2025

Վարդաշենի հայկական պատմական բնակավայրերը․ Զառափ

Մինչև 1918 թվականը Զառափ գյուղը Վարդաշենի (1989 թվականից` Օղուզ) շրջանի հայաբնակ գյուղերից էր: Գտնվում է շրջկենտրոն Վարդաշենից 12 կմ հարավ:

Նշանավոր տեղագիր Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1888 թվականին, գյուղն ուներ 140 տուն` 759 հայ բնակիչներով: 1908 թվականին գյուղում բնակվում էր 586 մարդ, իսկ 1914 թվականին Զառափն ամբողջությամբ հայաբնակ էր և ուներ 610 բնակիչ:

Գյուղի հայ բնակչությունը կոտորվել է 1918 թվականի ամռանը` երկրամաս ներխուժած թուրքական զորքերի և մուսավաթականների կողմից: Գյուղը 1918 թվականից հետո հայաթափվել է: Հետագայում գյուղատեղում բնակություն են հաստատել ադրբեջանցիներ:

Զառափի գյուղամիջում եղել է Սուրբ Գևորգ անունով եկեղեցի, որը չի պահպանվել:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ՝ 1980-ական թվականներին, գյուղի հարավ-արևմտյան կողմում պահպանված էին հին գյուղատեղի, գերեզմանոցի և Սուրբ Հովհաննես եկեղեցու ավերակները։ Զառափի հարավային կողմում գտնվող ընդարձակ գերեզմանոցը հայկական էր` 19–20-րդ դարերին վերաբերող շուրջ 200 արձանագիր տապանաքարերով:

«Այս է տապան զարաբէցի վաճառական

Սարգիս Յարութիւնեան Մուսաիլյեանցին 60 ամաց,

ով հանդիպողք ասէք Աստուած ողորմի: 1873 ամի»:

Մեկ այլ տապանաքարի արձանագրություն՝

«Այս է տապան Ղարապաղոե Նինգիցի

Զարգար Գրիգոր Սեյրանեանց,

Ասեգ Աստուած ողորմի 1894 թ.»:

Մեկ ուրիշ տապանաքարի արձանագրություն՝.

«Այս է տապան զառափեցի Տէր Ազարեայի,

որ է որթի Սաքարայ, վախճանեալ է 1901 ամի»:

Ներկայումս գյուղը կոչվում է Զարրաբ և բնակեցված է ադրբեջանցիներով:

Գրականություն՝

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում