2025
2024-11-19
Մինչ Բաքվում տեղի է ունենում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը, որտեղ քննարկվում է, թե ինչպես դանդաղեցնել ու կանգնեցնել մարդածին պատճառներով կլիմայի փոփոխությունը, այնուամենայնիվ նման համաժողովների արդյունքների նկատմամբ լավատեսություն գրեթե չկա։
Գագաթնաժողովը նավթ ու գազ արդյունահանող երկիր Ադրբեջանում անցկացնելու որոշումն արդեն իսկ քննադատությունների առիթ էր դարձել։ Ինչպես ցույց տվեց ընթացող գագաթնաժողովի առաջին շաբաթը, այն Ադրբեջանի համար առաջին հերթին ինքնագովազդի հարթակ է։
Նախքան բուն գագաթնաժողովի մեկնարկը՝ համաշխարհային առաջատար լրատվամիջոցներ բազմաթիվ հրապարակումներ էին արել՝ նշելով, որ COP29-ն ընդունող Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են իրականացվում․ ձերբակալվում են ընդդիմադիր գործիչներն ու լրագրողները, սահմանափակվում է ազատ խոսքը։ Բրիտանական «Գարդիան»-ը պարզել էր նաև, որ Ադրբեջանը կեղծ օգտահաշիվներով X-ի սոցցանցում փորձել է դրական արձագանքներ ձևավորել միջոցառման նկատմամբ։
Բացման ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առիթը բաց չթողեց պատասխանելու քննադատություններին՝ «վատ նորություններ ունեմ ձեզ համար․ 196 երկրներից 72 հազար մարդ է եկել, այդ թվում՝ 80 նախագահ, փոխնախագահ և վարչապետ»։
Ալիևը և ադրբեջանցի այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, կլիմայական այս համաժողովն օգտագործել են, որպեսզի քննադատեն այն երկրներին, որոնց հետ ունեն քաղաքական լարված հարաբերություններ։ Խոսքը, մասնավորապես, Ֆրանսիայի և Նիդերլանդների մասին է, որոնց ադրբեջանցի պաշտոնյաները մեղադրել են նեոգաղութատիրության մեջ։ Ալիևն ու Հաջիևն անդրադարձել են նաև Հայաստանին՝ նշելով, որ գագաթնաժողովին ներկա չգտնվելը նշանակում է լուրջ չվերաբերվել կլիմայական խնդիրներին։ Պաշտոնական Բաքուն մոռանում է, որ ածխաթթու գազի արտանետման ցուցանիշով Ադրբեջանը Հարավային Կովկասում առաջատարն է՝ ավելին, քան՝ Հայաստանն ու Վրաստանը միասին։
Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հերթին զբաղված են Բաքու եկած հյուրերից Ադրբեջանի հասցեին գովասանքի խոսքեր կորզելով։
Անդրադառնալով նավթագազային երկիր լինելու հարցին՝ Ալիևը հենց կլիմայական գագաթնաժողովի ժամանակ նշել է, որ «նավթն ու գազն Աստծո պարգևն են» Ադրբեջանին։ Միևնույն ժամանակ կլիմայական միջոցառման կազմակերպման հարցերով զբաղվող պաշտոնյաները զուգահեռ բանակցություններ են վարել նավթագազային նոր գործարքներ ստորագրելու համար։
Ինչ վերաբերում է կլիմայական գագաթնաժողովից սպասելիքներին, ապա շատերն են նշում, որ նման միջոցառումները դրական ազդեցություն չեն ունենում կլիմայական փոփոխություններին հակազդելու վրա։ Չնայած երկրների ներկայացուցիչները զեկուցում են ստանձնած պարտավորությունները կատարելու մասին, այնուամենայնիվ վնասակար գազերի արտանետումները մթնոլորտ շարունակում են աճել։
Ածխաթթու գազի արտանետումների ոլորտում առաջատարը նավթագազային արդյունաբերությունն է, և այդ երկրները, ներառյալ՝ Ադրբեջանը, չեն պատրաստվում կրճատել արդյունահանման ծավալները։ Ադրբեջանի արտահանման գրեթե 90 տոկոսը բաժին է հասնում նավթին ու գազին, և դժվար է պատկերացնել, թե ինչպես է ռազմական ծախսերն անընդհատ ավելացնող երկիրը հրաժարվելու նավթադոլարային եկամուտների մասից։ Աղտոտող ոլորտներից մյուսը տրանսպորտն է, ներառյալ՝ ավիացիան։ Սոցցանցերում օգտատերերը հեգնական գրառումներ են անում, որ պատվիրակները հարյուրավոր մասնավոր ինքնաթիռներով են ժամանում նման միջոցառումների, ինչն արդեն իսկ վկայում է խնդրին լուրջ մոտեցման բացակայության մասին։
Մոհամեդ Ադոուն, որը ներկայացնում է Power Shift Africa հետազոտական կառույցը, նշել է, որ «Այս գագաթնաժողովին 15 տարվա մասնակցությանս վատագույն առաջին շաբաթն էր։ Պարզ չէ, թե որն է կլիմայական ֆինանսավորման նպատակային ցուցանիշը, և ինչպես են այդ միջոցները հասանելի դարձնելու խոցելի երկրներին»։
COP29-ին մասնակցող Պանամայի Շրջակա միջավայրի նախարարն էլ ասել է, որ «ավելի շատ խոսում են, քան՝ գործում»։
Ընթացող շաբաթն անմասն չէր նաև քաղաքական մի շարք հակասություններից։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հրաժարվել է մասնակցել «ընտանեկան լուսանկարի» արարողությանը՝ պատճառը համարելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայությունը։ Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Բաքվից մեկնելուց հետո հայտարարել է, որ Անկարան խզել է բոլոր կապերն Իսրայելի հետ։ Ինչպես հայտնի է, վերջինս Ադրբեջանի մերձավոր ու ռազմավարական գործընկերներից մեկն է։ Գազայում պատերազմի ֆոնին Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները խիստ լարվել են, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է սերտացնել հարաբերություններն այդ երկրի հետ։ Բացի այդ՝ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը չէր կարողացել հասնել Բաքու, քանի որ Թուրքիան թույլ չէր տվել, որ նրա ինքնաթիռն անցնի իր երկրի օդային տարածքով։
Ի դեպ, պարզվել է նաև, որ Բաքվում անցկացվող կլիմայական համաժողովին մասնակցելու իրավունք է ստացել ածխի, նավթի և գազի արդյունահանման լոբբինգով զբաղվող 1773 անձ։
Ծաղրանկարը՝ Գյունդուզ Աղաևի