2025
«Մեծ Հայք»-ի քարտեզն ադրբեջանական «Մշակույթ» հեռուստաընկերության եթերում։
Օրերս ադրբեջանական իշխանամետ «Oxu.az» լրատվականի կայքէջում հրապարակվել է մի նյութ, որում ներկայացվել է «Մեծ Հայք»-ի քարտեզը[1]։ Հեղինակն անդրադարձել է 2018 թ․հեռարձակված «Մեծ Հայք»-ի քարտեզին և հաղորդման ռեժիսորին։ Սակայն, ժամեր անց նյութն արդեն անհասանելի էր ընթերցողներին․ այն ջնջված էր։
Դեռևս 2018 թվականին «ադրբեջանական պատմագիտական» բնույթի հաղորդումներից մեկն՝ «Անցյալից ապագա»-ն, եթեր էր հեռարձակել Մեծ Հայքի քարտեզն, ինչն արդեն իսկ հակասում է ադրբեջանցի ժողովրդի պատմության հնեցման ու կեղծարարության ադրբեջանական քարոզչությանն ու քաղաքականությանը, հայերին եկվոր ներկայացնելու իրենց միֆերին:
Այս բացթողումը մեծ արձագանք է առաջացրել Ադրբեջանում, և իշխանություններն ու ադրբեջանական «Մշակույթ» հեռուստաընկերությունը նախընտրել են իրականության սպրդումը հերքել եթերով, հարթել «ադրբեջանական» եղանակով՝ մեղքը բարդելով հաղորդման ռեժիսորի վրա և պատժել նրան:
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Գյուլլու Յոլօղլուն բացատրել էր, թե ինչու է քարտեզը հայտնվել հեռարձակվող նյութում: Վերջինս նշել էր, որ հաղորդման մեջ ««կեղծ» Մեծ Հայք» քարտեզի հեռարձակումը ռեժիսորի՝ Դավուդ Միքայըլլընի սխալն է եղել, ում և հեռացրել են ծրագրից, պատժել։
«Դավուդ Միքայըլլըն այլ հաղորդման ռեժիսոր էր: Քանի որ ծրագրի ռեժիսորն արձակուրդում էր գտնվում, նրան փոխարինեց Դավուդ Միքայըլլըն: Մենք Դավուդին բանախոսների հետ բավականաչափ նյութ տվեցինք: Նաթիգ Ալըշովը (հարցազրույցին հրավիրված անձանցից մեկը, ով զբաղվում է Կովկասյան Ալբանիայի շրջանով (խմբ․՝ նկատի ունի Աղվանքը)) նրան տրամադրել էր 100-ից ավելի լուսանկարներ և տեսանյութեր: Իմ եթերում կամ բանախոսների կարծիքներում ոչ մի սխալ չի եղել: Չգիտես ինչու, հաղորդման ռեժիսոր հանդիսացող Դավուդը, համացանցից գտնելով «Մեծ Հայք» գրությամբ լուսանկար-քարտեզը, հեռարձակել է դա: Հետո խնդրեցինք բացատրել, թե ինչու է նման բան արել, իսկ ռեժիսորը «գառան նման» նայեց մեր դեմքին և ոչինչ չասաց: Այնուհետև նա պարզաբանել էր, որ համացանցում գրել է «Ալբանիա», գտել է տվյալ լուսանկարը, բայց ուշադրություն չի դարձրել «Մեծ Հայք» բառին: Անկախ ամեն ինչից՝ ղեկավարությունը որոշեց պատժել նրան: Նա արդեն ամբողջությամբ հեռացվել է հաղորդումից»,- իր խոսքում նշել է Գուլլու Յոլօղլուն:
Սակայն, «Մեծ Հայք»-ի քարտեզի հետ կապված այս դեպքն այսքանով չի ավարտվում: Այն բանից հետո, երբ Գյուլլու Յոլօղլուն որոշեց լղոզել փաստերը և մեղքը բարդել ռեժիսորի վրա, ադրբեջանական քարոզչամեքենան արագ հասկացավ, որ քարտեզի մասին տեսանյութի շինծու հերքումը բումերանգի էֆեկտով հակառակ արդյունքը կարող է տալ և հարցեր առաջացնել՝ պատմական ճշտմարտության ուսումնասիրման գործում:
Ներկայումս ադրբեջանական քարոզչական կայքէջերից ջնջված են «Մեծ Հայք»-ի քարտեզին վերաբերող նյութերը։
Ադրբեջանական «Oxu.az»-ով հրապարակված և հետագայում ջնջված նյութը։
Կամ՝
«Մեծ Հայք»-ի քարտեզին անդրադարձած հրապարակումից, որը կրկին ջնջված է։
Իրականում ինչ է ներկայացված քարտեզում։ 387 թ․ Մեծ Հայքի թագավորությունը բաժանվեց Հռոմի և Սասանյան Իրանի միջև։ 428 թվականից հետո, երբ Հայաստանում վերացվեց Հայ Արշակունիների թագավորությունը, Մեծ Հայքի որոշ երկրամասեր միացվեցին հարևան պարսկական մարզպանություններին։ Այդպես, օրինակ՝ հայկական Արցախը և Ուտիքը հայտնվեցին Աղվանքի մարզպանության կազմում։ Այդ ամենն էլ արտացոլված է վերոնշյալ քարտեզում։
Փաստորեն՝ հերթական անգամ ադրբեջանցիներին հնարավոր չեղավ խուսափել պատմական ճշմարտության և իրականության հետ առերեսվելուց: Իրարանցման և խուճապի մեջ հայտնվելով, փորձելով կերտել նոր միֆեր, ջնջելով հրապարակված նյութերն՝ ադրբեջանական քարոզչամեքենան հայտնվեց իր իսկ պատրաստած ծուղակում։
[1] Նյութը հրապարակվել է 17․08․2024թ․, ժամը՝ 18:40, սակայն ժամեր անց՝ 22:40-ին, այն ջնջված էր։