2025

Ստեփան Զելինսկիի «Քաղաք Երևան» և «Դարաչիչագ» հոդվածները

18-րդ դա­րի վեր­ջե­րից փոք­րա­սիա­կան, կովկասյան և անդրկովկասյան տարածաշր­ջա­նների նկատ­մամբ, Ռու­սա­կան կայս­րութ­յան հե­տաքրք­րութ­յան աճի հետ մեկ­տեղ, սկսվում է նշված երկրամասերի գի­տա­կան ու­սում­նա­սի­րութ­յու­նը: Ա­յդ ուղղությամբ արդյունավետ աշխատանք են կատարում ռու­սա­կան բա­նա­կի գլխա­վոր շտա­բի զին­վո­րա­կան­նե­րից կազմ­ված հա­տուկ հանձ­նախմ­բերը և առանձին ուսումնասիրողներ: Հրատարակված բազմաթիվ աշխատությունները, ուղեգրություններն ու հուշագրությունները վերաբերում են երկրամասի բնակավայրերի պատմությանը, հնագիտությանն ու ազգագրությանը, լեզվաբանությանն ու ժողովրդագրությանը։ Քիչ չեն նաև բնակչության կենցաղի, կրթության և արհեստների, այլ բնագավառների մասին նյութերը, որոնք գրվել են ժամանակակիցների և ականատեսների կողմից։

 Կովկասյան ու անդրկովկասյան երկրամասերի մասին զգալի նյութ կա նաև Կովկասի ուսումնական շրջանի վարչության հրատարակած «Сборник материалов для описания местностей и племен Кавказа» շարքում։

Պարբերականում տեղ են գտել նաև Երևանի, Ելիզավետպոլի և Բաքվի նահանգներին վերաբերող նյութեր։

Այսպես՝ 1881 թվականի առաջին համարում Երևանի պրոգիմնազիա-ուսումնարանի ուսուցիչ Ստեփան Զելինսկին հեղինակել է երկու հոդված՝ «Քաղաք Երևան» և «Դարաչիչագ»:

Տալով Երևան քաղաքի ստեղծման և անվանակոչության պատմական ակնարկը՝ Ստեփան Զելինսկին նշում է, որ կասկած չի հարուցում այն հանգամանքը, որ մինչև 1441 թվականը Երևանը գտնվել է հայերի իշխանության տակ, հետո այն դարձել է այսպես ասած «խաղալիք»՝ պարսիկների և թուրքերի ձեռքում։ 386 տարիների ընթացքում Երևանը ձեռքից ձեռք է անցել 14 անգամ։

Իրականում Բագրատունիների հայոց պետության անկումից հետո երկրամասը հիմնականում գտնվել է բյուզանդական, սելջուկ-թյուրքական, վրացական (Զաքարյանների իշխանապետություն), թաթար-մոնղոլական տիրապետության տակ:

Հեղինակը քաղաքի հնագույն շինությունների մասին խոսելիս նշում է հայկական եկեղեցիների և գլխավոր մզկիթի մասին, որը կառուցվել էր 1764 թվականին Երևանի Հուսեյն Ալի խանի կողմից։

Հոդվածում Ստեփան Զելինսկին ներկայացնում է 1829 թվականի Երևան քաղաքի բնակչության թվաքանակը՝ 11․463 բնակիչ, որից հայեր՝ 944 ծուխ (4132 մարդ), թաթարներ՝ 1807 ծուխ (7331 մարդ)։

1880 թվականին Երևանի նահանգն ուներ 12․449 բնակիչ, որից ռուսներ՝ 46 ծուխ (155 մարդ), հայեր՝ 1․509 (5․975 մարդ), թաթարներ՝ 1․318 (6․293 մարդ), վրացիներ՝ 7 (26 մարդ)։

Ըստ հոդվածագրի՝ 1880 թվականին Երևան քաղաքում կար 84 ծուխ հայ ազնվական (320 մարդ), թաթար՝ 69 ծուխ (333 մարդ), հոգևոր դասը՝ հայ հոգևորական 76 ծուխ (151 մարդ), թաթար՝ 16 (58 մարդ), վրացի՝ 6 (24 մարդ):

 Ոչ ազնվականներ՝ ռուսներ 46 ծուխ (155 մարդ), հայեր՝ 1349 (5504 մարդ), թաթարներ՝ 1233 (5902 մարդ), վրացիներ՝ 1 (2 մարդ)։ Բոլոր դասերը՝ ռուսներ՝ 46 ծուխ (155 մարդ), հայեր՝ 1509 (5975 մարդ), թաթարներ՝ 1318 (6296 մարդ), վրացիներ՝ 7 (26 մարդ):

Հարկ է նշել, որ ռուսական տիրապետության շրջանում թաթարներ ասելով հաճախ նկատի ունեին բոլոր մուսուլմաններին, հիմնականում՝ թյուրքական ծագում ունեցողներին։

Զելինսկիի հոդվածը ևս մեկ անգամ փաստում է Երևան քաղաքի հայկական լինելու և քաղաքում ադրբեջանցի ժողովրդի բացակայության մասին։ Ադրբեջանցիների բոլոր փորձերը՝ Երևանում հայտնաբերել իրենց ցեղակիցներին, մինչև խորհրդային ժամանակաշրջանը, հերքվում են նաև ռուսական աղբյուրներով։   

Դարաչիչագ / Դարաչիչակ

Ստեփան Զելինսկին, նշելով, որ Դարաչիչագը թաթարերեն նշանակում է «ծաղիկների հովիտ», փաստում է, որ այն «Ծաղկած ձոր» հայկական անվան թարգմանությունն է։ Այսինքն՝ հոդվածագիրը փաստում է, որ այն հայկական է և օտարահունչ անուն ստացել է հետագայում:

Հեղինակը գրում է, որ ներկայումս Դարաչիչագ անվանում են ոչ մեծ հովիտը, ուր տեղակայված է մոլոկանների փոքրիկ Կոնստանտինովկա գյուղը, և որտեղ նախկինում գտնվում էր հայկական գերեզմանոցը, հնագույն Կեչառ կամ Կեչառիս գյուղը։ Լեգենդի համաձայն՝ գյուղը կրում էր ոչ թե Կեչառիս, այլ Էչառիս՝ «Էջ առ իս» անունը, որը նշանակում է «իջի՛ր» կամ «իջի՛ր ինձ մոտ»:

Կեչառիսի վանական համալիրում իր ճարտապետական հորինվածքով առանձնանում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1033 թվականին։ Հեղինակը հոդվածում հիշատակում է նաև պատմաբան, հնագետ և հմուտ մատենագետ, Մայր Աթոռի տպարանի ու մատենադարանի վարիչ Հովհաննես Շահխաթունիի (1799-1849 թթ․) աշխատությունից վերցված եկեղեցու արձանագրությունները, որոնք նրա կողմից տեղում ստուգվել են։

Հայկական ճարտարապետության նմուշ են հին վանքի ավերակների մնացորդները՝ հայերեն բազմաթիվ արձանագրություններով։ Ստեփան Զելինսկին գրում է՝ հարկ է ընդգծել, որ Հայաստանում միջին դարերում ճարտարապետությունը հասել էր նշանակալի կատարելության:

Հեղինակը տեղեկություն է հաղորդում նաև Զանգու գետի մասին՝ ընդգծելով, որ այն Հրազդան գետն է։

Այսպիսով՝ Զելինսկիի այս հոդվածը կրկին փաստում է տարածաշրջանում հայերի՝ բնիկ ժողովուրդ լինելու մասին, ինչպես նաև ներկայացվում է ոչ միայն Ծաղկաձորի, այլև՝ հայկական քրիստոնեական ճարտարապետության կարևոր հուշահամալիրներից՝ Կեչառիսի վանական համալիրի համառոտ պատմությունը։ 
Դարաչիչագը ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքն է։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում