2025
Եվլախի շրջանի Քանդակ հայաբնակ գյուղը գտնվում էր Կուր գետի ձախ ափին՝ առևտրական ճանապարհի վրա՝ Մինգեչաուր բնակավայրի մոտ: Այն երկրամասի պատմական հայաշատ բնակավայրերից մեկն էր: Գյուղը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է 1628 թվականին, պահպանված հիշատակություն կա 1640 թվականին ևս։ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանցի վկայությամբ՝ Քանդակը 1712 թվականին ենթարկվել է լեզգիների ավերիչ արշավանքին․ «Գալով Քանտակ անունով գյուղը` իսպառ ոչնչացրին»: Գյուղի մասին հիշատակում կա վրացական 1806 թվակիր ուղեգրությունում․ «Քուռ գետն անցնելով՝ հասնում են Քանդակ հայկական գյուղը»:
Գյուղը հիշատակվում է 19-րդ դարի սկզբին ևս, իսկ նույն դարի կեսերին բացառապես եղել է հայաբնակ՝ 60 տուն: Հայտնի տեղագիր Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1888 թվականին, գյուղն ունեցել է 120 տուն հայ բնակչություն` 825, իսկ 1914 թվականին ամբողջությամբ եղել է հայաբնակ՝ 977 բնակիչներով:
1918 թվականին Քանդակ գյուղը տարածաշրջանի հայկական մյուս բնակավայրերի նման ենթարկվել է թուրքական զորքերի և մուսավաթականների հարձակմանն ու հայաթափվել:
Ըստ վկայությունների՝ Քանդակ գյուղում 19-րդ դարի վերջին եղել է Սուրբ Աստվածածին անունով եկեղեցի, որի բակում կար փոքրիկ գերեզմանոց` արձանագիր տապանաքարերով: Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցը հրատարակել է այդտեղ պահպանված տապանաքարերից մեկի արձանագրությունը.
«Այս է տապան Մելիք-Մելքումին, որ
էր որդի Չալապօվին. օվ ոք կարդա,
դա ողորմի, 1840 ամի»:
Քանդակ գյուղի նախկին տարածքը ներկայումս ներառված է Մինգեչաուր քաղաքի սահմաններում և վերածվել է նրա հարավային արվարձանի:
Գրականություն՝
Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:
Եսայի Հասան-Ջալալյանց, Համառոտ պատմություն Աղվանից երկրի, Երևան, 1997, էջ 24:
Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:
Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ, հ. Բ, Երևան, 1978, էջ 302:
Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Բ, Տփխիս, 1858, էջ 383:
Չոբանյան Պ., Վրացական ուղեգրությունները և նրանց տեղեկությունները հայերի մասին, Երևան, 1981, էջ 150: