2025
Բաքվի նահանգում Ղուբան հայաշատ քաղաք էր՝ Բաքվից և Շամախիից հետո: 1873 թվականին քաղաքի 11324 բնակչից հայեր էին 62-ը[1], 1886 թվականի ընտանեկան ցուցակներով՝ 13917 բնակչից՝ 833-ը[2], իսկ 1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ 15363 բնակչից՝ 807-ը:
1873 թվականին քաղաքում կար երկու եկեղեցի՝ հայկական Սուրբ Աստվածածինն ու ռուսականը։ Հայկական եկեղեցին կառուցվել է թիֆլիսեցի Ստեփանոս Անդրեասյան-Լազարյանի ծախսերով 1856 թվականին։ 19-րդ դարի կեսերին Ղուբայում շատ քիչ հայ է ապրել՝ ընդամենը երկու կամ երեք տուն։ Բերքի առատությունն ու առևտրական շահավետ գործը հետաքրքրություն են առաջացրել աղքատ բնակչության շրջանում, ովքեր էլ գաղթել են Ղուբա։ Գաղթականությունը հիմնականում Ղարաբաղից և Շամախիից էր։ «Մշակ» թերթի թղթակից Անտոն Մելիք-Դադայանցը գրում է, որ այդ հոսքի շնորհիվ հայկական եկեղեցին, որտեղ սպասավորում էին երկու քահանաներ, փոքր էր հայ բնակչության համար․ նոր եկեղեցի կառուցելու խնդիր կար[3]։ Քաղաքում գործել է հայկական երեք դպրոց՝ արական, իգական և հոգևոր:
Անտոն Մելիք-Դադայանցը գրում է, որ Ղուբայի հայ երիտասարդները, ոգևորված Դերբենդի հայկական թատրոնի հաջողություններով, մտադիր էին թատերական խումբ կազմել և ներկայացումներ տալ, իսկ ստացված հասույթով՝ ընթերցարան բացել, որը մեծ ուրախություն կպատճառեր հայ հասարակությանը։
Ղուբայի գավառի հայկական գյուղերից 19-րդ դարի կեսերին հիշատակվում են երկուսը՝ Քիլվարը (Кильвар) և Նոր Խաչմասը (Хачмас Новый)։ Քիլվարը բացառապես հայաբնակ էր՝ 513 հայ-լուսավորչական բնակչությամբ։ Գյուղում եղել է Սուրբ Գրիգորիս եկեղեցին: Նոր Խաչմասի 236 բնակիչներից հայ-լուսավորչական էին 168-ը, սուննի թաթար՝ 68-ը։ Գյուղն ունեցել է մեկ եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին, և մեկ մզկիթ[4]։ Երկու գյուղերում էլ եղել են ծխական դպրոցներ։
19-րդ դարի վերջերին գավառում եղել է հայաբնակ մեկ այլ գյուղ ևս՝ Ղարրաջալի անունով:
Ցավոք, երկրամասի հայության կյանքում 19-րդ դարի կեսերից նկատվող դրական տեղաշարժերը, հույս ներշնչող գործողություններն ու իրադարձությունները մի քանի տասնամյակ անց այլ ավարտ ունեցան։ 1918 թվականի մայիսին ստեղծված Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության հակահայ քաղաքականության հետևանքով երկրամասի հայ բնակչությունը կա՛մ կոտորվեց, կա՛մ արտագաղթեց, իսկ հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացվեց։
[1] Сборник сведений о Кавказе, Т. 5. Списки населенных мест Кавказского края. Ч. 1: Губернии: Эриванская, Кутаисская, Бакинская и Ставропольская и Терская область. изданный под редакциею главнаго редактора Кавказскаго Статистическаго Комитета Н. Зейдлица, Тифлис, 1879.
[2] Свод статистических данных о населении Закавказскаго края, извлеченных из посемейных списков 1886 г., издан по распоряжению Главноначальствующаго гражданскою частию на Кавказе Закавказским статистическим комитетом, Тифлис, Тип. И. Мартиросиянца, 1893.
[3] Մշակ, Թիֆլիս, 1873, մարտի 29, N 12:
[4] Сборник сведений о Кавказе, Т. 5. Списки населенных мест Кавказского края. Ч. 1: Губернии: Эриванская, Кутаисская, Бакинская и Ставропольская и Терская область. изданный под редакциею главнаго редактора Кавказскаго Статистическаго Комитета Н. Зейдлица, Тифлис, 1879.