2025
Եվլախի շրջանի Մազրղու հայաբնակ գյուղը գտնվում էր Կուր գետի ձախ ափից 1–2 կմ հեռավորության վրա: Երկրամասի հայկական պատմական բնակավայրերից մեկն էր:
19-րդ դարի կեսերին Մազրղու գյուղը բացառապես հայաբնակ է եղել և ունեցել է 119 բնակիչ: 1891 թվականին գյուղում եղել է 42 տուն հայ բնակչություն, 1901 թվականին՝ 393։ 1905–1906 թվականներին՝ հայ-թաթարական ընդհարումներից հետո, գյուղի բնակչության թիվը նվազել է մինչև 261-ի: 1914 թվականին գյուղն ամբողջությամբ հայաբնակ էր և ուներ 382 բնակիչ:
1918 թվականին կոտորածներից փրկվելու նպատակով մազրղուցիներն ընդունել են իսլամ, սակայն այդ ճարահատյալ քայլը ևս նրանց չի փրկել թուրքական զորքերի իրականացրած կոտորածներից, և գյուղը հայաթափվել է: Կոտորածներից հրաշքով փրկված մազրղուցիները 1919 թվականին հարևան քանդակցի, արաշցի, հավարիկցի և Արաշ գավառի այլ գյուղերից հավաքված փախստականների հետ բնակություն են հաստատել Էջմիածին կայարանի մոտ գտնվող Կարխուն (Արշակակերտ) գյուղում:
19-րդ դարում Մազրղու գյուղում եղել է Սուրբ Գևորգ անունով եկեղեցի: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ` 1980-ական թվականներին, գյուղի մոտակայքում կանգուն է եղել 1867 թվականին կառուցված Սուրբ Ավագ Նշան մատուռը։ Հայտնի տեղագիր Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցը ժամանակին հրատարակել է մատուռի մուտքի բարավորին փորագրված ութատող արձանագրությունը.
«1867 թվին սկսեալ ի նոր շինութիւն
Փոքրագույն մատուռ ի վերա
Սուրբ Աւագ Նշանի, որ է շինողն
Մազրղցի Յօսեփի որդի Բաղրամ, Շիրին, Գասբար
Եւ որդի Ուրշուտ եւ Մազուղրու ժողովուրտ
Աստուած օրհնի, որ մեզ օգնեցին:
Գրեցի Տէր Խաչատուր,
Որ գարդայ ողորմի ասէ»:
Մազրղու գյուղն այժմ կոչվում է Մարզըլը (ադրբ.՝ Marzılı) և բնակեցված է ադրբեջանցիներով:
Գրականություն`
Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:
Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997: