2025
Իսմայիլի շրջանի Նորշեն (Խութաշեն) գյուղը գտնվում էր շրջկենտրոնից 11,8 կմ հարավ-արևմուտք: Բնակիչները գաղթել են Արցախի Վարանդա գավառից: Նախկինում կոչվել է նաև Ենգիքենդ, իսկ խորհրդային իշխանության տարիներին՝ Կըրմզի Օկտյաբր (Կարմիր Հոկտեմբեր):
1861 թվականին Նորշեն գյուղն ունեցել է 70 տուն հայ բնակչություն: 1886 թվականին գյուղում եղել է 838 հայ բնակչությամբ 132 տուն։ 1915 թվականին Նորշենն ամբողջությամբ հայաբնակ էր՝ 125 տնով:
Նորշեն գյուղը 1918 թվականին ենթարկվել է թուրքական զորքերի և տեղի թաթարների հարձակմանը: Բնակչության մեծ մասը փախել է Բաքու, այնտեղից էլ` միջինասիական հանրապետություններ:
Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումից հետո կոտորածներից փրկված սակավաթիվ նորշենցիներ կրկին բնակություն են հաստատել հայրենի գյուղում, սակայն 1950-ական թվականներին աստիճանաբար լքել են գյուղը: 1984 թվականին Նորշենում բնակվել են 30 տուն լեզգիներ և երկու հայ ծերունիներ:
Նորշեն գյուղում եղել է Սուրբ Աստվածածին անունով եկեղեցի, որը չի պահպանվել: Եկեղեցու շուրջ տարածված գերեզմանոցում հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ` 1985 թվականին, դեռևս պահպանված են եղել 19–20-րդ դարերի շուրջ 180 արձանագիր տապանաքարեր:
Գյուղի հյուսիսային կողմում է գտնվել հին գերեզմանոցը, որտեղից հայտնի տեղագիր Մակար Բարխուտարյանցը 19-րդ դարի վերջերին ընդօրինակել է չորս արձանագրություն: Դրանցից ստույգ թվագրված են երկուսը.
«Աստուած ողորմի Արութիւնիս. թվ. ՋԳ (1454)»:
«Աստուած ողորմի Զանուն. թվ. ՋԿԶ (1517)»:
1986 թվականին գյուղից 1,5 կմ հարավ-արևմուտք դեռևս պահպանված է եղել Ծլիփ անունով սրբատեղին` հիմնավեր մատուռի և վաղմիջնադարյան կոթողի մնացորդներով:
Գյուղն այժմ կոչվում է Ենիքենդ (ադրբ.՝ Yenikənd) և բնակեցված է լեզգիներով:
Գրականություն՝
Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:
Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:
Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 165–169: