2025

Իսմայիլի շրջանի Փաթակլու գյուղը

Իսմայիլի շրջանի Փաթակլու գյուղը գտնվում էր շրջկենտրոնից շուրջ 11 կմ հարավ-արևմուտք: Բնակիչները գաղթել են Արցախի Խաչեն և Վարանդա գավառներից: Գյուղը հնում կոչվել է Փեթակ` գյուղացիների մեղվաբուծությամբ զբաղվելու պատճառով: Հետագայում «Փեթակ» գյուղանունը թաթարների կողմից վերածվել է Փաթակլուի:

1861 թվականին գյուղն ունեցել է 27 տուն հայ բնակչություն: Հայտնի տեղագիր Մակար Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1890 թվականին, գյուղում եղել է 46 տուն հայ բնակչություն` 313 բնակիչներով՝ արական 172, իգական 141: 1914 թվականին Փաթակլուն ամբողջությամբ հայաբնակ էր՝ 470 բնակչով:

Փաթակլու գյուղը 1918 թվականի ամռան սկզբին թուրքական զորքերի և տեղի թաթարների հարձակումից հետո ավերվել, այնուհետև հայաթափվել է:

Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումից հետո կոտորածներից մազապուրծ եղած սակավաթիվ փաթակլուցիներ բնակություն են հաստատել հարևան գյուղերում։  

Փաթակլուում եղել է Սուրբ Աստվածածին անունով եկեղեցի, որը 1918 թվականին ավերվել է: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ` 1985 թվականին, պահպանված է եղել գյուղի գերեզմանոցը` 18-րդ դարից մինչև 1918 թվականով թվագրված շուրջ 60 արձանագիր տապանաքարերով: Իսկ առավել հին գերեզմանաքարերն արձանագրություններ չեն ունեցել:

Սամվել Կարապետյանը հրապարակել է գյուղատեղիի գերեզմանոցում պահպանված երկու հին տապանաքարի՝ 18-րդ դարով թվագրվող, արձանագրությունները.

«Ուսդա Ղասումին, թվին ՌՃԿԶ (1717)»:

«Այս է դապան Յազիր խանին, թվին ՌՃԿԶ (1717)»:

Փաթակլու գյուղն այժմ անբնակ է:

Գրականություն՝

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 196–198:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում