2025

Ռուբեն Գալչյանի նոր գիրքը՝ ադրբեջանական պատմակեղծարարության դեմ

ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի՝ «Ադրբեջանի 2014 թ․ ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» երկլեզու գրքի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Շնորհանդեսին ներկա էին գրքի հեղինակ Ռուբեն Գալչյանը, «Գեղարդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, բ․գ․ դոկտոր Հրաչ Մարտիրոսյանը, պ․գ․ դոկտոր, հնագետ Համլետ Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, ներկայացուցիչներ ԱԳՆ-ից, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ինչպես նաև հեղինակավոր այլ գիտնականներ։

Բացման խոսքով հանդես եկավ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։ Ողջունելով ներկաներին՝ Ռոբերտ Ղազարյանն ընդգծեց․ «Այսօր ունենք սեղանին դրված մի կարևոր աշխատություն։ «Գեղարդ» հիմնադրամը  տարաբնույթ, ամենօրյա և բազմալեզու աշխատանքներ է տանում՝ ուղղված ադրբեջանական կեղծարարություններին դիմագրավմանը»։

Պատմության ինստիտուտի տնօրեն, գրքի պատասխանատու խմբագիր Աշոտ Մելքոնյանը խոսեց ադրբեջանցիների կողմից տարածվող հակագիտական թեզերի մասին։ Նա հիշեցրեց, որ ադրբեջանական պատմությունը կեղծելու հիմքը դրել է Զիյա Բունիաթովը։ Ելույթ ունեցավ նաև հնագետ Համլետ Պետրոսյանը՝ նշելով, որ սա շատ կարևոր իրադարձություն է, և, որ Գալչյանը միայն հետազոտող չէ, այլև՝ մեծ հայ։

Վերջում Ռուբեն Գալչյանը ներկայացրեց գրքի բովանդակությունը․ գրքում զետեղված է երկու հոդված՝ կապված Ադրբեջանի քարտեզագրական զեղծարարությունների հետ։ Առաջին հոդվածը վերաբերում է Ադրբեջանում 2014 թ․ Ազգային ատլասում օտար քարտեզագետների կողմից կեղծված քարտեզների քննարկմանը՝ դրանք դիտարկված բնօրինակների հետ։ Երկրորդ հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետության տարածքն «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնող ադրբեջանական կեղծարարության բացահայտմանը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում