2025

Աղդաշի շրջանի Նեմիթապատ գյուղը (Նեյմեթապատ)

Աղդաշի շրջանի Նեմիթապատ (Նեյմեթապատ) գյուղը գտնվում էր նույնանուն շրջկենտրոնից մոտ 18 կմ արևմուտք: 19-րդ դարում Արաշ գավառում կային երկու համանուն գյուղեր` հայկական և թաթարական: Գյուղը կոչվել է նաև Հայի կամ Էրմանի Նեմիթապատ և Մամիդաբադ։ Հայոց Նեմիթապատ գյուղը շրջապատված էր թաթարական բնակավայրերով և կտրված էր երկրամասի հայաբնակ մյուս գյուղերից:

1839 թվականին Նեմիթապատ գյուղն ունեցել է 26 տուն հայ բնակչություն, իսկ 1853 թվականին՝ 241:

1914 թվականին Նեմիթապատն ամբողջությամբ հայաբնակ էր և ուներ 609 բնակիչ:

 Նեմիթապատ գյուղի բնակչությունը մեծապես տուժել է 1918 թվականի թուրքական զորքերի և մուսավաթականների հարձակման ժամանակ, սակայն կոտորածներից փրկված գյուղացիները վերադարձել և վերաշինել են իրենց բնակավայրը: Մինչ 1954 թվականը գյուղում գործել է նաև հայկական դպրոց, իսկ նույն թվականին գյուղն ունեցել է շուրջ 70 տուն հայ բնակիչ։ 1954 թվականից հետո գյուղի բնակչությունը տեղափոխվել է ՀԽՍՀ և բնակություն հաստատել Երևանի Նոր Արեշ թաղամասում: Արդեն ադրբեջանցիներով բնակեցված գյուղում 1988 թվականին մնացել էր միայն մեկ հայ ընտանիք:

Նեմիթապատ գյուղում եղել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը չի պահպանվել: Եկեղեցու շուրջը տարածված գերեզմանոցում հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ` 1987 թվականին, պահպանված են եղել 19-րդ դարի հայերեն արձանագրություններով բազմաթիվ տապանաքարեր: Հուշարձանագետը դրանցից հրապարակել է մեղրեցի բժիշկ Ստեփան Տեր-Զաքարյանցի տապանաքարի արձանագրությունը.

«Հանգիստ վաղաթառամ Մեղրի գիւղացի

Բժիշկ Ստեփանայ Ազատեան Տէր Զաքարեանց,

Ծնեալ է ի 1860 ամի 10-ին օգոստոսի,

Վախճանեալ է ի 1889 ամի 29 ամաց հասակի:

Հանգուցեալն Տիֆխիսու Րէալնական ուսումնարանում

Ուսումն աւարտելուց 1881 ամի մարտի 10-ին

Փարիզում մտնում է բժշկական համալսարանը

1886 ամի աւարտում է եւ ստանում…

1889 ամի վերադառնում եղբարց մօտ` Աղդաշ…

Վախճանւում է եւ թաղւում Մամատապատ գիւղում»:

Գյուղն այժմ կոչվում է Նեյմեթաբադ և բնակեցված է ադրբեջանցիներով:

Գրականություն՝

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում