2025
Տարիներ շարունակ Ադրբեջանի հակահայկական քաղաքականության մեջ հստակ տեղ ունեն իսլամական աշխարհում Հայաստանին վարկաբեկելու քայլերը։ Ադրբեջանը փորձել է խաղարկել իսլամական համերաշխության գործոնը, իրենից կերտել «հայերի կողմից ճնշված» երկրի կերպար՝ դրանով իսկ ջանալով ստանալ իսլամական երկրների աջակցությունը։ Զուգահեռաբար Բաքուն Հայաստանը ներկայացրել է որպես իսլամաֆոբ երկիր, որի հետ իսլամական պետությունները չպետք է հարաբերություններ կառուցեն կամ զարգացնեն։ Այս կերպ Ադրբեջանը ջղաձգված է արձագանքել հայ-արաբական և, հատկապես, հայ-իրանական շփումներին։ Իր ելույթներում, նաև իսլամական երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներում նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանը ներկայացրել է իբրև «մուսուլմանական հուշարձաններ, մզկիթներ քանդող», «մզկիթներում խոզ պահող» երկիր։ Այս քաղաքականությունն ակտիվորեն առաջ է մղվել 2020 թվականի պատերազմից առաջ և հետո։
«Մուսուլմանական երկրներում չգիտե՞ն, որ հայերը մեր կիսաքանդ մզկիթներում անասուն, խոզ, կով են պահում։ Սա վիրավորանք չէ՞ մուսուլմանական աշխարհի համար։ Հայաստանն այն երկիրն է, որտեղ իսլամաֆոբիան նրանց պետական քաղաքականությունն է։ Նրանք երեխաներին մեծացնում են մուսուլմանների հանդեպ ատելության ոգով։ Այդ գաղափարախոսությունը երեխաների մեջ են սերմանում։ Այդ իսկ պատճառով մենք մեր սկզբունքային դիրքորոշմանն ենք մնում։ Այս հարցը միշտ ուշադրության կենտրոնում ենք պահելու։ Բոլոր մուսուլմանական երկրների առաջնորդներին ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել՝ Հայաստանը ձեր բարեկամը չէ»,- 2021 թվականին հայտարարել էր Իլհամ Ալիևը:
Ադրբեջանական հակահայկական քաղաքականությունը պտուղներ է տվել հատկապես Իսլամական համագործակցության կազմակերպությունում (ԻՀԿ), որի անդամն է նաև Ադրբեջանը 1991 թվականից։ ԻՀԿ-ն հանդես է եկել ոչ միայն պարզապես Ադրբեջանին աջակցողի դիրքերից, այլև եղել է ադրբեջանական կեղծ թեզերի տարածման հարթակ։ Հայ-ադրբեջանական սրացումների ընթացքում այս կազմակերպությունը մեղադրանքի սլաքները միշտ ուղղել է Հայաստանի դեմ՝ բանաձևեր ընդունելով ու պահանջելով «վերջ տալ Ադրբեջանի դեմ ագրեսիային»։ Այդ տրամաբանությամբ՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում ԻՀԿ-ն հակահայկական մի քանի հայտարարություններ էր արել: Իսլամական համագործակցության կազմակերպությունը, սակայն, միայն պատերազմական իրավիճակներում չէ, որ ակտիվ է եղել։ Կառույցը հայտարարություններով է հանդես եկել նաև Խոջալուի դեպքերի վերաբերյալ՝ դրանք անվանելով «ցեղասպանություն»:
ԻՀԿ-ի հետ համագործակցությամբ Ադրբեջանը նաև փորձել է «բարեպաշտ մուսուլմանական երկրի» իր կերպարը կերտել: Այդ շրջանակներում 2009 թվականին Բաքուն հռչակվել էր իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք: 2017 թվականին Ադրբեջանում հայտարարվել էր իսլամական համերաշխության տարի, և անցկացվել էին «իսլամական խաղեր»։ 2018 թվականին իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք էր հռչակվել Նախիջևանը, իսկ 2024 թվականին՝ բռնազավթված Շուշին:
Հարկ է նշել, որ իսլամական երկրների շրջանում Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունն այդ երկրի երկերեսանիության ցուցիչն է միայն։ Ադրբեջանը, թերևս, իսլամական աշխարհի այն միակ երկիրն է, որտեղ մարդկանց բանտարկում են հավատացյալ լինելու և իսլամական կարգերին հետևելու համար։ Նրանց թիվը հաշվվում է հարյուրներով (ավելի մանրամասն՝ «Իսլամական Ադրբեջանի ճնշված շիա հավատացյալները» հոդվածում):
Ադրբեջանում արգելված է բարձրախոսով ազան հնչեցնելը, մզկիթից դուրս որևէ կրոնական ծիսակարգ անցկացնելը, կրոնական բովանդակության պաստառներ փակցնելը, դպրոցներում հիջաբ կրելը և այլն:
Հայաստանին մզկիթների ոչնչացման մեջ մեղադրող Ադրբեջանին հարկ է հիշեցնել, թե ինչ վիճակում են գտնվում իրենց մզկիթները։ Վերջին տասնամյակների ընթացքում այդ երկրում, տարբեր պատճառաբանություններով, փակվել են բազմաթիվ մզկիթներ, ինչպես օրինակ՝ «Ջումա», «Աբու Բաքր», «Շեհիդլեր», «Լեզգիական», «Ահլ-ալ Սուննի» և այլն։
Ադրբեջանի իշխանությունները միայն մզկիթներ փակելով չեն սահմանափակվել։ Տարբեր պատճառներով նրանք քանդել են նաև մի շարք մզկիթներ, այդ թվում՝ Կասպից ծովի ափին՝ «Նավթային քարեր» կոչվող վայրում, Լերիքի շրջանի Փաշթաթյուք գյուղի, Բաքվում ու այլ շրջաններում գտնվող մզկիթները: 2017 թվականին Ադրբեջանում հասարակական լայն դժգոհություն էր առաջացրել «Հաջը Ջավադ» մզկիթը քանդելու որոշումը: Այդ ընթացքում անցկացվել են նաև բողոքի ակցիաներ: Ի վերջո, հասարակական դժգոհությանն ու դիմադրությանը չարժանանալու համար մզկիթը քանդել են գիշերով:
Ադրբեջանում գիշերով քանդում են «Հաջը Ջավադ» մզկիթը
Սրան զուգահեռ՝ մի շարք մզկիթներ էլ պարզապես անտերության են մատնված։ Օրինակ՝ Ապշերոնի շրջանի Գորադիլ գյուղի մզկիթը արտաքինից ոչնչով նման չէ մզկիթի, իսկ ներսում չվերանորոգված ու բարձիթողի վիճակ է:
Որոշ մզկիթներ պարզապես փլուզման եզրին են կամ, չգործելու արդյունքում, տարբեր կիրառություններ են ստացել: Օրինակ՝ Նովխանայի «Շահ սուլթան Հուսեյն» մզկիթը կիսավեր վիճակում է: Այն դարձել է թմրամոլների հավաքատեղի: Իսկ մզկիթի շրջակայքի մի մասը վերածվել է աղբավայրի, մյուս մասում էլ կենդանիներ են արածում:
«Շահ սուլթան Հուսեյն» մզկիթն Ադրբեջանում
Այս պայմաններում, երբ իսլամական երկիր Ադրբեջանում կեղեքվում են հավատացյալները, քանդվում ու անուշադրության են մատնվում մզկիթները, Հայաստանը դրսևորել և դրսևորում է մշակութային ու կրոնական համակեցության ընդօրինակելի վարքագիծ՝ վերականգնելով մզկիթները, հարգելով այլ կրոնների հետևորդների ավանդույթներն ու սովորությունները: Իսկ հայկական կողմի այդ մոտեցումը միշտ բարձր են գնահատել հենց իսլամական երկրները: Հետևաբար՝ իսլամաֆոբ երկիրը ոչ թե Հայաստանն է, այլ հենց Ադրբեջանը: