2025

Սոցիալական խնդիրներն Ադրբեջանում. գործազրկություն

2024-08-01

Գործազրկությունն Ադրբեջանում տարածված սոցիալական լրջագույն խնդիրներից է:

Բաքվի քարոզչամեքենայի կողմից «տնտեսապես կայուն» բնութագրվող երկրում տարեցտարի աճում է գործազրկության մակարդակը, ինչն իր հերթին հանգեցնում է ներքին դժգոհության մեծ ալիքի։ Իշխող ղեկավարությանը դեռևս հաջողվում է լեռեցնել և զսպել երկրում ծայր առնող դժգոհությունը։

2023 թվականի հուլիս ամսվա դրությամբ Ադրբեջանում տնտեսապես ակտիվ բնակչության թիվը կազմել է 5 միլիոն 224 հազար 3 հարյուր մարդ, որից 4 միլիոն 93 հազար 5 հարյուրն ունեցել է զբաղվածություն, իսկ 298 հազար 8 հարյուրը կազմել է գործազուրկ բնակչությունը[1]:

Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, տնտեսապես ակտիվ բնակչության թիվը կազմել է 5 մլն 253 հազար 3 հարյուր մարդ, որից զբաղված է եղել 4 մլն 966 հազար 4 հարյուրը[2]:

Տնտեսական աճի առնչությամբ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն իր ելույթներից մեկում նշել է․ «Ստեղծվել են սոցիալական նոր ենթակառուցվածքներ, շրջաններում կառուցվել են ավելի քան 3000 դպրոց, 600 հիվանդանոց, մոտ 50 մարզահամալիր[3]»:

Տնտեսագետ Նեմաթ Ալիևը, Meydan TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է երկրի ղեկավարի ելույթին՝ նշելով, որ Ալիևի կողմից նոր աշխատատեղերի վերաբերյալ ներկայացվող թվերն ունեն և' պոպուլիստական, և' քաղաքական նպատակներ: «Ես չեմ հերքում, որ նոր աշխատատեղեր են բացվել: Բայց սա շահարկելն ու գործազրկության մակարդակի նվազման գաղափար ստեղծելն աններելի է: Պետական վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ գործազրկության մակարդակը երկրում չի նվազել անգամ 2004 թվականից հետո հայտարարված ավելի քան մեկ միլիոն նոր աշխատատեղի բացման հաշվին: Նույնիսկ գործազրկության մակարդակի ցուցանիշը, մինչ 2004 թվականը եղած ցուցանիշի համեմատ, ավելի է աճել: Ուստի` հանրությանը ներկայացվող նոր աշխատատեղերի բացման վերաբերյալ տեղեկությունները ոչ այլ ինչ են, քան շփոթության ստեղծում»,-ասել է տնտեսագետը[4]։

Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներով` ավելի քան 500 հազար բնակչություն ունեցող Նախիջևանի Ինքանավար Հանրապետությունում 2021 թվականին գործազուրկների թիվը կազմել է ընդամենը 300 հոգի, ինչն ուղղակիորեն կեղծված և ծիծաղելի ցուցանիշ է։

Ըստ տնտեսագետ Թողրուլ Մաշալլըի՝ գործազուրկների թիվը ոչ միայն Նախիջևանում, այլև Ադրբեջանի այլ շրջաններում շատ ավելին է, քան պաշտոնական թիվը: «Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Նախիջևանում աշխատավարձ ստացողների թիվը կազում է 109 հազար մարդ: Հարց է առաջանում` ինչ են անում մյուսները: Մնացյալը հավանաբար համարվում են ուսանող կամ հողատեր: Նրանք ոչ թե գործազուրկ, այլ տնտեսապես ակտիվ անձինք են[5]»:

Տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին Meydan TV-ին հայտնում է, որ Ադրբեջանում գործազրկության պաշտոնական մակարդակը միայն ձևական է և վիճակագրական ցուցանիշների համար է․ այն չի արտացոլում իրականությունը․․․։[6]:

«Ժողովրդավարություն և բարգավաճում» շարժման ղեկավար, տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն նշում է, որ երկրում տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմում է 5 միլիոն 14 հազար 500 մարդ: Նրանցից 2 միլիոնը ստիպված մեկնում է արտերկիր՝ ապրուստի գումար վաստակելու համար: Հարց է առաջանում` եթե Ադրբեջանում կան հնարավորություններ այդ մարդկանց աշխատանքով ապահովելու, այդ դեպքում ինչու պետք է աշխատանք փնտրեն Ռուսաստանում, Թուրքիայում, Ուկրաինայում, Ղազախստանում[7]:

Ադրբեջանում նվազագույն և ամսական միջին աշխատավարձի բարձրացման վերաբերյալ տնտեսագետ Նեմաթ Ալիևը նշում է, որ այսօր Ադրբեջանի տնտեսությունը ցնցումներ է ապրում, որն իր ազդեցությունն է ունենում մարդկանց կյանքի վրա: Երկու տարվա ընթացքում ամսական միջին աշխատավարձը մոտ երկու անգամ անկում է ապրել՝ 566 դոլարից իջնելով մինչև 310 դոլար: «Բանկային համակարգն ամբողջությամբ խարխլվել է․ սրա մասին արդեն պատգամավորներն էլ են վկայում: Գործազրկության մակարդակն էլ արագորեն աճում է, ոչ թե նվազում[8]»:

Տնտեսագետ Սամիր Ալիևը հայտնում է, որ իր պատկերացմամբ՝ իրականում գործազրկության ցուցանիշը 5%-ը գերազանցում է 3-4 անգամ [9]:

Աշխատանք գտնելու նպատակով ադրբեջանցիները մեկնում են տարբեր երկրներ՝ Ռուսաստան, Գերմանիա, Կորեա, Լեհաստան և այլն։ Ըստ վիճակագրական տվյալների՝ 2017 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ Migration Policy Institute-ի տվյալներով 1 մլն 147 հազար ադրբեջանցի մեկնել է արտերկիր, որից 767 հազարը բնակություն է հաստատել Ռուսաստանում, 82 հազարը՝ Ուկրաինայում, 48 հազարը՝ Ղազախստանում, 20 հազարը՝ ԱՄՆ-ում, նույնքան էլ՝ Ուզբեկստանում, 19 հազարը՝ Գերմանիայում, 17 հազարը՝ Թուրքիայում[10]:

2021 թվականի դրությամբ՝ Ռուսաստանում փաստացի 500 հազար ադրբեջանցի է բնակվում։ Այս մասին վկայում է Միգրացիոն պետական ծառայությանը կից Հանրային խորհրդի միգրացիոն նախաձեռնությունների եվրասիական պլատֆորմի ղեկավար Ազեր Ալլահվերանովը[11]:

2021 թվականի դրությամբ՝ 20-30 հազար ադրբեջանցի է արտագաղթել Գերմանիա[12]:

Եվրոպական վիճակագրական վարչության տվյալներով՝ 2018 թվականին Եվրոպայում բնակություն է հաստատել շուրջ 30 հազար ադրբեջանցի։ Այստեղ ներառված չեն Ֆրանսիայում և Իսպանիայում բնակություն հաստատած ադրբեջանցիների տվյալները[13]:

Ադրբեջանում օրեցօր աճող սոցիալական խնդիրների թեմային վերջերս անդրադարձել է նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալի Քարիմլին։ «Հենց նավթի-գազի դարաշրջանը ավարտին հասնի, Ադրբեջանը կդառնա աշխարհի աղքատ երկրներից մեկը: Մենք երեխաների նպաստի խնդիր ունենք, բայց գնալով խնդիր կդառնա նաև կենսաթոշակների տրամադրման հարցը: Պլաններ ենք կազմում, որ աշխատավարձեր կբարձրացվեն, ուսումը անվճար կլինի, սակայն սրանք նույնիսկ պատրաստվում են հաշմանդամություն ունեցող անձանց թոշակները սառեցնեն: Եվ այդպես կլինի, քանի որ երկրի եկամուտները նվազում են, իսկ ծախսերը` ավելանում: Ղեկավարությունն այլևս չի սահմանափակվում՝ պայքարելով միայն քաղաքական ակտիվիստների դեմ: Այս ղեկավարության շնորհիվ աղքատությունը բոլորին է սպառնում[14]»:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը հավելում է, որ երկրում ավելի քան 3 միլիոն գործազուրկ կա․ «ամենուր աշխատանք են փնտրում (Ադրբեջանում հացի գումար չեն կարողանում վաստակել), իսկ Իլհամ Ալիևը պատվիրել է, որ արտերկրից աշխատուժ բերվի Ադրբեջան»:

Ըստ Ալի Քարիմլիի՝ Ադրբեջանում կրթական համակարգը նույնպես ոչնչացված է: Անկախության տարիներին տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ են մեկնել արտերկիր՝ ուսում ստանալու նպատակով։ Վերջիններս այսօր աշխատում են աշխարհի տարբեր հատվածներում և երկիր չեն վերադառնում․ Ադրբեջանում ազատություն, մարդու իրավունքներ չկան: Ավելի քան 8600 ադրբեջանցի ուսանող ուսումը կիսատ է թողել՝ ուսման վարձերի պատճառով, իսկ այսօր Դուբայում կրթության ֆոնդին Ադրբեջանը ներդրում է արել (100 միլիոն դոլար): Այդ գումարը պետք է ուղղվեր մեր ժողովրդի զավակների ուսմանը, ապահովվեր պետական անվճար կրթություն: Ադրբեջանում ղեկավարողները մի խումբ են կազմում, ովքեր ժողովրդի առաջ իրենց պատասխանատու չեն զգում, պետության բյուջեն իրենց նախընտրած ձևով թալանում են, իսկ ժողովուրդը մեկ այլ խումբ է՝ այլևս սպասելիք չունենալով նրանցից[15]»:

Չնայած Բաքվի իշխող ղեկավարության կողմից Ադրբեջանը տնտեսապես կայուն երկիր ներկայացնելու ջանքերին՝ փաստերը վկայում են, որ Ադրբեջանի Հանրապետությունում գործազրկության մակարդակը բավականին բարձր է, ինչն էլ հանգեցնում է զանգվածային արտագաղթի։

Ծաղրանկարը՝ Բուրաք Էրգինի

[1] Azərbaycanda işsizlik səviyyəsi açıqlanıb, https://marja.az/105540/azerbaycanda-issizlik-seviyyesi-aciqlanib, մուտք`05/07/2024 թ., 16:36:

[2] Azərbaycanda işsizlik səviyyəsi azalmayıb-olduğu kimi qalıb, https://abc.az/az/news/144391/azerbaycanda-issizlik-seviyyesi-azalmayib-oldugu-kimi-qalib, մուտք` 05/07/2024 թ., 16:44:

[3] Prezident.Yüz minlərlə yeni iş yeri yaradılıb, https://d9mc3ts4czbpr.cloudfront.net/az/article/prezident-yuz-minlerle-yeni-is-yeri-yaradilib/, մուտք` 05/07/2024 թ., 17:09:

[4] Նույն տեղում:

[5] Azərbaycanda artan işsizlik, formal rəqəmlər və iş tapa bilməyən vətəndaşlar, https://www.meydan.tv/az/article/azerbaycanda-artan-issizlik-formal-reqemler-ve-is-tapa-bilmeyen-vetendaslar/, մուտք` 05/07/2024 թ., 17:38:

[6] Նույն տեղում:

[7] İşsizliyin səviyyəsi gündəgün böyüyür, nəinki azalır, https://d9mc3ts4czbpr.cloudfront.net/az/article/issizliyin-seviyyesi-gunbegun-boyuyur-neinki-azalir/, մուտք`05/07/2024 թ., 17:59:

[8] Նույն տեղում:

[9] Deputatdan və ekspertdən işsizliyin səviyyəsi ilə bağlı açıqlama, https://musavat.com/news/deputatdan-ve-ekspertden-issizliyin-seviyyesi-ile-bagli-aciqlama_695437.html, մուտք` 05/04/2024 թ., 18:12: 

[10] "Семья не защищена": почему и куда уезжают из Азербайджана, "Семья не защищена": почему и куда уезжают из Азербайджана - BBC News Русская служба,

Մուտք՝ 7/22/2024 թ., 16:06

[11] В каких сферах в России заняты азербайджанские мигранты, В каких сферах в России работают азербайджанцы (sputniknews.ru),

Մուտք՝ 7/22/2024 թ., 16:23: 

[12] Азербайджанские эмигранты в Германии: не только политические, Азербайджанские эмигранты в Германии: не только политические – DW – 25.11.2021,

Մուտք՝ 7/22/2024 թ., 16:34:

 [13] «Это не жизнь»: разочарование азербайджанских мигрантов в Польше, «Это не жизнь»: разочарование азербайджанских мигрантов в Польше (oc-media.org),

Մուտք՝ 7/22/2024 թ., 16:37:

[14] Parlament buraxılır Ölkənin sosial-iqtisadi durumu gərginləşir Əli Kərimli çıxış yolları barədə, https://www.youtube.com/watch?v=PbPAPZrmbKY, մուտք` 05/07/2024 թ., 19:09: 

[15] Əhali işsiz, hakimiyyət xaricdən işçi gətirir... Əli Kərimlidən absurd qərara münasibət, https://www.youtube.com/watch?v=7k5Iit6on7Y, մուտք` 10/07/2024 թ., 21:52:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում