2025

«Վերադարձ»-ը՝ որպես Ադրբեջանի հիբրիդային գրոհի գործիք Հայաստանի դեմ

Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ հավակնությունները վերջին տարիներին իրականացվում են ինչպես ռազմական հարձակումների, դիվանագիտական ճնշումների, այնպես էլ հիբրիդ մեթոդներով։

Ադրբեջանի նման քաղաքականության դրսևորումներից մեկն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունն է, որի գործունեության համար հսկայական միջոցներ են հատկացվում։

Վերջերս հրապարակվել է այդ կազմակերպության «Վերադարձի հայեցակարգը», որը Հայաստանի Հանրապետության տարածքի, ինքնիշխանության և ամբողջականության նկատմամբ ագրեսիվ նկրտումներ պարունակող «փաստաթուղթ» է։ Հայեցակարգում տեղ են գտել ձևակերպումներ, որոնք հիմնված են բազմաթիվ կեղծիքների վրա՝ «ժամանակին ադրբեջանցիները մեծամասնություն են կազմել ներկայիս Հայաստանի տարածքում», «ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտումներ են իրականացվել», «2020 թ․ Հայաստանի ռազմական գրոհն Ադրբեջանի դեմ» և այլն։

Այս հայեցակարգով ալիևյան ռեժիմը ներկայացնում է «վերադարձի» ապահովման մի շարք պահանջներ՝ Հայաստանի Հանրապետության իրավական դաշտի վերափոխում և հարմարեցում «վերադարձած արևմտաադրբեջանցիներին», ադրբեջաներենի կիրառում օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում, միջազգային ուժերից կազմված առաքելության տեղակայում՝ «արևմտաադրբեջանցիների» պաշտպանության համար, այդ գործընթացին Ադրբեջանի մասնակցություն։

Ըստ դրա՝ միջազգային առաքելությունը, ունենալով ոստիկանության ու քաղաքացիական կառավարման լիազորություններ, փաստացի վերահսկելու է Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներ։

Բացի այդ՝ ադրբեջանցիները հավակնում են տեղական անվտանգության ուժերի ձևավորմանը և դատարաններում համապատասխան դեր ստանձնելուն։ Ավելին՝ սրանով Ադրբեջանը պահանջում է «վերադարձնել գույք ու համայնքային հողեր, փոխհատուցել պատճառված վնասը»։

Հաշտեցման անվան տակ hայեցակարգն առաջարկում է «փոխել տեղանուններ, քանդել հուշարձաններ, արդարադատության դատին հանձնել ադրբեջանցիների դեմ հանցագործություններ կատարած անձանց»։ Այս ամենը ներկայացվում է մարդու իրավունքների պաշտպանության տարբեր կոնվենցիաներով ու փաստաթղթերով՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիա և այլն։

Իրականում, այս հայեցակարգը նշանակում է Ադրբեջանի ուղիղ միջամտություն Հայաստանի Հանրապետության գործերին, պետության տարածքների նկատմամբ ՀՀ վերահսկողության ու կառավարման կորուստ։ Այս ամենը միջազգային նորմերի, կոնվենցիաների բացահայտ խախտում է։

Ադրբեջանը, որի ցեղասպանական քաղաքականության պատճառով Արցախից բռնի տեղահանվեց բնիկ հայ բնակչությունը, անպատժելիության մթնոլորտում շարունակում է իր ագրեսիվ ու օկուպացիոն քաղաքականությունը։

«Համայնքի վերադարձի» հորինված խնդիրը՝ որպես հայելային պահանջ, օգտագործվում է նաև Արցախ հայերի վերադարձի իրավունքի իրացումը թույլ չտալու նպատակով։ Մինչդեռ, որևէ համեմատություն չի կարող լինել խորհրդային շրջանում մի կողմից ՀԽՍՀ-ից ադրբեջանցիների ոչ բռնի տեղափոխության և մյուս կողմից ԱԽՍՀ-ում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի (Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ) ու 2023 թ․ Արցախում հայերի սպանությունների ու բռնի տեղահանության միջև։

Արցախահայերի նկատմամբ իրականացված հանցավոր գործողություններին օրերս գնահատական է տվել Ֆրիդոմ Հաուս միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը․ «Ձեռք բերած փաստերը վկայում են, որ Ադրբեջանը գործել է համապարփակ, մեթոդաբար մշակված ռազմավարությամբ՝ Լեռնային Ղարաբաղն իր էթնիկ հայ բնակչությունից, պատմական և մշակութային ներկայությունից ազատելու համար»։ Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի գործողությունները միջազգային մարդասիրական և քրեական իրավունքների խախտումներ են, և Բաքուն պետք է պատասխանատվության ենթարկվի Հռոմի կանոնադրության համաձայն, իսկ կազմակերպությունը պարտաստվում է հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան՝ ադրբեջանական իշխանությունների գործողությունները քննելու համար։

Միջազգային հեղինակավոր այլ կազմակերպություններ, տարբեր լրատվամիջոցներ շարունակում են Ադրբեջանի հանցավոր գործողությունների արձանագրումն ու փաստագրումը, մինչդեռ Բաքուն ավելի բացահայտ ու ագրեսիվ կերպով է շարունակում իր ծավալապաշտական քաղաքականությունը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում