2025

Իսմայիլի շրջանի Բահլիան գյուղը

Իսմայիլի շրջանի Բահլիան գյուղը գտնվում էր շրջկենտրոնից 26 կմ հարավ-արևելք: Գյուղի բնակիչները գաղթել էին Արցախի Դիզակ և Վարանդա գավառներից:

1861 թվականին Բահլիանը բացառապես հայաբնակ է եղել և ունեցել է 30 տուն: Հայտնի տեղագիր Մակար Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1890 թվականին, գյուղն ունեցել է 232 հայ բնակչությամբ 36 տուն: 1914 թվականին Բահլիանն ամբողջությամբ հայաբնակ էր՝ 172 բնակչով:

Գյուղում 1914 թվականին գործել է ծխական դպրոց, որը բացվել է Բաքվում հաստատված շուշեցի Ավագ Մսերխանյանցի ծախսերով։ Դպրոցը բարերարի անունով կոչվել է «Մսերխանյանց»: 1916–1917 թվականներին դպրոցն ունեցել է 29 աշակերտ:

Բահլիանի բնակչությունը մեծապես տուժել է 1918 թվականի թուրքական զորքերի հարձակման ժամանակ: Հետագայում ջարդերից փրկված մի քանի վերապրածներ վերաբնակվել են գյուղում: 1924 թվականին Բահլիանում ապրել է 14 տուն հայ բնակչություն: 1950-ական թվականներից գյուղում հաստատվել են լեզգիներ։ 1984 թվականին լեզգիաբնակ Բահլիան գյուղում մնացել էին ընդամենը երկու հայ տարեցներ, որոնք բռնագաղթել են 1988 թվականին:

Բահլիան գյուղում 1850 թվականին կառուցվել է Սուրբ Մինաս անունով եկեղեցի, որը չի պահպանվել: Գյուղի հարավում գտնվող բլրի գագաթին հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ պահպանված է եղել մի հողմահարված խաչքար, որը հայտնի էր «Նահատակ» անունով։ Վայրը ուխտատեղի է եղել:

Բլրի վրա գտնվել է գյուղի գերեզմանոցը` 18-19-րդ դարերի արձանագիր տապանաքարերով, որոնցից մի քանիսի արձանագրություններն ընդօրինակել և հրապարակել է Ս. Կարապետյանը․

«Այս է տապան Պեջանի որդի Կոր քոխային,

Թվին ՌՄԼԲ (1783)»:

«Այս է տապան Օվանէսի որդի Թաթոսին,

Թվին ՌՄԽԲ (1793)»:

«Այս է տապան Եղղուբի որդի տալլաք Հագոբին,

Թվին ՌՄԽԷ (1798)»:

«Այս է տապան Յօսեփի դուստր Մայրեանին Կուրճուվանցի,

Թվին ՌՄՁԵ (1836)»:

Գյուղն այժմ կոչվում է Բահլիան (ադրբ. Bəhliyan) և բնակեցված է լեզգիներով:

Գրականություն՝

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում