2025

Սուրբ Պողոսի տաճարն ու Կանաչ ժամը Աստծո տունն են հավասարապես․ մի նվիրատվության հետքերով

2024 թվականի սեպտեմբերի 12-ին Վատիկան քաղաք-պետության գործադիր ղեկավար Ֆերնանդո Վերգես Ալսագան և Ադրբեջանի նախագահի օգնական, «Հեյդար Ալիև» հիմնադրամի նախագահ Անար Ալաքբարովը համաձայնագիր են ստորագրել Սուրբ Պողոսի տաճարի վերականգնողական աշխատանքները ֆինանսավորելու վերաբերյալ։

Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Սուրբ Աթոռի հարաբերությունները, ինչպես նաև՝ «Հեյդար Ալիև» հիմնադրամի հետ նախատեսվող համատեղ նախագծերը։ Տեղեկացնենք, որ հիմնադրամը նախկինում ևս մի շարք նախագծեր է իրականացրել Վատիկանում։ Ըստ ադրբեջանական կողմի՝ այդ նախագծերն առանձնահատուկ նշանակություն ունեն Ադրբեջանի և Վատիկանի հարաբերություններում, ինչպես նաև «կարևոր ներդրում են ունենում միջկրոնական և միջմշակութային կապերի զարգացման գործում»։  

Հարկ է նշել, որ այս տարվա հուլիսի վերջին Վատիկանի «L'Osservatore Romano» պաշտոնաթերթը մի հոդված էր հրապարակել՝ «A Khudavang, Ganjasar e Khatiravang Monasteri tra le nuvole» վերնագրով («Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ամպերի մեջ»), որտեղ հայկական այս հուշարձանները ներկայացվել են իբրև աղվանական ժառանգություն։

Դժվար է մտածել, որ Վատիկանում ադրբեջանական ֆինանսավորմամբ իրականացվող նախագծերում մտնում են նաև Արցախի հայկական ժառանգության բռնայուրացման քարոզչությանը նպաստելն ու Բաքվին ինդուլգենցիա[1] տալը։ Վստահ ենք, որ Վատիկանում ևս ծանոթ են Արցախում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու կամ աղվանականացնելու ադրբեջանական քաղաքականությանը, ինչը հաստատված է բազմաթիվ ու անհերքելի փաստերով։

Վատիկանն աշխարհի կաթոլիկ քրիստոնյաների գլխավոր հոգևոր կենտրոնն է, իսկ Հռոմի պապը՝ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը՝ օժտված քաղաքական, ինչպես նաև բարոյական մեծ հեղինակությամբ ու ազդեցությամբ։ Ուստի՝ Վատիկանը չի կարող անտարբեր գտնվել հայկական, քրիստոնեական քաղաքակրթության հարուստ ժառանգության նկատմամբ, որը լրջագույն վտանգի տակ է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի վարած քաղաքականության հետևանքով։

Հուսով ենք, որ Ադրբեջանից նվիրատվություն ընդունելուց առաջ Վատիկանը, հավատարիմ քրիստոնեական արժեքներին, բարձր առաքելությանը, կօգտագործի իր հեղինակությունն ու կպահանջի Ադրբեջանից բռնազավթված Արցախում չվերացնել ու չյուրացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Կարծում ենք, որ Վատիկանն իր ներդրումը կունենա նաև Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու հարցում։    

[1]  Միջնադարում կաթոլիկ եկեղեցու կողմից փողով վաճառվող «մեղքերի թողության» թղթեր։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում