2025
Ադրբեջանում կոռուպցիան համատարած բնույթ է կրում։ Ըստ ընդդիմադիր շրջանակների՝ այն արմատացած է նաև երկրի գիտակրթական ոլորտում։ Այդ մասին են վկայում բացահայտված աղմկահարույց դեպքերը։
«Ժողովրդավարության և բարգավաճման շարժումը» հրապարակել է փաստաթուղթ, որը վերաբերում է «Transparency International»-ի կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2018»-ին: Ըստ այդ ցուցանիշի` Ադրբեջանը կոռուպցիայի մակարդակով աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցնում էր 152-րդ տեղը և ամենակոռումպացված 28 երկրներից մեկն էր, իսկ 2017 թվականի տվյալների՝ Ադրբեջանը 122-րդ հորիզոնականում էր։ Եթե իրավիճակը չբարելավվի, կոռուպցիայի ընկալման ինդեքսի ցածր վարկանիշը կհանգեցնի երկրից կապիտալի արտահոսքի, օտարերկրյա ներդրումների ու զբոսաշրջիկների թվի, կրեդիտային վարկանիշի նվազմանը և բացասաբար կանդրադառնա Համաշխարհային բանկի և միջազգային ֆինանսական այլ կառույցների ու հաստատությունների` Ադրբեջանի վերաբերյալ գնահատման զեկույցների վրա[1]:
Բաքվի պետական համալսարանում արձանագրվել են կաշառքին վերաբերող աղմկահարույց դեպքեր: Հրապարակվել է Միջազգային հարաբերությունների և տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Սադաքաթ Ահմադովայի ձայնագրությունը․«Եթե քննությունից կտրվել ես առաջին անգամ, կտրվի երկրորդ հնարավորություն, եթե կրկին կտրվում ես, սեպտեմբերին կլինի նոր քննություն․ կամ էլ այսպես` 3000-5000 մանաթ գումար ես տալիս, առաջին փորձից անցնում ես»։
Փաստի առնչությամբ «հետաքննություն» է սկսվել։
Անցանկալի դեպքերից խուսափելու, օբյեկտիվությունը պահպանելու համար վերջին 3 տարիների ընթացքում համալսարանում իրականացվում են միջոցառումներ, սակայն՝ ապարդյուն։ Կաշառք ստանալու աղմկահարույց մեկ այլ դեպքի մասին այս անգամ փաստել են ուսանողները։ Լրագրողի այն հարցին, թե քննության համար այժմ որքան գումար են ուզում, ուսանողներից մեկը պատասխանել է․ «Ամեն տարի տարբեր է․ ամենաքիչը՝ 100 մանաթ», իսկ մեկ այլ ուսանող նշել է.«Քննության ժամանակ երբևէ չեն ուզում․ հետո ուրիշի միջոցով են փոխանցում, ամենաքիչը` 150, 200, 250 մանաթ»[2]:
Կոռուպցիոն աղմկահարույց դեպքեր են տեղի ունեցել նաև Բաքվի տնտեսագիտական համալսարանում։ Ստվերային, կասկածելի գործարքներում շրջանառվում է համալսարանի ռեկտոր Ադալաթ Մուրադովի անունը։ Ըստ այդ լուրերի՝ արտասահմանյան բուհերից Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան ուսանողին տեղափոխելը այժմ կազմում է 30000 մանաթ, իսկ Ադրբեջանի այլ բուհերից` 20000 մանաթ:
Գործընթացը կատարվել է հետևյալ կերպ․ ռեկտորն ամսական վճարումներ է կատարել բուհի ղեկավար կազմին՝ «փաթեթային» համակարգով` «ֆինանսական օգնություն» անվան տակ:
Այսպես Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆակուլտետների դեկանները ամսական 2000 մանաթի չափով «աշխատավարձ» են ստանում: Դրա դիմաց բուհի ղեկավար կազմին պահանջ է ներկայացվել չմիջամտել ուսանողներից գումարներ հավաքելու գործընթացին, իսկ այս գործընթացը գտնվում է ռեկտորի կողմից նշանակված անձանց հսկողության ներքո[3]:
Կաշառք ստանալու մեկ այլ դեպքի մասին նշում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը․«Ուսանողներից կաշառք վերցնող Ագրարային համալսարանի դեկանը բերման է ենթարկվել: Հաստատվել են հիմնարար կասկածներ, որ նա իր ղեկավարած ֆակուլտետի որոշ ուսանողներից կաշառք է վերցրել՝ դասերին չմասնակցելու պատրվակով համապատասխան գնահատականներ նշանակելու դիմաց։ Նա ազտվել է աշխատանքից և գտնվում է տնային կալանքի տակ[4]»:
Կրթական ոլորտում արմատացած կոռուպցիայի մասին ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Գադիր Իբրահիմլին նշում է.«Ուսման վարձերը ծառայում են ռեկտորների կոռուպցիոն շահերին: Հիշո՞ւմ եք Բաքվի պետական համալսարանի նախկին ռեկտոր Աբել Մահարրամովի պաշտոնանկ անելու պատճառները: Ուսման վարձերը գողանալու հաշվին նույնիսկ հեռավոր Իսպանիայում իր որդու համար մեծ բիզնես էր հիմնել:
Կրճատվում են սոցիալական վճարները, բարձրացվում է կենսաթոշակային տարիքը, թանկանում է կրթությունը: Մի խոսքով` սոցիալական դռները փակ են աղքատների համար: Սակայն, եթե պատերազմը նորից սկսվի, նրանք անմիջապես կգտնեն այդ աղքատ երեխաներին և կուղարկեն առաջնագիծ, նրանք կզոհվեն հայկական արկերից, հետո կասեն՝ «նահատակ ունեմ», ու հայրենասեր կդառնան: Եվ, իհարկե, կթաքցնեն իրենց երեխաներին[5]»:
Աղմկահարույց կոռուպցիոն դեպքերի այս շարքը կարելի է անվերջ շարունակել։ Թեև Ադրբեջանը միջազգային հանրությանը փորձում է ներկայանալ որպես ժողովրդավար երկիր, այնուամենայնիվ երկրի կրթական կոռումպացված համակարգը այլ բան է փաստում։
[1] Korrupsiya milli təhlükəsizlik üçün qorxunc miqyas alıb – ADR, https://turan.az/az/siyaset/korrupsiya-milli-tehlukesizlik-ucun-qorxunc-miqyas-alib-adr, մուտք` 30/06/2024 թ., 21:24:
[2] BDU-da 5 min manatlıq rüşvət iddiası - BAKU TV, https://www.youtube.com/watch?v=bCj-2Bs_g9U, մուտք` 30/06/2024 թ., 22:09:
[3] İqtisad Universitetində "iqtisadi korrupsiya- müdhiş faktlar, https://sonxeber.az/12089/iqtisad-universitetinde-iqtisadi-korrupsiya-mudhis-faktlar, մուտք` 30/06/2024 թ., 22:48:
[4] Azərbaycan Universitetləri, https://t.me/s/uniaze?before=6838, մուտք` 30/06/2024 թ., 23:39:
[5] Təhsil haqqları rektorların korrupsiya maraqlarına xidmət edir, https://newscenter.az/2021/06/28/thsil-haqqlari-rektorlarin-korrupsiya-maraqlarina-xidmt-edir.html, մուտք` 30/06/2024 թ., 23:21: