2025

Երևանի նահանգի Նոր Բայազետ գավառի Գյոզալդարա գյուղը

2024-11-22

«Сборник материалов для описания местностей и племен Кавказа» պարբերականի 1893 թվականի համարում[1] Նախիջևանի գավառի Ջագրի գյուղի դպրոցի տեսուչ Ա. Տեր-Մարգարովը հեղինակել է Երևանի նահանգի Նոր Բայազետ գավառի Գյոզալդարա (Геозалдара) գյուղի մասին հոդվածը:

Ա. Տեր-Մարգարովը գրում է, որ Գյոզալդարա (Геозалдара) անվանումը բաղկացած է «գյոզալ»՝ գեղեցիկ, և «դարա»՝ կիրճ, բառերից․ այսինքն՝ «գեղեցիկ կիրճ»։ Վկայակոչելով հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանին՝ հոդվածագիրը նշում է, որ հնում գյուղը կոչվել է Վարդենիս՝ «վարդերի երկիր», որը 5-րդ դարում մտնում էր իշխան Վասակ Սյունուն պատկանող տիրույթների մեջ։ Վասակ իշխանի մահից հետո, մի քանի այլ գյուղերի հետ միասին, 460 թվականին գյուղն անցել է Տաթևի վանքին։ Հետագայում մաս է կազմել Բագրատունիների տիրույթներին, ապա՝ ընկել սելջուկների, թուրքերի, պարսիկների տիրապետության, իսկ 1827 թվականին՝ Ռուսաստանի գերիշխանության տակ։ Խոսելով Գոկչա լճի մասին՝ հեղինակը գրում է, որ հնում այն կոչվել է Գեղարքունի, ապա՝ Գեղամա ծով, այժմ էլ՝ Սևանա լիճ։

Հոդվածագիրը նշում է, որ լճի կղզում 305 թվականին Գրիգոր Լուսավորիչը Սուրբ Հարության Փրկչի անվան զոհասեղան է կառուցել այն տեղում, որտեղ հետագայում կառուցվել է Սևանի վանքը։ Ներկայացնելով ազգաբնակչության մասին տվյալներ՝ հոդվածագիրը նշում է, որ այստեղ բնիկներ չկան, իսկ ներկայիս բնակիչները՝ թվով 46 տուն հայեր, 1829 թվականին տեղափոխվել են Ալաշկերտի և Մուշի գավառներից։ Հիշատակում է նաև, որ գյուղում ապրում են 15 տուն քոչվոր քրդեր։ 1873 թվականի տվյալներով՝ գյուղում բնակվում էր 1․903, 1886 թվականին՝ 2․826 մարդ։ 1886 թվականի վիճակագրական տվյալներում որոշ անճշտություն կա․ 2742 հայերի հետ գյուղում բնակվել են նաև 346 թաթարներ:

Ներկայացված տվյալները փաստում են, որ, թեև 19-րդ դարի վերջերին գյուղը չուներ հայկական անվանում, սակայն, ի սկզբանե, այն եղել է հայկական ու հայաբնակ։
Գյոզալդարան ներկայիս ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղն է։

[1] Сборник материалов для описания местностей и племен Кавказа պարբերական, 1893 թվական, թողարկում 17-րդ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում