2025
Ադրբեջանում մեդիան գտնվում է իշխանությունների խիստ վերահսկողության ներքո․ սահմանափակված է ազատ խոսքի իրավունքը։ Այն լրատվամիջոցները, որոնք իշխանությունների հասցեին քննադատական գործունեություն ծավալելու փորձ են կատարում, ենթարկվում են ճնշումների՝ ընդհուպ մինչև արգելափակումներ։ Նույն կերպ հետապնդումների են արժանանում ընդդիմադիր, անկախ լրագրողները, որոնք ձերբակալվում են շինծու մեղադրանքներով, ենթարկվում անձնական տվյալների հրապարակման սպառնալիքի։ Այսինքն՝ «մամուլի ազատություն»-ն Ադրբեջանում շարունակում է լինել վերացական հասկացություն։ Լրագրողներից զատ՝ սահմանափակված է նաև շարքային քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը։
Լրատվամիջոցների անազատության խնդիրը հստակ արտացոլվում է հեղինակավոր միջազգային կառույցների տարեկան զեկույցներում։ Այդպիսի կառույցներից են աշխարհում մամուլի ազատության հարցերով զբաղվող «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters without borders-RSF) կազմակերպությունը, «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը» (OCCRP)։
Այս կերպ, ըստ RSF-ի 2024թ․ զեկույցի, Ադրբեջանն աշխարհի 180 երկրների շարքում մամուլի ազատության ինդեքսով զբաղեցնում է 164-րդ հորիզոնականը։ Կազմակերպությունն ընդգծում է, որ Ադրբեջանում բոլոր լրատվամիջոցներն, այդ թվում՝ հեռուստաալիքները, ռադիոն, գործում են պետական վերահսկողությամբ և չկա որևէ անկախ ալիք կամ ռադիո։ Փակված են քննադատական հայացք ունեցող բոլոր թերթերը։ Ամենահայտնի ընդդիմադիր լրատվամիջոցները՝ «Azadliq»-ը և «Meydan TV»-ն, Ադրբեջանի տարածքում արգելափակված են և գործում են արտասահմանից։
Ըստ RSF-ի՝ իշխանության հասցեին քննադատական հրապարակումների փորձ կատարող լրատվամիջոցներն ու նրանց լրագրողները ենթարկվում են ճնշումների և խտրականության։ Ընդդիմադիր լրագրողների հասանելիությունն ինֆորմացիային սահմանափակ է, քանի որ պետական հաստատությունները չեն արձագանքում նրանց հարցումներին, իսկ լռեցնելու համար իշխանությունները սպառնում են անձնական ինֆորմացիայի հրապարակմամբ՝ իրենց ենթակա լրատվամիջոցների միջոցով։ Ի հակադրություն ընդդիմադիրների՝ մերձիշխանական լրատվամիջոցները ստանում են դրամական պարգևներ և նյութական այլ աջակցություն՝ կաշառք։ Անկախ լրատվամիջոցների գոյությանը խոչընդոտում է նաև կառավարության կողմից գովազդի ոլորտի վերահսկումը, իսկ օտարերկրյա դոնորների հետ համագործակցությունն արգելված է։
Կազմակերպությունը նշում է, որ վերջին 20 տարիների ընթացքում Ադրբեջանում ավելի են խստացրել լրատվամիջոցների մասին օրենքները։ 2022 թվականի փետրվարին իշխանությունները գրաքննությունն օրինականացնելու օրենք են կիրառության դրել։ Բացի այդ՝ պատիժների է ենթարկվում նաև «Facebook», «Youtube» կամ սոցցանցային այլ հարթակներում կառավարությանը քննադատող ցանկացած օգտատեր։
Ադրբեջանական իշխանություններին ընդդիմացող և նրանց սպառնալիքներն անտեսող լրագրողները բանտարկվում են շինծու մեղադրանքներով, բռնության ենթարկվում նաև ուժային կառույցների կողմից։ Վերջիններս իրենց գործողությունների համար քրեական որևէ պատասխանատվություն չեն կրում։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն արձանագրում է, որ Ադրբեջանում ոչ միայն երաշխավորված չէ լրագրողների անվտանգությունն, այլև հալածանքների են ենթարկվում նրանց հարազատները։ Ավելին՝ լրագրողները հետապնդումների են արժանանում նաև Ադրբեջանից դուրս։
Մեկ այլ հեղինակավոր կառույց՝ «Freedom House»-ը ևս Ադրբեջանը դասակարգում է որպես «ոչ ազատ» երկիր։ «Մամուլի ազատության սահմանադրական երաշխիքները պարբերաբար և համակարգված ձևով խախտվում են, քանի որ կառավարությունն աշխատում է վերահսկել տեղեկատվական ոլորտը»,-գրում է կազմակերպությունը 2024 թվականի իր զեկույցում։ Հավելում նաև, որ կատարած իրավական փոփոխությունները կառավարությանը թույլ են տալիս արգելափակել կայքերն՝ առանց դատարանի որոշման։ Բացի այդ՝ իրավապահ մարմինները վերահսկում են լրագրողների, ընդդիմադիր ակտիվիստների, քաղաքական գործիչների հեռախոսային խոսակցություններն, առցանց հաղորդակցությունները։ Գաղտնալսումներն իրականացվում են՝ լրտեսական ծրագրերով վարակելով հեռախոսներն ու համակարգիչները։ Այդպիսի ծրագրերից է իսրայելական «Pegasus»-ը։
«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ»-ը (OCCRP) 2021 թվականին բացահայտել էր, որ ավելի քան ադրբեջանցի 40 լրագրող և ակտիվիստ ու նրանց ընտանիքի անդամներ (1000-ից ադրբեջանական հեռախոսահամար) թիրախավորվել են «Pegasus» ծրագրով։ Իսրայելական այս ծրագիրը հասանելիություն է ապահովում հեռախոսազանգերին, հեռախոսում առկա ողջ ինֆորմացիային, այդ թվում՝ լուսանկարներին, տեսանյութերին։ Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև, առանց օգտատիրոջ իմացության, լուսանկարահանումներ և տեսանկարահանումներ իրականացնել։ Այս կերպ Ադրբեջանի իշխանություններին հաջողվել է ձեռք բերել լրագրողների անձնական տվյալներ, նրանց շատաժի ենթարկել՝ որոշ դեպքերում հրապարկելով անձնական և ինտիմ բնույթի տեսանյութեր ու լուսանկարներ։
Չնայած առկա միջազգային քննադատությանը՝ Ադրբեջանի իշխանությունների այս գործելաոճը տարիների ընթացքում ոչ միայն չի մեղմացել, այլ, ընդհակառակը, կատարելագործվել է՝ ամեն անգամ ընդգրկելով խոսքի ազատության սահմանափակման նոր դրսևորումներ։
Լրագրողների հալածքների առանձին դեպքերին ավելի մանրամասն կանդրադառնանք հաջորդ հոդվածներում։