2025

Ադրբեջանցիներն իրենց պատմությունը կապում են Ատրպատականի թագավորության հետ, սակայն իրականությունն այլ է

Ատրպատականի թագավորությունը գոյություն է ունեցել մ․թ․ա․ IV դարի վերջից մինչև մ․թ․ III դարի սկիզբը։ Այն գտնվում էր Ուրմիա լճից հարավ և արևելք ընկած տարածքներում։ Պետությունն այդպես է կոչվել Աքեմենյան մեծատոհմիկ Ատրոպատոսի (մ․թ․ա․ IV դար) անունով, որը հին պարսկերենում նշանակում էր «կրակ պահպանող»։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո նա դառնում է Մարաստանի հյուսիսային հողերի՝ Փոքր Մարաստանի կառավարիչը։ Հետագայում Փոքր Մարաստանի տարածքը նրա անունով կոչվում է Ատրպատական (Ātur-pāta-akān՝ բառացի՝ «Ատրոպատոսին պատկանող տարածք»)։

Այդ տեղանունն ավելի ուշ՝ արաբական ժամանակաշրջանում, արաբերենի ազդեցությամբ վերափոխվեց Ադզարբայջանի, հետագայում՝ Ադրբեջանի։ Եվ քանի որ 1918 թ․ արևելաայսրկովկասյան նորաստեղծ պետությունը կրում էր այդ անունը, ապա ադրբեջանական պատմագրությունը, հիմնվելով միայն դրա վրա, փորձում է ինքնության փնտրտուքում գտնվող ադրբեջանցի նորելուկ ժողովրդին կապել այդ հին, իրանական պետության հետ։

Հունահռոմեական, իրանական աղբյուրների և, առհասարակ, օբյեկտիվ (անկողմնակալ) պատմագրության տվյալների համաձայն՝ Ատրպատականի բնակչությունն ունեցել է իրանական ծագում և եղել է իրանախոս։ Հին ժամանակաշրջանում տվյալ տարածքում թյուրքախոս որևէ բնակչություն գոյություն չի ունեցել։

Իրանական ծագում ունեցող Ատրոպատոսը նույնիսկ չէր էլ կարող պատկերացնել, որ հազարամյակներ անց ինքը դառնալու էր 20-րդ դարում ի հայտ եկած ադրբեջանցիների ազգային ինքնության կերտման հերոսը։  

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում