2025
Արևելյան Այսրկովկասում ապրող թյուրքախոս ժողովուրդների մասին սկզբնաղբյուրային նշանակության ունեն Սեյյեդ Ազիմ Շիրվանցու գրական ստեղծագործությունները։ Ադրբեջանական գրականության նշանավոր լուսավորիչ և գրող հռչակված այս հեղինակը ծնվել է 1835 թվականին Շամախիում, կրթություն ստացել Բաղդադում՝ սովորելով պարսկերեն, ուսումնասիրելով պարսից գրականություն, գործունեություն է ծավալել Շամախիում։ Իր ստեղծագործություններից մեկում՝ վերնագրված «Կովկասի մուսուլմաններին»[1], նա դիմում է Կովկասի թյուրքախոս մուսուլմաններին՝ նրանց համար ազգության որևէ անուն չնշելով։ Այսինքն՝ ոչ շատ հեռու անցյալում՝ 19-րդ դարում, չկար «ադրբեջանցի» անունով ազգություն։ Հեղինակն իր ստեղծագործության մեջ տեղեկություններ է տալիս նաև թյուրքախոս մուսուլմանների քիչ թվաքանակի մասին․
«Ամեն շրջանում, [իմա՝ Շիրվանում], հինգ-տասը գյուղ ունենք,
Բայց հիսուն ախունդ ունենք մենք,
Հիսուն դերվիշ կա, հիսուն ներբողիչ,
Չեն ասում նրանք ճշմարիտ ոչինչ»։
Բանաստեղծության հաջորդ տողերում հեղինակը խոսում է այդ բնակչության շրջանում տարածված տգիտության մասին։ Նրանց համարում է գիտությունից ու առաջադիմությունից հեռու, խավարի մեջ խարխափող, որոնց համար կրոնը միակ առանցքն է՝ այլ ազգերից տարբերվելու համար։ Ազիմ Շիրվանին կրթության և գիտության հիմքը տեսնում է դպրոցում, որտեղ, ինչպես ինքն է նշում, սովորում են պարսկերեն և ռուսերեն։ Բանաստեղծը ոչինչ չի գրում ադրբեջաներենի մասին, որովհետև թյուրքական այդ բարբառը չի ընկալվել կրթության մաս։ Այն օգտագործվել է որպես շփման միջոց, բայց գրագետ լինելու համար՝ ոչ անհրաժեշտ։ Ճշմարտությունը ներկայացնող բանաստեղծը գրում է․
«Գիտությունը մի գանձ է հավիտյան,
Աղբյուրն է նա միշտ մարդու մեծության։
Չտեսանք մի օր անթախիծ, անվիշտ,
Որովհետև մենք տգետ ենք միշտ։
Հիմա դպրոց կա Շիրվանում էլ,
Անցնում ենք ֆարսի, ռուսաց լեզուներ։
Չափ, սահման չկա իմ նեղությանը,
Բայց հավատում եմ ճշմարտությանը»։
[1] Ստեղծագործությունը «Qafqaz müsəlmanlarına xitab»՝ «Կովկասի մուսուլմաններին»։