղաքականության գագաթնակետը դարձավ «Օղակ» («Կոլցո») ռազմական գործողությունը[2]։
1991 թվականի փետրվարին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը հավանության արժանացրեց հանրապետությունից հայ բնակչության տեղահանության ծրագիրը:
Նույն թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական կառավարության անդամներից և զինվորականներից բաղկացած բարձրաստիճան մեծաթիվ պատվիրակություն այցելեց Գետաշեն և վերջնագիր ներկայացրեց Գետաշեն և Մարտունաշեն հայկական գյուղերի բնակչությանը՝ վաճառել ունեցվածքը և 3 օրում արտագաղթել։ Բնակիչները հրաժարվեցին պահանջը կատարել։
Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Այազ Մութալիբովը կոչ արեց բռնի ուժով տեղահանել Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակիչներին։
«Օղակ» գործողությունը գլխավորելու էր ԽՍՀՄ ՆԳ նախարարի առաջին տեղակալ գեներալ-գնդապետ Բորիս Գրոմովը։
Ապրիլի 15-ին Գետաշենի ենթաշրջանից և Մարտունաշենից դուրս եկան ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները։ Ոստիկանության անվան տակ գործող ադրբեջանական օմօնականների պատժիչ ջոկատներն ստացան ազատ գործելու հնարավորություն։
Ապրիլի 21-ին ադրբեջանական ՕՄՕՆ-ի ջոկատները փորձեցին ներխուժել Գետաշեն և Մարտունաշեն, սակայն հանդիպեցին հայկական ինքնապաշտպանական ուժերի դիմադրությանը և կորուստներ կրելով՝ ետ շպրտվեցին: Այդ պահից սկսած՝ գործողության ղեկավարումն ստանձնեցին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի ստորաբաժանումները[3]:
Ապրիլի 23-ին ՀՀ ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ հղեց ԽՍՀՄ ղեկավարությանն՝ առաջարկելով շտապ միջոցներ ձեռնարկել հայ ազգաբնակչության պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովման համար։
Ապրիլի 26-ից խորհրդային զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից սկսվեցին Գետաշեն գյուղի պաշարման նախապատրաստական գործողությունները։
Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատները, ԽՍՀՄ զինված ուժերի և ներքին գործերի նախարարության ներքին զորքերի ստորաբաժանումների օժանդակությամբ իրականացրին «Օղակ» ռազմագործողությունը, որին մասնակցեցին ընդհանուր թվով 207 միավոր մարտական տեխնիկա (շուրջ 100 տանկ), մոտ 6000 հոգի մարդուժ, 6 ուղղաթիռներ[4]։
Ապրիլի 30-ին թշնամին ներխուժեց Մարտունաշեն: Գյուղի ինքնապաշտպանական ուժերը` «Արաբո» ջոկատը` Սիմոն Աչիքգյոզյանի և Պռոշյանի ջոկատը` Կարոտ Մկրտչյանի հրամանատարությամբ անհավասար մարտի բռնվեցին։ Գյուղն անխնա հրետակոծվեց․ շուրջ 200 տնտեսություն ունեցող Մարտունաշենն ամբողջությամբ ավերվեց: Խորհրդային բանակի հրամանատարությունն առաջարկեց կրակը դադարեցնել այն պայմանով, եթե 48 ժամվա ընթացքում Գետաշենն ու Մարտունաշենն ամբողջովին հայերից դատարկվեն՝ հակառակ դեպքում հարձակումը կշարունակվի:
Թեժ մարտերում հերոսաբար զոհվեցին Թաթուլ Կրպեյանը, Սիմոն Աչիքգյոզյանը, Մարտիրոս Շահնազարյանը, Արթուր Կարապետյանը, Վալերի Նազարյանը, Զարզանդ (Հրաչ) Դանիելյանը և ուրիշներ։
Ռազմական գործողություններին հետևում էր հարակից բնակավայրերի ադրբեջանական բնակչությունը, որպեսզի հնարավորության դեպքում հայերի ունեցվածքը թալաներ։
Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի հայ խաղաղ բնակչության զանգվածային բռնագաղթն սկսվեց մայիսի 4-ին և շարունակվեց մինչև մայիսի 8-ը: Մայիսի 7-ին 3000-3500 մարդ ռազմական ուղղաթիռներով տեղափոխվեցին Ստեփանակերտ, այնտեղից էլ՝ Հայաստանի տարբեր շրջաններ։ Այդ բոլորը կատարվում էր խորհրդային զինվորականների աչքի առաջ:
Ահաբեկչական «Օղակ» ռազմական գործողության սանձազերծման ողբերգական օրերին աշխարհի առաջադեմ մտավորականությունը ԽՍՀՄ-ում, Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում, սփյուռքահայ բազմաթիվ կառույցներ, հասարակական և կուսակցական կազմակերպություններ բողոքի ձայն բարձրացրին՝ իրենց զորակցությունն ու ցավակցությունն արտահայտելով կատարված աննախադեպ պետական հանցագործության առնչությամբ:
«Օղակ» ռազմագործողության անցկացումը քաղաքական որոշում էր։ Գործողության ժամանակ զոհվեց 41, վիրավորվեց 70, պատանդ տարվեց 335 մարդ։ Մինչև օգոստոս տեղահանության ենթարկվեցին հայկական 24 գյուղեր ևս, սպանվեցին ավելի քան 100 հայեր[5]: «Օղակ» ռազմագործողության արդյունքում Ադրբեջանական իշխանություններին հաջողվեց հայաթափել և Ադրբեջանին բռնակցել Հյուսիսային Արցախի մի մասը։
«Օղակ» գործողության ընթացքում իրականացված ոճրագործության համար պատասխանատու են ԽՍՀՄ և Ադրբեջանական ԽՍՀ քաղաքական և ռազմական ղեկավարությունները։ Այս գործողությունն, ըստ էության, խորհրդաադրբեջանական համաձայնություն էր, որի նպատակն էր հայ բնակչությանն իր բնօրրանից տեղահանել, արցախահայությանն ահաբեկել՝ իրենց արդարացի պահանջներից հրաժարվելու և հայաթափելու նպատակով։
[1] 1990-1991 թթ. ԼՂԻՄ-ում ԽՍՀՄ ՆԳՆ Քննչական-օպերատիվ հատուկ խմբի շտաբի պետը Վիկտոր Կրիվոպուսկովն էր, ով աշխատություն ունի այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ Кривопусков В., Мятежный Карабах. Из дневника офицера МВД СССР, Издание второе, дополненное, Москва, Голос-пресс, 2007:
[2] Մանրամասն տե՛ս Բարսեղյան-Կրպեյան Ի․, Թաթուլ Կրպեյան․ Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը, Երևան, 2016: Barseghyan-Krpeyan I., Tatul Krpeyan: The Self-Defense of the Getashen Sub-District in Northern Artsakh, Yerevan, 2019.
[3] Տե՛ս Л. Мелик-Шахназарян, Военные преступления Азербайджана против мирного населения Нагорно-Карабахской Республики, Ереван, 1997, էջ 20:
[4] Емельяненко Вл., Свидетельствую: в Геташене была бойня, “Московские новости”, 12 мая, 1991.
[5] Տե՛ս Голос Армении, 30 апреля, 2005: