2025

Շամախի

2025-01-31

Շամախիի գավառում հայերի բնիկության, ներկայության և զբաղվածության, գավառի տնտեսական կյանքի ակտիվացման գործում նրանց ունեցած դերի մասին կարևոր արձանագրումների ենք հանդիպում Շամախիի քաղաքային դպրոցի նախկին տեսուչ Տ․ Գ. Մախալաձեի «Садовые культуры и промышленные занятия в г. Шемахе и его уезде» հոդվածում[1]։

Խոսելով Շամախիի գավառում այգեգործության մասին՝ հոդվածագիրը նշում է, որ հայերը խաղողի այգիները տնկում և աճեցնում էին գինի ստանալու համար։ Ըստ Տ. Մախալաձեի՝ այդպիսի այգիներ կային Շամախի քաղաքի մերձակայքում և հայկական գյուղերում, որոնցից հայտնի էին Քալանթարովի (Калантаров), Սերեբրյակովի (Серебряков) և Տեր-Հովհաննեսովի (Тер-Ованесов) այգիները։ Դրանք մեծ տարածություն էին զբաղեցնում հատկապես Մատրասա (Матрасы), Քարքանջ (Керкенч), Սաղիան (Сагиан), Գյուրջևան (Гюрджеван), Հնղար (Ингар), Կալագայլի (Калагайлы), Քալախան (Келаханы), Քավանդ (Кейванды) գյուղերում։ Ավելի քիչ այգիներ կային Շամախի քաղաքում և հարևան այլ գյուղերում: Ազգությամբ հայ Խաչանովը (Хачанов) և Տեր-Սահակովը (Тер-Сааков) Մատրասայում հայտնի այգեգործներ էին։

Շամախեցի Միսաք Սարկիսյանցն (Мисак Саркисянц) ու մի քանի այլ հայեր աճեցնում էին պիստակի ծառեր։ Հոդվածագիրը նշում է, որ գավառի մի քանի գյուղերում բնիկ հայերն ու վերաբնակ ռուսները, զբաղվում էին մեղվաբուծությամբ, որից ստանում էին մեծ օգուտ։ Հարկ է նշել, որ հոդվածագիրն այդ գյուղերում բնակվող հայերին, փաստացի, բնիկներ է անվանում։

Շամախիում մետաքսի ֆաբրիկաների սեփականատերերից էին Դավիդովը, Թառոևը և ուրիշներ։

Կարևոր է ընդգծել, որ, ըստ հոդվածագրի, 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին հայերը Շամախիի գավառում և քաղաքում բավական ազդեցիկ էին և մեծ դեր ունեին շրջանի տնտեսական կյանքի ակտիվացման գործում։

[1] Сборник материалов для описания местностей и племен Кавказа, выпуск 39, Тифлис, 1908, отдел 1, с. 31-60.

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում