2025
2025-01-21
«Մշակ» հասարակական-քաղաքական, գրական թերթը հայ պարբերական մամուլի պատմության մեջ նշանակալից տեղ է ունեցել։ Թերթի առաքելությունը, բացի լուրեր տպագրելուց, եղել է նաև նոր գիտելիքներ, հայկական տարբեր բնակավայրերի մասին ճանաչողական տեղեկություններ հաղորդելն ու տարածելը։ Գանձակին նվիրված բազմաթիվ հոդվածներից և հաղորդումներից մեկը տպագրվել է թերթի 1875 թվականի 14-րդ համարում (հեղինակ Միժակ, 1873 թվական, փետրվար), որը նաև աղբյուրագիտական նշանակություն ունի։
«Նամակ Գանձակից» հոդվածի սեղմ տարբերակում նշվում է․ «Գանձակի շրջակայ հայ գյուղերը սոքա են․ Քուրակ-չայի վերայ-քաղաքից դէպի արևելք ընկնող ջերմ դաշտավայրում զետեղված են Ղարադաղլու և Ջարգալար կամ Սարփեցիք ասված գյուղերը։
1) Նոյն գետակի բարձրում նորա առաւել մեծ վտակի վերայ մի ձորամիջում գտնվում է Գետաշէնը, որից հետևապէս դէպի արևմուտք քաղաքի Հարաւային բարձրութիւններով յառաջն են գալիս այս գիւղերը․- Բաղչիկը, Սուլուքը, Աբլահը, Մուռուտը, Ոսկէ-անապատը, Պրաջուրը, Միրզիկը, Բանանցը,
2) Խաչարակը, Քարհատը,
3) Կրանցը, Շադաղը, Չովդառը, Նուդգարը,
4)Փիփը,
5) Գառնակերը, Բարսումը, Գուլամբարը, Ջագիրը և Չարդախլուն․․․
Գանձակու ազգաբնակութիւնը բազմասեռ չէ։ Այստեղ բնակվում են միայն հայեր և թուրքեր, իսկ եթէ կան աննշան բացառութիւններ, դոքա կայացնում են շատ փոքր թվով ռուսներ և վրացիք, որոնք, դիպվածով միայն այդտեղ բնակվելով, տեղական բնակիչ լինել անգամ համարված չեն։ Սորա հայ բնակիչների թիւը հասնում է մինչև 1200-ի, որոնք սերտ կապով միացած են իւրեանց մայրենի լեզուի հետ, թէև դրացի լեզուին ևս շատ հմուտ են․․․ Ժողովուրդը շատ հավատարիմ է դէպի իւր եկեղեցին և մոլեռանդ դէպի նորա մի որևէ աւանդութիւնը, նա ջերմ և առատաձեռն է դէպի իւր ազգային բարեգործական մի որևէ նպատակը․․․
Թուրք բնակիչների թիւը, որ հասնում է 1800-ի, առաւել բարձր է, բայց ոչ նշանակութիւնը․ նա այն սովորական տիպն է ներկայացնում ընդհանրութեան առաջ, ինչ-որ յատուկ է բոլոր ասիաբնակ այդ ցեղերին, թէև այստեղ աւելորդ էր խօսել նորա հասարակական գաղափարի վերայ, բայց չասել կրթութիւն ասած բանի հոտն անգամ չկայ նոցա մէջ՝ կը նշանակի մեղանչել ընդդէմ խղճի։ Նոցա միակ կրթարանը իւրեանց մզկիթն է, որտեղ ամէն մի սոխտայ (իմա՝ «աշակերտ, գրագետ մարդ») կամ միրզայ և կամ վերջապէս մի մոլայ ժողոված գլխին մի քանի մանուկներ թափված յատակի վերայ խառնիճաղանճ ձայնով անդադար փրփրացնում է և այն տարվայ մի քանի մասերում։
Այնուհետև նոքա կրթված են, բայց ինչի՞ մէջ․․․․ Շատ սարսափելի յատկութիւններում․․․ Նոցա բարձր և ազնւական դասը ուղարկում է իւր զաւակը արքունական ուսումնարան, որտեղ նա վայրիվերոյ կերպիւ սնուցանում է մի անհաստատ և երերուն գաղափար, չը կամենալով օգուտ քաղել դորա ընդհանրապէս մատակարարող կրթութիւնից։ Նա դուրս է գալիս՝ այնտեղից դուրս բերելով իւր հետ և մի աղճատեալ լեզու, որպէս թէ ռսերէն և ամենի առաջ պարծանքով կամենում է ցույց տալ իւր հրաշալի գիտութիւնը․․․ Վաճառականութեան մեջ թուրքերն առաւել ստոր են, որոնց մեծագոյն մասը մրգավաճառ են։ Միայն մի քանի անհատներ հայերից ունեն հիմնաւոր առևտուր, որոնք ստանում են վաճառելի նիւթեր Տաճկաստանից, Պարսկաստանից և Ռուսաստանի զանազան քաղաքներից - Մօսկվայից, Նիժնի վաճառափողոցից, Թիֆլիզից և Բաքուից․․․Թուրքերից արհեստաւորներ շատ քիչ են, քանի մի ձի պայտողներ, հիւսն և միւսներից փոքր․․․»։
Այս հոդվածը ոչ միայն հերքում է հայկական Գանձակի պատմությունը խեղաթյուրող ադրբեջանցի «պատմաբաններին», այլև ճանաչողական տեղեկություններ է տալիս տեղի թյուրք բնակչության մասին։