2025

Արցախի Սարով բնակավայրը

2025-01-23

«Сборник материалов для описания местностей и племен Кавказа» պարբերականի 1888 թվականի․ համարում կան հոդվածներ Ելիզավետպոլի նահանգի Սարով և Հադրութ հայկական բնակավայրերի մասին։

Ներկայացնում ենք Սարովի մեկդասյա դպրոցի տեսուչ Նիկոլայ Գրիգորովի՝ Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիր գավառի Սարով գյուղի մասին հեղինակած հոդվածը՝ «Село Саров, Елисаветпольской губернии, Джеванширского уезда» վերնագրով:

Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիր գավառի Սարով գյուղը գոյություն ունի հնագույն ժամանակներից։ Հետագայում նրա անվանն ավելացել է «Բեգում» անվանումը, որը գյուղն ստացել է Ղարաբաղի Մեհտի-Ղուլի խանի քրոջ՝ Ազատ Բեգումի անունից, ով գյուղն ստացել է որպես օժիտ: Հոդվածագիր Ն. Գրիգորովը նկատում է, որ Սարով գյուղը հնագույն ժամանակներից բնակեցված է եղել հայերով, որը հաստատում է նաև հին գերեզմանոցը։ Բոլոր տապանաքարերից իր հնությամբ ուշադրության է արժանանում մեկը՝ հայերեն արձանագրությամբ, որը ժամանակի ընթացքում ջնջվել է․ վերականգնելու հնարավորություն չկա: Ն․ Գրիգորովը նշում է, որ հնաբնակների հավաստմամբ՝ գյուղի հոգևորականները կարդում էին այդ գրերը: Ըստ հեղինակի՝ տապանաքարը 4-րդ դարում ապրած հայ իշխաններից մեկին է, իսկ շուրջը խմբավորված են սարովցիների գերեզմանները։

Հոդվածագիրը նշում է, որ Սարով գյուղում քրիստոնյա հին բնակչության առկայությունն ապացուցող հնագիտական հուշարձաններից կարելի է մատնացույց անել գինու հին հնձանները, որտեղ խաղողից հյութ էին քամում։

1873 թվականի տվյալներով՝ Սարով գյուղում կար 117 ծուխ, իսկ 1886 թվականին՝ 140։ Հոդվածագրի հավաստմամբ տեղի եկեղեցին գտնվում էր վատթար վիճակում, ուստի նախագծվել էր նոր եկեղեցու կառուցումը։

Գումար վաստակելու համար Սարով էին գալիս անգամ հեռավոր գավառներից՝ Զանգեզուրից, Ջեբրայիլից և Շուշիից։ Այսպես՝ սեպտեմբերին յուրաքանչյուր ընտանիք պատրաստվում էր ընդունել թաթար ընտանիքի՝ բաղկացած ամուսիններից, երբեմն՝ 2 կամ 3 երեխաներից։ Ամուսինն օգնում էր տանտիրոջը դաշտային աշխատանքներում, իսկ կինը՝ տան տիրուհուն։

Հոդվածագիրը վկայում է, որ թաթարների հետ հարևանությունը փոխել է Սարովի բնակիչների ապրելաձևն ու սովորույթները։ Մոռանալով իրենց ավանդույթները՝ տեղի քրիստոնյաները թաթարներից սովորել են անհոգություն, պարապություն և ծուլություն:

1885 թվականի հոկտեմբերի 17-ին Սարովում բացվում է դպրոց, որտեղ 1886 թվականին սովորում էին 36 տղա երեխաներ՝ 35 հայ, 1 ռուս։

Նիկոլայ Գրիգորովի այս հոդվածը կրկին փաստում է, որ Ելիզավետպոլի նահանգի Սարով գյուղը հայկական բնակավայր է եղել։
Գյուղն այսօր էլ կոչվում է Սարով, գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Թարթառի շրջանում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում