2025

Զինվորների օրգանների վաճառքն ադրբեջանական բանակում 44-օրյա պատերազմից հետո. մաս 2

2024-10-23

Դեռևս 44-օրյա պատերազմից առաջ ադրբեջանական բանակում ծառայողների ծնողներն ու ընդդիմադիր ակտիվիստները բազմիցս բարձրաձայնել են զինվորների ներքին օրգանների վաճառքի մասին։ Կան փաստեր, որ այդ առուծախը շարունակվել է անգամ պատերազմի օրերին և դրանից հետո։

Ընդ որում՝ Ադրբեջանի գործող իշխանությանը սեփական զինվորների օրգանները վաճառելու և դրանից շահույթ ստանալու նպատակից հետ չեն պահել նույնիսկ ռազմական գործողությունները։

Այս խնդիրը մշտապես գտնվել է ընդդիմադիր հայացքներ ունեցող ադրբեջանցիների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես նրանց, ովքեր այսօր ստիպված բնակվում են արտերկրում՝ բռնապետական ռեժիմից փորձելով ապահովագրել իրենց ֆիզիկական անվտանգությունը։ Հենց արտասահմանում բնակվող ադրբեջանցիների կողմից էլ սոցիալական ցանցերում տարածվում են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևում են սպանված ադրբեջանցի զինվորների ծնողներին հանձնված դատարկ դագաղներ:

Ընդդիմադիր ակտիվիստ Սուլեյման Սուլեյմանլին, ով մշտապես պայքար է մղում ալիևյան բռնապետական ռեժիմի դեմ, X-ի իր էջում գրում է, որ շատ դեպքերում ծնողներին հանձնած դագաղները դատարկ են եղել, քանի որ «Ալիևը վաճառել է զինվորների ներքին օրգանները»:

Նա կիսվել է մեկ այլ տեսանյութով ևս, որտեղ Միլլի մեջլիսի առջև բողոքի ակցիա են իրականացնում զոհված զինվորների մայրերը, որոնց որդիները սպանվել են ոչ միայն ռազմական գործողությունների ժամանակ, այլև՝ խաղաղ պայմաններում։ «Այս զինվորներին սպանել են ոչ թե հայերը, այլ՝ մեր բանակում օրգանների բիզնեսով զբաղվողները: Ալիևյան ռեժիմն սպանում է մեր զինվորներին, իսկ հետո ասում, թե դա արել է Հայաստանը»:

Համացանցում տարածված են տարաբնույթ տեսանյութեր, որոնցում, սպանված զինծառայողների մարմինների փոխարեն, դագաղներում տեսանելի են տարաբնույթ իրեր։ Նման դեպք է տեղի ունեցել, օրինակ՝ Ադրբեջանի Աղջաբադիի շրջանում, երբ դագաղի մեջ զինվորի մարմնի փոխարեն եղել է ավազով լցված տոպրակ:

Կարելի է արձանագրել, որ ռազմական գործողությունները ոչ թե զսպում են ալիևյան ռեժիմի այս սարսափելի գործունեությունը, այլ՝ ընդհակառակը. վիրավորված-մահացած զինվորները հանդիսանում են պոտենցիալ դոնորներ և առք ու վաճառքի նոր օբյեկտներ: Այսպես՝ ադրբեջանցի զինվորականներից մեկի մարմինը, ով սպանվել էր առաջնագծում, տեղափոխել էին բռնազավթված Վարանդայի (Ֆիզուլի) հոսպիտալ, որտեղ հեռացրել էին նրա ներքին օրգանները, իսկ մարմինը՝ լցրել բամբակով և կարել: Այդ ամենից հետո զինվորի դագաղը հասցրել էին Ղազախի շրջանի Քեմարլի գյուղ և գիշերը, հարազատներից գաղտնի, թաղել էին: Անգամ վերջինիս մորը թույլ չէին տվել որդուն հրաժեշտ տալ, ավելին՝ արգելել էին բարձրաձայնել դեպքի մասին:

Ադրբեջանցի մեկ այլ ընդդիմադիր ակտիվիստ Մանաֆ Ջալիլզադեն, ով 2018 թվականից պայքար է մղում ալիևյան բռնապետական ռեժիմի դեմ, բարձրաձայնում է բանակում տեղի ունեցող սարսափելի գործողությունների մասին:

Ջալիլզադեն իր էջում հրապարակել էր մի տեսանյութ, որում սպանված զինծառայողի հայրը՝ Արիֆ Իսմայըլովը, տեսաուղերձով ներկայացնում է տեղի ունեցածը։ Նրա խոսքով՝ որդին՝ սպանված Ագիլ Իսմայըլովը, բանակ էր զորակոչվել 2021 թվականին և ծառայում էր Նախիջևանի N 217 զորամասում: Մեկ տարի երկու ամիս ծառայելուց հետո նա սկսել էր ծնողներից գումար խնդրել, որպեսզի իրեն արձակուրդ տրամադրեն: Որոշ ժամանակ անց զորամասից զանգահարել են ընտանքին և հայտնել, որ իրենց որդին ինքնասպան է եղել: Արիֆ Իսմայըլովը համոզված է, որ որդուն դիտավորյալ են սպանել, քանի որ վերջինիս ներքին օրգանները տեղում չեն եղել: Այս ամենից զատ՝ զինծառայողի հայրը պարզել է, որ որդուն սպանել են բութ կացնով կամ մետաղական այլ առարկայով: Տուժածի հայրը ընդգծել է, որ զինդատախազ Խանլար Վալիևը հովանավորում է հանցագործներին, և որ սա ադրբեջանական բանակում առաջին դեպքը չէ:

Զինվորներին սպանելու և վերջիններիս ներքին օրգանների վաճառքով զբաղվելու փաստերն այսքանով չեն ավարտվում: Բոլորովին վերջերս Մանաֆ Ջալիլզադեն կրկին անդրադարձել էր տվյալ թեմային՝ նշելով, որ երկար տարիներ զինվորների օրգանները հանվել և վաճառվել են Իսրայելին: Վերջինս ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ալիևյան ռեժիմի հրեշավոր քաղաքականությանը զոհ են դառնում միայն աղքատ ընտանիքի զավակները:

Ըստ Մանաֆ Ջալիլզադեի՝ բռնազավթված Բերձորի շրջանում (Լաչին) ադրբեջանցի 4 զինվորականների մահը ևս պատահականություն չէր: Թեպետ տեղի ունեցածն ադրբեջանական լրատվամիջոցները լուսաբանեցին որպես թունավորում, այնուամենայնիվ՝ ադրբեջանցի ընդդիմադիրն այդ կարծիքին չէ: Ջալիլզադեն համոզված է, որ այս զինվորականների օրգանները նույնպես վաճառել են: 

Մեր կողմից փաստագրված և փաստարկված նյութերից պարզ է դառնում, որ Ադրբեջանում զինվորների օրգանների վաճառքն արմատացած երևույթ է․ ալիևյան ռեժիմի կողմից այն իրականացվում է արդեն տևական ժամանակ: Ցավալի է ադրբեջանական հասարակության անզոր վիճակը, երբ ստիպված են հանդուրժել այնպիսի երևույթ, ինչպիսին ալիևյան ընտանիքի կողմից նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո սեփական զինվորների նկատմամբ իրականացվող թրաֆիքինգն է։ Ընդգծենք, որ վարվող քաղաքականությունը շարունակվում է ավելի մեծ թափով։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում