2025

Իսմայիլի շրջանի Թուբիշեն գյուղը

Իսմայիլի շրջանի Թուբիշեն գյուղը գտնվում էր շրջկենտրոնից շուրջ 9,6 կմ հարավ-արևելք: Վկայվել է նաև Թոփիշեն ձևով: Գյուղի բնակիչների նախնիները գաղթել էին Արցախի Դիզակ, Վարանդա և Ջրաբերդ գավառներից: Թուբիշենի մասին հիշատակություն կա 1806 թվականի վրացական մի ուղեգրության մեջ․ «Գնում են հայկական Թոբուշեն գյուղը և իջևանում այնտեղ»:

1861 թվականին Թուբիշենում եղել է 57 տուն հայ բնակչություն: Հայտնի տեղագիր Մակար Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1886 թվականին, գյուղն ունեցել է 85 տուն հայ բնակչություն` 675 բնակչով։ 1914 թվականին Թուբիշենն ամբողջությամբ հայաբնակ էր՝ 1016 բնակչով:

1918 թվականի հունիսին գյուղը ենթարկվել է թուրքական զորքերի և տեղի թաթարների հարձակմանը: Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումից հետո կոտորածներից փրկված թուբիշենցիները կրկին բնակություն են հաստատել հայրենի գյուղում: 1924 թվականին Թուբիշենն ուներ հայաբնակ 70 տուն` 280 բնակիչներով:

Սակայն 1950-ական թվականներին Թուբիշենին կից կառուցվել է ադրբեջանաբնակ թաղամաս, որից հետո թուբիշենցիներն աստիճանաբար լքել են հայրենի գյուղը: 1985 թվականին գյուղում բնակվել են 8 տուն հայեր, որոնք էլ բռնագաղթել են 1988 թվականի վերջին:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ` 1985 թվականին, Թուբիշեն գյուղում դեռևս կանգուն է եղել 1851 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի մուտքի բարավորին փորագրված էր.

«Յիսուսի Քրիստոսի Սուրբ Խաչ

Յիշատակ է Սուրբ Աստուածածնայ

եկեղեցիս, շինեցաւ Թօբի գիւղի

բոլոր հասարակ ժողովուրդն,

Թվին Փրկչի 1851 ամի»:

1889 թվականին Թուբիշեն և հարևան Գանձակ հայկական գյուղերի բնակիչներն իրենց երեխաների համար Գանձակում հիմնել են դպրոց:

Գյուղի մոտ 1985 թվականին պահպանվել են Հին Թուբիշեն գյուղատեղիի մնացորդները, որտեղ մինչև 19-րդ դարի սկզբները բնակվել են գյուղաբնակների նախնիները:

Գյուղն այժմ կոչվում է Թուբիքենդ (ադրբ.՝ Tubukənd) և բնակեցված է ադրբեջանցիներով:

Գրականություն՝

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 137–143:

Չոբանյան Պ., Վրացական ուղեգրությունները և նրանց տեղեկությունները հայերի մասին, Երևան, 1981, էջ 151:   

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում