2025
Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի նկրտումները վերջին տարիներին ավելի տեսանելի են դարձել։ Ադրբեջանում պետական հովանավորչությամբ շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզին զուգահեռ՝ երևան են եկել այլ «տեսություններ»՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ անթաքույց և ագրեսիվ քարոզչությամբ։
2020 թվականի մայիսի 9-ին BAO (Bütöv Azərbaycan Ocaqlarının) տեսակոնֆերանսի ժամանակ հայտարավեց «Իրևանի թուրքական հանրապետության վտարանդի կառավարության» ստեղծման մասին։ Հայաստանի տարածքում երևակայական հանրապետության ստեղծման անհրաժեշտությունն ավելի ուշ պարզաբանվեց այսպես՝ «Երեկվա Իրևանի թուրքական խանությունն այսօրվա Իրևանի թուրքական հանրապետությունն է» (հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Երևանի պարսկական խանությանը, որը որևէ առնչություն չունի այսօրվա ադրբեջանցիների հետ)։
Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ «կառավարությունը» և ի՞նչ խնդիր է այն լուծելու։
Ըստ այդ հայտարարության՝ «կառավարությունն» ունի երկու գրասենյակ՝ մեկը Բաքվում, իսկ գլխավորը՝ Անկարայում։ «Կառավարությունն» ստեղծվել է 40 անդամներից բաղկացած նախաձեռնող խմբի կողմից, որը կոչվում է Ազգային խորհուրդ։ 2020 թվականի սեպտեմբերի 19-ին մեկնարկել է «Իրևանի թուրքական հանրապետության Ազգային խորհրդի» առաջին նիստը։ Նախաձեռնող խմբի անդամներից են Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի ազգական Ագիլ Սամեդբեյլին, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի պրոֆեսոր Յասեմին Կարակոյունլուն և այլք։
Ըստ նրանց ներկայացրած ծրագրի՝ Ազգային խորհուրդը հետագայում փոխարինվելու է խորհրդարանի, որը բաղկացած է լինելու 14 պատգամավորից։ Օրենսդրական, սոցիալական, մշակութային և այլ ոլորտների ղեկավարման համար ստեղծվելու են առանձին կառույցներ, որոնք հետագայում վերածվելու են նախարարությունների։
«Մեր նպատակն Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության՝ Իրևանի պատմական բոլոր հողերի վերադարձն է, որոնք ներկայիս Հայաստանի սահմաններում են»,- ասել է նախաձեռնող խմբի նախագահ Գաֆար Չախմախլին։ Վերջինս Թուրքիայի Կայսերիի Էրջիյես համալսարանի պրոֆեսոր է, հայագետ։ Հեղինակ է 2013 թվականին լույս տեսած «Հայերեն դասեր․ ինքնուսույց հայերեն սովորողների համար» դասագրքի, ինչպես նաև՝ բազմաթիվ հակահայկական հոդվածների։
Հետաքրքիր է, որ Չախմախլին ծնվել է 1956 թվականին Խորհրդային Հայաստանի Ամասիայի շրջանի Չախմախ, այժմ՝ Կամխուտ գյուղում։ Հավանաբար Գաֆարը, որպես ազգանուն, վերցրել է հենց գյուղի անունը, քանի որ նրա իսկական ազգանունը Մեհդիև է։ 1975 թվականին նա տեղափոխվել է Բաքու, սովորել Բաքվի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, թղթակցել Բաքվի «Կոմունիստ» հայալեզու թերթին։ 2010 թվականից մինչ օրս Թուրքիայի Էրջիյես համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչն է։
Վերադառնալով «Իրևանի թուրքական հանրապետության վտարանդի կառավարությանը»՝ նշենք, որ նախաձեռնող խմբի անդամներն այնքան հեռու են գնացել, որ անգամ քննարկում են, թե կառավարման ինչպիսի մոդել է ունենալու հնարովի այս հանրապետությունը՝ խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական։ Նշենք, որ այս «հանրապետությունն» ունի պետությանը բնորոշ խորհրդանիշներ՝ դրոշ, զինանշան, օրհներգ և այլն։ Դրոշի օր է սահմանվել հուլիսի 4-ը, իսկ վերջերս էլ ներկայացվեց «հանրապետության» օրհներգը, որի առնչությամբ դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ «Գեղարդ» հիմնադրամը։
Ըստ Գաֆար Չախմախլիի հայտարարության՝ ներկայումս այսպես կոչված «Իրևանի թուրքական հանրապետության» ներկայացուցչություններ կան աշխարհի 14 երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Հոլանդիայում, Բելգիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում և այլուր։ Հորինված այս հանրապետությունն ունի նաև կուսակցություն, որը կոչվում է «Թուրան» (ստեղծվել է 2020 թվականի օգոստոսին)։ Կուսակցության նախագահն է ադրբեջանցի հայտնի բանաստեղծ Գիլման Իմանը։
Գաֆար Չախմախլիի խոսքով՝ ադրբեջանական և թուրքական հանրության օրակարգում երկար տարիներ եղել է «Իրևանի թուրքական հանրապետության» ստեղծման գաղափարը, որի իրականցումը ողջունվել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից։
Ըստ Չախմախլիի՝ այս տարածքներում (խմբ․՝ խոսքը Հայաստանի Հանրապետության տարածքի մասին է) հայերը երբեք պետություն չեն ունեցել։ «Բայց մենք պատմականորեն Արևմտյան Ադրբեջանում ունեցել ենք պետություն՝ Իրևանի խանությունը, որն այսօրվա Հայաստանն է»,- նշել է Գաֆար Չախմախլին: Այսինքն՝ պարսկական Երևանի խանությունը վերջիններս ներկայացնում են որպես 1918 թվականին ստեղծված ադրբեջանական պետականության ժառանգության մի մասը։
Այսպիսով՝ ադրբեջանաթուրքական նմանատիպ ծրագրերը, հիմնվելով իրենց կողմից առաջ քաշված պատմագիտական կեզծ թեզերի վրա, ունեն մեկ հիմնական նպատակ՝ հայերին ներկայացնել իբրև պետականազուրկ ժողովուրդ և Հայաստանի Հանրապետության նկատմամբ շարունակաբար ունենալ տարածքային հավակնություններ։
Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի