2025

Ադրբեջանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների նկատմամբ

2024-07-26

Լուսանկարի վրա գրված է՝ Արդեն 16 տարի թալիշերենի դասագիրքը չի տպագրվում

Թեև Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպես բազմամշակութային երկիր, որտեղ իբր լիովին պաշտպանված են ազգային փոքրամասությունների իրավունքները, այնուամենայնիվ՝ իրականությունն այլ է:

Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության երկրորդ բաժնի (Հիմնարար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ) երրորդ գլուխում, որը վերնագրված է «Մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները», անդրադարձ է կատարվում առանցքային այնպիսի հարցերի, ինչպիսիք են ազգային պատկանելիությունը և մայրենի լեզուն կիրառելու իրավունքը: Այսպես՝

44-րդ կետով սահմանված է ազգային պատկանելության իրավունքը: Այն իր մեջ ներառում է հետևյալ դրույթները՝

1․ Յուրաքանչյուր ոք ունի ազգային պատկանելությունը պահպանելու իր իրավունքը:

2․ Ոչ մեկին չի կարելի ստիպել՝ փոխելու իր ազգային պատկանելությունը:

45-րդ կետով սահմանված է սեփական մայրենի լեզուն կիրառելու իրավունքը, որն իր մեջ ներառում է հետևյալ դրույթները՝

1․ Յուրաքանչյուր ոք ունի իր մայրենի լեզուն կիրառելու իրավունք: Յուրաքանչյուր ոք ցանկացած լեզվով դաստիարակվելու և կրթվելու, ինչպես նաև ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունի:

2․ Ոչ ոք չի կարող զրկվել մայրենի լեզուն օգտագործելու իրավունքից[1]:

Թվում է, թե Ադրբեջանի Հանրապետությունում ազգային փոքրամասնություններն ունեն բոլոր իրավունքները՝ երկրում ազատ և հավասար ապրելու համար, սակայն այդպես չէ: Այսպես՝ Ադրբեջանում գործող «Ազատություն» ռադիոկայանը անդրադարձել է երկրի երկրորդ ազգությունը հանդիսացող թալիշներին: Ըստ փաստաբան Ռամիզ Մամադովի վկայությունների՝ Ադրբեջանում ապրող թալիշները մայր լեզվով կարող են խոսել բացառապես իրենց ընտանիքներում: Փաստաբանի խոսքերով՝ հնարավոր է թալիշերենով նախնական կրթություն ստանալ, սակայն՝ ոչ լիարժեք։ Վերջին անգամ թալիշերեն դասագրքեր հրատարակվել են 1995 թվականին, որից հետո դրանք չեն թարմացվել: Չնայած նրան, որ թալիշները Ադրբեջանում հանդիսանում են թվով երկրորդ ազգը, սակայն անձնագրերում ազգային պատկանելության վերաբերյալ հատուկ կետ գոյություն չունի: Այս որոշումը ուժի մեջ է մտել դեռևս 1930-1935 թվականներին, երբ խորհրդային գաղափարախոսության հիման վրա տեղացի թուրքերի անունը փաստաթղթերում պաշտոնապես սկսվեց գրվել որպես ադրբեջանցի։ Սա տարածվեց նաև Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող այլ ազգերի վրա, այդ թվում՝ թալիշների[2]:

Թալիշերեն առաջին մամուլը՝ «Թալիշների ձայնը» (Talışı sədo) տպագրվել է 1992 թվականին: 2001 թվականից թերթի խմբագիրն էր Նովրուզալի Մամմադովը, ում 2007 թվականին  մեղադրեցին Իրանի օգտին լրտեսության մեջ՝ դատապարտելով 10 տարվա ազատազրկման: 2009 թվականին Մամմադովը «մահացավ» բանտում: Նրա մահից հետո թերթի խմբագրությունը ստանձնեց Հիլալ Մամմադովը, սակայն վերջինիս գործունեությունը երկար չտևեց. 2012 թվականին նա մեղադրվեց թմրանյութեր պահելու, դավաճանության, ատելություն տարածելու և պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ[3]:

Ադրբեջանի Հանրապետությունում ազգային փոքրամասնություն հանդիսացող լեզգիները, ովքեր հիմնականում բնակվում են Գուսարի շրջանում, նույնպես ապրում են բավականին ծանր պայմաններում։ Նրանց զգալի մասն աշխատում է Ռուսաստանում և Բաքվում, իսկ շինարարական աշխատանքներում Թուրքիայից ժամանած աշխատողները մի քանի անգամ ավելի շատ են վարձատրվում, քան լեզգիները[4]: Վերջիններս նույնպես զրկված են մայր լեզվով կրթություն ստանալու իրավունքից: «Սամուր» թերթի գլխավոր խմբագիր Սադագաթ Քարիմովան նշում է, որ լեզգիները կենցաղային կյանքում շարունակում են պահել իրենց ավանդույթները, սակայն կրթություն ստանալը, թերթ և ամսագիր տպագրելը հանդիսանում է լուրջ խնդիր:

Հարկ է նշել, որ արգելվում է Ռուսաստանի Դաշնության Դաղստանի շրջանից լեզգիերեն դասագրքեր բերել Ադրբեջան: Այժմ կարելի է ասել, որ լեզգիերեն նույնիսկ մեկ դասագիրք չկա: Նախկինում Դաղստանի պետական համալսարանի Բաքվի մասնաճյուղում պատրաստվում էին լեզգիերենի մասնագետներ, սակայն մի քանի տարի առաջ տվյալ հաստատությունը ևս փակվեց[5]:

Ազգային փոքրամասնությունների լեզուներով դասագրքերի պատրաստման խնդրին է անդրադարձել Ասադ Մամադալիևը։ Ըստ վերջինի՝ հարցի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության Ազգային ժողովի կրթության և գիտության հանձնաժողովի անդամ Ջեյհուն Մամադովը ուշադրության է արժանացնում այն փաստը, որ մի շարք երկրների անվտանգության մարմիններ Ադրբեջանի կայունությունը խաթարելու համար փորձում են օգտագործել ազգային գործոնը և երկրում բնակվող ժողովուրդներին տրամադրել պետության դեմ: Ըստ նրա՝ այդ ամենը արվում է հենց Հայաստանի Հանրապետության կողմից, և իբրև Հայաստանի համալսարաններում գոյություն ունեն թալիշերենի բաժիններ ու հեռուստալիքներ, և այս ամենը նպատակային է: Մեկ այլ պաշտոնյա՝ Ազգային ժողովի կրթության և գիտության հանձնաժողովի անդամ, կրթության փորձագետ Էթիբար Ալիևը էթնիկ խմբերի լեզուներով ուսուցումը նպատակահարմար չի գտնում: Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանի սահմանադրության համաձայն՝ ուսուցման լեզուն հանդիսանում է ադրբեջաներենը, և ուսուցումը պետք է կատարվի հենց այս լեզվով[6]:

Ադրբեջանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունները միայն մայր լեզվով կրթություն ստանալու իրավունքից չէ, որ զրկված են: Առանձնահատուկ ուշադրության է արժանի ինչպես ադրբեջանցի բնակչության, այնպես էլ ազգային փոքրամասնությունների սոցիալիական ծանր վիճակը: «Մեր անունը մուրացկան է» վերնագրով հոդվածում լուսաբանված է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների սոցիալական ծանր վիճակը, որում մասնավորապես ասվում է, թե տարածաշրջանում Ադրբեջանի նման նավթով և գազով հարուստ երկրում ապրող մարդիկ զրկված են տարրական կենսապայմաններից: Նրանք չունեն լույս, գազ, կոյուղի, բարեկարգ փողոցներ: Աղքատության պատճառով բազմազավակ տասնյակ ընտանիքներ իրենց երեխաներին դպրոց ուղարկել չեն կարողանում: Անչափահասները, կրթություն ստանալու փոխարեն, ծնողների հետ մուրացկանությամբ են զբաղվում և, լավագույն դեպքում, օրվա հացը վաստակում են մետաղ հավաքելով և վաճառելով: Ադրբեջանում բնակվող քրդերը նշում են, որ բազմազավակ մայրերը ամսական օգնության կարիք ունեն։ Քրդերին ոչ ոք չի օգնում, երեխաներին դպրոց չեն ընդունում, նրանցից շատերը նույնիսկ զինվորական ծառայության անցնել չեն կարողանում, քանի որ գրել-կարդալ չգիտեն[7]: Այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանի հասարակությունում տարածված է այն միտքը, թե հայկական կողմը մշտապես փորձել է օգտագործել Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին՝ որպես գործիք՝ իրենց պետության դեմ: Դրա ապացույցն է այն, որ ադրբեջանական կողմը փորձում էր լեզգիական «Սադվալ» կազմակերպությանը և հայկական կողմին մեղադրել 1994 թվականի մարտի 19-ին Բաքվի մետրոյում իրականացված ահաբեկչության մեջ[8]:

Ասվածից պարզ է դառնում, որ Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունները պարզապես թիրախային զանգված են, որոնց իրավունքները ոտնահարված են երկրում: Սահմանադրությամբ ամրագրված կետերը գործնականում ոչ միայն չեն կիրառվում, այլև բարձրաստիճան պաշտոնյաները անթաքույց հայտարարում են, թե դրանց գործնական կիրառությունը կարող է վտանգ հանդիսանալ պետության համար: Իրականում Ադրբեջանը շահարկում է երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների գոյությունը։ Վերջիններս գործող իշխանությունների ձեռքին գործիք են՝ զրկված սահմանադրությամբ ամրագրված իրենց իրավունքներից, ազգային մշակույթը պահպանելու հնարավորությունից և այլն։

 

[1] AZƏRBAYCAN RESPUBLİKASININ KONSTİTUSİYASI 1995 il:

https://platform.who.int/docs/default-source/mca-documents/policy-documents/law/AZE-CC-55-03-LAW-1995-aze-Constitution-Republic-of-Azerbaijan.pdf

[2] Azadlıq radiosu, Talışlar ana dillərində yalnız ailə içərisində sərbəst danışa bilirlər Talışlar ana dillərində yalnız ailə içərisində sərbəst danışa bilirlər, Fevral 23, 2010: https://www.azadliq.org/a/1965247.html (Մուտք 15.06.2024):

[3] Chaikhana.media, Azerbaijan’s only Talysh Gazette: https://chaikhana.media/en/stories/1230/azerbaijans-only-talysh-gazette (Մուտք 23.07.2024):

[4] Panorama.am, Проблемы лезгин в Азербайджане… Безработица, миграция, вовлеченность в войны за рубежом, радикализация молодежи: https://www.panorama.am/ru/news/2013/06/13/ismaylov/498917 (Մուտք 23.07.2024):

[5] Նույն տեղում:

[6]Məmmədəliyev Ə., Etnik azlıqların dilində dərs: Deputatlardan fərqli fikirlər, Aprel 1, 2024: https://teleqraf.com/news/toplum/372343.html (Մուտք 15.06.2024):

[7] Ermənistanın İctimai Radiosu, Azərbaycanda milli azlıqların “yaxşı həyatı”, 22.05.2023, https://az.armradio.am/2023/05/22/az%C9%99rbaycanda-milli-azliqlarin-yaxsi-h%C9%99yati/ (Մուտք 15.06.2024):

[8]Ona.az, Azərbaycana qarşı "milli azlıq kartı": Separatçılar iflasa uğrayan planlarından əl çəkmir, aprel 13, 2022: https://ona.az/az/tehlil/azerbaycana-qarsi-milli-azliq-karti-separatcilar-iflasa-ugrayan-planlarindan-el-cekmir-tehlil-30406  (Մուտք 15.06.2024):

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում