2025

Իսմայիլի շրջանի Քյավանդ գյուղը

Իսմայիլի շրջանի Քյավանդ հայաբնակ գյուղը գտնվում էր շրջկենտրոնից շուրջ 17,6 կմ հարավ-արևելք: Հիշատակվում է նաև Քավանդ, Քեյվենդ, Քավանտի անվանաձևերով։

1861 թվականին գյուղն ունեցել է 101 տուն հայ բնակչություն, 1890 թվականին՝ 84 տուն` 566 բնակիչներով: 1914 թվականին Քյավանդն ամբողջությամբ հայաբնակ էր՝ 676 բնակչով: Գյուղը մեծապես տուժել է 1918 թվականի թուրքական զորքերի և տեղի թաթարների հարձակման ժամանակ: Խորհրդային իշխանության հաստատումից հետո կոտորածներից մազապուրծ եղած քյավանդցիները կրկին վերաբնակվել են հայրենի գյուղում: 1924 թվականին Քյավանդն ունեցել է 60 տուն՝ 168 հայ բնակչությամբ։ Մինչև 1950-ական թվականները Քյավանդում գործել է հայկական տարրական դպրոց:

1950-ական թվականներից գյուղում բնակություն են հաստատել ադրբեջանցիներ: Քյավանդը հայաթափվել է 1986 թվականից, սակայն մինչև 1988 թվականի բռնագաղթը գյուղում 6 տուն հայեր են բնակվել։

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ` 1986 թվականին, Քյավանդում պահպանված է եղել Սուրբ Գևորգ եկեղեցին, որի հարավային մուտքի ճակատակալ քարին փորագրված է եղել շինարարական արձանագրություն․

«Գառուցաւ Սուրբ Գեւորք եկեղեցիս

ի Քեւանդ գիւղի հասարակ ժողովուրդք, 1846»:

Գյուղի գերեզմանոցում պահպանված են եղել 18–19-րդ դարերի և 20-րդ դարասկզբի շուրջ 150 արձանագիր տապանաքարեր: Գերեզմանոցում հուղարկավորությունները շարունակվել են մինչև գյուղի վերջնական հայաթափումը: Ս. Կարապետյանը հրատարակել է գերեզմանոցում պահպանված 18-րդ դարի հին տապանաքարերից մեկի արձանագրությունը.

«Այս հանգստի Կէչանշ Սէտրակի Մօսէսէնցս»:

Այստեղ հավանաբար խոսքը Արցախի Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի մասին է:

Գյուղն այժմ կոչվում է Քեյվենդի (ադրբ. Keyvəndi) և բնակեցված է ադրբեջանցիներով:

Գրականություն՝

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 207–211:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում