2025

Աղսուի շրջանի Հնղար հայկական գյուղը

Աղսուի շրջանի Հնղար հայկական գյուղը գտնվում էր Գյուրջևան գյուղից 2,5 կմ արևմուտք: Գյուղը բաղկացած էր երեք թաղերից` Վերին, Ներքին և Միջին: Տեղագիրները նշում են, որ հնղարեցիները բնիկ շիրվանցիներ են եղել:

1861 թվականին Հնղար գյուղը բացառապես հայաբնակ է եղել և ունեցել է 101 տուն: Նշանավոր տեղագիր Մակար Բարխուտարյանցի այցելության ժամանակ՝ 1890 թվականին, Հնղարի երեք թաղերում եղել է 131 ծուխ հայ բնակչություն՝ 398 արական և 333 իգական սեռի: 1904 թվականին գյուղն ունեցել է 166 տուն` 1061 բնակչով, իսկ 1914 թվականին՝ 1048 հայ բնակչություն:

Հնղար գյուղը մեծապես տուժել է 1918 թվականին՝ թուրքական զորքերի և մուսավաթականների հարձակման ժամանակ:

1986 թվականին գյուղը գերազանցապես հայաբնակ էր և ուներ 177 բնակիչ, որոնցից 176-ը հայեր էին: 1988 թվականին Հնղար գյուղի հայությունն ադրբեջանական իշխանությունների կողմից բռնագաղթեցվել է:

Գյուղում եղել է Սուրբ Աստվածածին անունով եկեղեցի, որը չի պահպանվել: Եկեղեցու տարածքում գտնվել են այդտեղ ծառայած հոգևորականների տապանաքարերը: Հայտնի տեղագիր Մակար Բարխուտարյանցն իր այցելության ժամանակ ընդօրինակել և հրապարակել է Հնղար գյուղի եկեղեցու շինարարական արձանագրությունը.

«Կիւրկին բէկ Աւշառեանց 1844 ամի

Յունիսի 7-ին կառուցաւ Սուրբ տաճարս այս

Յանուն Սրբուհւոյ Աստուածածնայ ի յիշատակ

Սոյն Հնղար գեղջ հայոց հասարակութեան`

Աշխատութեամբ նոցին, մանաւանդ

Մեծաւ ջանիւք եւ արդեամբք գլխաւորացն»:

Սակայն եկեղեցին գոյություն է ունեցել ավելի վաղ, իսկ այդ թվականին վերանորոգվել է: Այդ մասին է վկայում այդտեղ պաշտոնավարած հոգևորականներից մեկի տապանաքարի արձանագրությունը.

«Յիշատակ է այս տապանս հընղարեցի

Քահանայ Տէր Յօհան Տէր Պետրոսեանցի

Անուանեցի, թվին ՌԲՃ (1751), ամէն»:

Գյուղն այժմ կոչվում է Հինղար (ադրբ. Hinqar) և բնակեցված է ադրբեջանցիներով:

Գրականություն՝

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում