2026

«Արևմտյան Ադրբեջանի համայնքը»՝ Բաքվի կողմից ՀՀ նկատմամբ տարածքային նկրտումների գործիք

2024-03-20

Վերջին տարիներին Ադրբեջանը պետական մակարդակով քարոզչական արշավ է սկսել «Արևմտյան Ադրբեջան» և «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» մասին:  Ադրբեջանական պաշտոնական հռետորաբանության մեջ «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը ողջ տարածքին։  

Թեև այս խոսույթը նոր երևույթ չէ Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության մեջ, այնուամենայնիվ, դրա տարածումը նկատելիորեն աճեց 2020 թվականի Արցախյան պատերազմից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո։ Ադրբեջանի կառավարության հովանու ներքո ստեղծվել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», որն առանցքային դեր է խաղում այս պատումի քարոզչական արշավում։ Ուշագրավ է, որ նման «համայնքների» ստեղծումը ընդունված երևույթ է Ադրբեջանի պետական քարոզչական գործընթացներում․ նույն տրամաբանությամբ, 2018 թ․-ին իր գործունեությունն ակտիվացրեց «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող միավորը, ու նոր թափով սկսեց քարոզչական իր գործունեությունը։ Այս պատումները ոչ միայն համակարգված են, այլև պետական ռազմավարական ուղղվածություն ունեն, ու առաջ է տարվում ընդհուպ մինչև Իլհամ Ալիևի մակարդակով, որի օրինակներից է 2022 թ․ դեկտեմբերի  այն հայտարարությունը, թե «Արևմտյան Ադրբեջանը իրենց պատմական հողերն են»։  Այս հայտարարությունը փաստում է Հայաստանի Հանրապետության տարածքերի նկատմամբ Ադրբեջանի բացահայատ նկրտումները։

2024 թ․ մարտի 14-ին Ալիևը հայտարարեց, թե «Ադրբեջանն այժմ ավելի մոտ է Հայաստանի հետ խաղաղությանը»։ Պաշտոնական Ադրբեջանի կողմից ենթադրյալ մտերմության ու խաղաղության մասին պնդումը հարցեր է առաջացնում Ադրբեջանի կողմից խաղաղության ընկալման մասին։  Փաստերն ու իրադարձությունները ցույց են տալիս, որ խաղաղության գաղափարը ներառում է լայնածավալ ռազմական հարձակում Արցախի վրա, Արցախի շրջափակում ու բռնի հայաթափում, հայկական մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ագրեսիա ու որոշ տարածքների օկուպացիա ու այժմ էլ ողջ Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ նկրտումներ։

Սրանք ակնհայտ օրինազանցություններ են, որոնք հակասում են խաղաղության հասկացության ավանդական պատկերացումներին։ Չնայած այս աղաղակող օրինազանցություններին, Ադրբեջանը պարադոքսալ կերպով իրեն ներկայացնում է որպես «խաղաղության» ջատագով, որը խորապես մտահոգիչ է։

Ադրբեջանի ծավալապաշտական օրակարգն ու Հայաստանի դեմ ահագնացող սպառնալիքները զսպելու համար միջազգային հանրությունն ու դիվանագիտական շրջանակները չպետք է սահմանափակվեն միայն Ադրբեջանի կողմից միջազգային նորմերի այս կոպիտ խախտումները դատապարտող հայտարարություններով, այլ նաև հստակ քայլեր ձեռնարկեն ու ճնշում գործադրեն Ադրբեջանի նկատմամբ։ Պատմական նախադեպերը, ինչպիսիք են հայերի դեմ 1920 թ․ Շուշիում, այնուհետև 1988-90 ականներին Սումգայիթում, Գանձակում, Բաքվում, Մարաղայում և հետագա տարիներին Արցախի այլ վայրերում զանգվածային բռնությունները, վառ հիշեցում են Արցախի, Հայաստանի ու հայության դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին:

Արցախի հայաթափումը, հայկական մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումն ու Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ նկրտումները պատժամիջոցների կիրառման և իրական միջոցներ ձեռնարկելու հրատապ անհրաժեշտության վառ օրինակներ են։ Քանի դեռ Ադրբեջանը պատասխանատվություն չի կրել իր գործողությունների համար և չի կանխվել Հայաստանի դեմ նոր ագրեսիան ու ոտնձգությունները, միայն թվացյալ է տարածաշրջանում իրական խաղաղության հեռանկարը: Արդարության սկզբունքները պահպանելու և պատմական ողբերգությունների կրկնությունը կանխելու համար հրատապ անհրաժեշտություն է միջազգային հանրության ու դիվանագիտական շրջանակների վճռական ու էական գործողությունները։ Խաղաղությունը չի կարող կառուցվել ագրեսիայի ու հռետորաբանության հիման վրա ու այն զուտ կարգախոս չէ. այն կարող է կառուցվել միայն ագրեսիայից հրաժարվելու, հստակ գործողությունների ու հավաքական վճռականության միջոցով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում