2025
«Сборник материалов для описания местностей и племен Кавказа» պարբերականի 1890 թ․ համարում Ելիզավետպոլի նահանգի Նուխի գավառի Կութկաշեն (Куткашин) գյուղի դպրոցի տեսուչ Ռաշիդ բեկ Էֆենդիևը հեղինակել է գյուղի և գավառի ժողովրդական բժշկության մասին հոդված՝ «Несколько сведений о селении Куткашине, Елисаветпольской губернии, и о народной медицине в Нухинском уезде» վերնագրով։
Հոդվածագիրը նշում է, որ Կութկաշեն գյուղը հիշատակվել է դեռևս վաղ ժամանակներից։ Ըստ պահպանված լեգենդի՝ գյուղի անվան ծագումն ու հիմնադրումը կապված է հայազգի երկու եղբայրների՝ Վարդանի և Կութկի անունների հետ։ Վերջիններս հիմնադրել են երկու գյուղ՝ Վարդաշենը՝ Նուխի գավառում, և Կութկաշենը (այժմ՝ Գաբալա)։ Վերջինի անունը բաղկացած է «Կութկա» հատուկ անունից և հայերեն «շեն» բառից, այսինքն՝ Կութկայի գյուղ։
Հոդվածագիրը նկատում է՝ այստեղից կարելի է եզրակացնել, որ գյուղի առաջին բնակիչները հայեր էին։ Վերջիններս կարճ ժամանակ անց մահմեդականացվել են: Ըստ Ռաշիդ բեկ Էֆենդիևի՝ դրանով է բացատրվում, որ բնակիչների շրջանում հայկական բարքերի և սովորույթների հետքեր դժվարությամբ կարելի էր գտնել։
Եվս մեկ վկայություն երկրամասում հայ բնակչության՝ հնագույն ժամանակներից բնակվելու մասին: Բնակավայրը ներկայումս կոչվում է Գաբալա․ Ադրբեջանի Հանրապետության Գաբալայի շրջանի վարչական կենտրոնն է։ Մոտակայքում են գտնվնում Աղվանքի մայրաքաղաք Կապաղակի ավերակները։