2025

Ելիզավետպոլի նահանգի էթնիկ պատկերը՝ ըստ 1897 թ. համառուսաստանյան մարդահամարի

Ելիզավետպոլի նահանգի զգալի մասը ընդգրկում էր Մեծ Հայքի Սյունիքի, Արցախի, Ուտիքի նահանգներն ու հարակից տարածքները: Այստեղ հայերը տեղաբնիկ հնագույն ազգերից էին և Երևանի նահանգից հետո թվաքանակով երկրորդն էին՝ կազմելով բնակչության մոտ 34 %-ը։ Հնագույն բնակիչներ էին նաև ուդիները:

1897 թ. Համառուսաստանյան մարդահամարի տվյալներով՝ նահանգի ութ գավառներում մշտական բնակչության թիվը 885379 էր, առկան՝ 878415 մարդ: Բնակչությունը պարբերաբար աճ է արձանագրել և հիմնականում համալրվել է թուրք-թաթար բնակչության հաշվին: 1886-1897 թթ. ընթացքում նահանգի բնակչությունն աճել է 150163 մարդով կամ 20 %-ով: Բնակչության թվով` ամենամեծը Ելիզավետպոլի, Շուշիի և Զանգեզուրի գավառներն էին, խտությամբ՝ Նուխիի, Շուշիի և Արեշի գավառները: Քաղաքաբնակ էր բնակչության ընդամենը 10,16%-ը: Բնակչության մեջ գերակշռում էր արական սեռը՝ 54,64 % կամ 480012 մարդ:

Նահանգի բնակչությունը բազմազգ էր: 1897 թ. մարդահամարի տվյալներով` նահանգում ապրում էր 47 էթնիկ խումբ: Առավել խոշոր խմբերն էին՝ թաթարներ՝ 534086 մարդ (60,80 %), հայեր՝ 292188 մարդ (33,26 %), ռուսներ՝ 17875 մարդ (2 %), գերմանացիներ՝ 3194 մարդ (0,36 %), քրդեր՝ 3042 մարդ (0, 35 %), եզդիներ՝ 13503, հրեաներ՝ 2031 մարդ, ասորիներ՝ 16 մարդ, ինչպես նաև ուդիներ և այլք: Թուրք-թաթարները երկրամաս էին ներթափանցել ուշ միջնադարից: Ռուս ազգաբնակչությունը գերազանցապես աղանդավորներ էր: Վերջիններիս բնակեցումը պայմանավորված էր Ռուսական կայսրության գրավված շրջանների յուրացման և ռազմավարական պահանջերով:

Ելիզավետպոլի նահանգի գավառների հայ բնակչության թիվը, ըստ 1897 թ. մարդահամարի տվյալների, ուներ հետևյալ պատկերը`

N

գավառներ

Բնակչության թիվը

/մարդ/

Հայերի թիվը

/մարդ/

Տոկոսային հարաբերությունը

1

Ելիզավետպոլ

162788

43040

26,4 %

2

Արեշ

67277

13822

20,5 %

3

Ջեբրայիլ

66360

15746

23,7 %

4

Ջևանշիր

72719

19551

26,8 %

5

Զանգեզուր

137871

63622

46,1 %

6

Ղազախ

112074

43555

38,8 %

7

Նուխի

120555

18899

15,6 %

8

Շուշիի

138771

73953

53,2 %

 

Ընդամենը

878415

292188

33,26 %

Ելիզավետպոլի նահանգի գավառների կենտրոնների հայ բնակչության թիվը, ըստ 1897 թ. մարդահամարի տվյալների, ուներ հետևյալ պատկերը՝ 

N

Կենտրոններ /քաղաք, տեղամաս/

Բնակչության թիվը

/մարդ/

Հայերի թիվը

/մարդ/

Տոկոսային հարաբերությունը

1

ք. Ելիզավետպոլ

33625

12055

35,8 %

2

ք. Աղդաշ

528

116

21,9 %

3

ք. Ջեբրայիլ

520

228

43,8 %

4

ք. Թարթառ

752

120

15,9 %

5

տ. Գորիս

1450

1082

74,6 %

6

տ. Ղազախ

1769

802

45,3 %

7

ք. Նուխի

24734

4186

16,9 %

8

ք. Շուշիի

25881

14420

55,7 %

 

Ընդամենը

89259

33009

36,9 %

Այսպիսով՝ ներկայացված մարդահամարի տվյալները փաստում են, որ հայերը բացարձակ մեծամասնություն էին կազմում նահանգի հայկական շրջաններում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում