2025
Իսմայիլի շրջանի Բիլիստան գյուղը գավառի հայկական ամենափոքր գյուղերից էր՝ գտնվելով շրջկենտրոնից շուրջ 17,2 կմ հարավ-արևելք՝ Գարդման գետի ձախ կողմում: Բնակիչները գաղթել են Արցախի Վարանդա գավառից:
1861 թվականին Բիլիստան գյուղն ունեցել է 25 տուն հայ բնակչություն: Հայտնի տեղագիր Մակար Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1890 թվականին, գյուղում եղել է 31 տուն հայ բնակչություն` 155 բնակիչներով։ 1914 թվականին Բիլիստանն ամբողջությամբ հայաբնակ էր՝ 141 բնակիչներով:
Գյուղը 1918 թվականի ամռան սկզբին ենթարկվել է թուրքական զորքերի և տեղի թաթարների հարձակմանը, ինչի հետևանքով բնակիչների մեծ մասը սպանվել է: Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո կոտորածներից փրկված մի քանի բիլիստանցիներ վերադարձել են հայրենի գյուղ: 1924 թվականին գյուղում ապրել է 22 տուն հայ բնակչություն` 74 բնակիչներով:
Հետագա տարիներին բիլիստանցիներն աստիճանաբար լքել են հայրենի գյուղը։ 1950-ական թվականներին Բիլիստանը բնակեցվել է լեզգիներով:
Գյուղում եղել է Սուրբ Աստվածածին անունով եկեղեցի, որը չի պահպանվել:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ` 1986 թվականին, գյուղի արևելյան կողմում գտնվող գերեզմանոցում պահպանված են եղել շուրջ 45 արձանագիր տապանաքարեր:
Ս. Կարապետյանը հրապարակել է գերեզմանոցում պահպանված տապանաքարերից մեկի արձանագրությունը, որտեղ հիշատակվում է նաև Աղբուլաղ գյուղը.
«Ընդ շիրմաւս դնի մարմին Եղիսաբէթի,
Դստեր` Գրիգորի Առուշանեանցին,
Կին` աղբուլաղցի Ներսէսի Գրիգորօվին»:
Գյուղն այժմ կոչվում է Բիլիստան և բնակեցված է լեզգիներով:
Գրականություն՝
Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:
Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:
Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 108–109: