2025

1905 թ. հայ-թաթարական ընդհարումները Նախիջևանում

1905 թ. փետրվարի 6-ին Բաքվում սկսված հայ-թաթարական ազգամիջյան կռիվները տարածվեցին նաև Նախիջևանում, որտեղ ակտիվ գործունեություն էին ծավալում թուրք և թաթար առաջնորդները։ Նրանց կողմից Նախիջևանի հայ բնակչությունը դիտվում էր իբրև բնական խոչընդոտ՝ պանիսլամական և պանթյուրքական ծրագրերի իրագործման ճանապարհին, ուստի անհրաժեշտ էր հայերի ոչնչացումը։ Կոտորածների կազմակերպմանը նպաստել էր նաև Նախիջևանում ցարական իշխանության կողմից նահանգապետ նշանակված Ալիխանով-Ավարսկին[1]: Վերջինս, Մակուի խաների և բեկերի հետ համագործակցությամբ, իրականացրել էր հայերի եռօրյա կոտորածները՝ 1905 թ. մայիսի 12-15-ը: Ջարդարարներն այդ օրերին հրկիզել էին բազմաթիվ տներ, կողոպտել և սպանել մեծ թվով հայերի: Զոհվել էր շուրջ 400 հայ, բազմաթիվ էին նաև վիրավորները[2]: Պաշտոնական տվյալներով՝ կոտորածների ընթացքում միայն Նախիջևանի շրջանում հարձակման էին ենթարկվել 47 հայկական գյուղեր, որոնցից միայն 5-ը չէին տուժել։ 18 գյուղեր «կորցրել էին անասունների մի մասը», 10-ը՝ խարխուլ, 19-ը՝ հիմնովին ավերվել, այրվել ու հայաթափվել էին... Թալանվել էին հայերին պատկանող 2240 տներ ու խանութներ, որոնցից 138-ը՝ հրկիզվել, 20 եկեղեցի ավերվել ու պղծվել էր։ Միայն Նախիջևանում հայերին պատճառված նյութական վնասը գնահատվել էր 1 285 366 ռուբլի[3]։

Իրավիճակն Անդրկովկասում սկսել էր հանդարտվել միայն 1906 թվականի առաջին կեսից։ Թաթար ջարդարարների դեմ վճռական միջոցներ էին ձեռնարկել հիմնականում դաշնակցական մարտիկները: Կուսակցության կողմից տարածաշրջան ուղարկված Սարգիսը, Սեբաստացի Մուրադը, Խեչոն և մյուսները կազմակերպել էին ինքնապաշտպանական գործողություններ, որոնց շնորհիվ էլ կասեցվել էին հետագա ջարդերն ու որոշ ժամանակով սառեցվել պանթյուրքիստական գործակալների և թաթար զանգվածների ոգևորությունը։

Ավելացնենք նաև, որ ջարդերից հետո՝ 1908 թ. հունվարի 15-16-ը, Նախիջևանում տեղի էր ունեցել դատավարություն, որի ընթացքում դատապարտվել էր ընդամենը 24 մարդ, որոնց էլ հետագայում արդարացրին: Տեղի ունեցածն անպատժելիության նախադեպ ստեղծեց երկրամասում, որից ոգևորված, թուրք-թաթարական ջարդարարները հետագայում կազմակերպեցին հայերի՝ ավելի մեծ մասշտաբի հասնող կոտորածներ:

Նկարը` Գորդոն Բրաունի Հայ մեծահարուստի` կրակի մատնված տուն Նախիջևանում

[1] Մ. Վարանդեանն իր «Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն» գրքում նրան ներկայացնում է որպես թաթարածին, սակայն ռուսական աղբյուրներում նա նշվում է որպես  ծագումով ավար գեներալ-լեյտենանտ:

[2] Մանրամասն տե՛ս Միքայէլ Վարանդեան, «Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն», Երևան, 1992, էջ 313-320:

[3] В. Иванов, Деарменизация Нахиджевана в XX веке,  газета "Ноев Ковчег" № 22 (228), Декабрь (1-15) 2013 года.

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում