2025
Խորհրդային Ադրբեջանի պատմագրությունը նորաստեղծ Ադրբեջան պետության պատմության «կերտման» համար դիմում էր ամեն միջոցի, որպեսզի «հիմնավորեր» այդ երկրի հնագույն լինելը։ Ադրբեջանի «պատմությանը» վերագրվում էր բնիկ այն ժողովուրդների պատմությունը, մշակույթը, որոնց տարածքներում 20-րդ դարում ձևավորվեց այդ պետությունը։ Այդպես «ադրբեջանականացվում» էին աղվանական, հայկական, իրանական, վրացական քաղաքակրթական արժեքները։
Ադրբեջանական պատմագրության հերթական յուրացումը վերաբերում է «ազգային հերոսի» կերպարի կերտմանը: Խորհրդային պատմագրությունը, Իրանական Ատրպատականը ներկայացնելով իբրև «ադրբեջանցիների պատմական հայրենիք», փորձում էր տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմության մեջ հայտնի ռազմական գործիչներին ներկայացնել որպես «ադրբեջանցի»։ Այդպիսի ռազմաքաղաքական գործիչներից էր 9-րդ դարի առաջին կեսին հիմնականում Ատրպատականում գործունեություն ծավալած, խուրամյան շարժման[1] առաջնորդ Բաբեկը։
Արաբական, պարսկական, հայկական սկզբնաղբյուրներում Բաբեկի անունը հիշատակվում է Հասան, Բաբ[2], Բաբաք/Բաբակ, Բաբան, Պապաք[3] և այլ ձևերով։ Բաբեկ անունը իրանական Պապակ անվան արաբացված ձևն է։ Բաբեկն իրանական ծագում ուներ։
8-րդ դարում Աղվանքում, Ատրպատականում և հարևան շրջաններում արաբական տիրապետության դեմ սկսված ապստամբությունները հիմք դրեցին հակաիսլամական մի նոր շարժման, որը պատմության մեջ հայտնի դարձավ Խուրամյան, հետո՝ նաև Բաբեկյան շարժում անունով։ Խուրամյանները չէին ընդունում միասնական աստծու գոյությունը, հիմնավորապես ժխտում էին կրոնական ծեսերը, աղոթքները[4]։ Թույլատրելի էին համարում այն ամենը, ինչն արգելում էր իսլամը։ Խալիֆայության նկատմամբ խուրամիները դրսևորում էին ատելություն և իրենց գլխավոր խնդիրն էին համարում Արաբական խալիֆայության տապալումը։ 816 թվականից սկսած՝ Խուրամյան շարժումը ղեկավարում է Բաբեկը[5]։ Բաբեկին անվանում էին «աստծո մարմնացում՝ երկրի վրա»։ Արաբական զորքերի զորահրամանատար Ափշինին (Աֆշինի) միայն 837 թվականին հաջողվեց[6] պարտության մատնել Բաբեկին, գրավել խուրամյանների միջնաբերդ Բազ ամրոցը, կոտորել խուրամյաններին։ Այս դեպքերից հետո Բաբեկը կարողացավ փախչել Աղվանք, այնտեղից՝ Հայաստան։
«Երբ նա անցավ Արաքս գետը, նրա մոտ եկավ նահանգի կառավարիչ Սմբատի որդի Սահլը (Սահլ իբն Սինբաթ)», - գրում է 9-րդ դարի արաբ մատենագիր ալ-Դինավարին[7]։
Շուտով Սահլ Սմբատյանը ձերբակալում է Բաբեկին[8] և հանձնում արաբ զորահրամանատար Ափշինին։ Վերջինս նրան շղթայակապ ուղարկում է Սամարրա՝ խալիֆայի նստավայր[9]։ Խալիֆա Մութասիմի հրամանով Բաբեկը մահապատժի է ենթարկվում։
Հարկ է նշել, որ հայ մատենագիրները հիշատակում են Բաբեկին՝ որպես պարսիկ, ով մեծաթիվ զորքով հաստատվում է Սյունիքում՝ պարտության մատնելով արաբ զորահրամանատար Մրվանին։ Այնուհետև նա կոտորում է Բաղասական (Բաղաց) գավառի հայ բնակչությանը՝ չխնայելով նույնիսկ կանանց ու երեխաներին, ապա Գեղարքունի գավառում սրածում է մոտ 15000 հայերի, քանդում և հիմնահատակ կործանում Մաքենոց հայտնի վանքը[10]։
Բաբեկի գործունեության ստույգ գնահատականը տվել է ժամանակագրորեն նրան առավել մոտ կանգնած հայ պատմիչ Մովսես Դասխուրանցին՝ նրան համարելով «մարդախողխող, աշխարհավեր, արյունարբու գազան[11]»։
Այս իրադարձությունները, 1940-ական թվականներից սկսած, Խորհրդային Ադրբեջանի պատմաբանների կողմից ներկայացվել են որպես ադրբեջանցիների ազգային-ազատագրական պայքար՝ ուղղված արաբական տիրապետության դեմ, իսկ Բաբեկի կերպարը շրջանառվել է իբրև «ազգային հերոսի»։ Իրանական ծագում ունեցող խուրամիների առաջնորդը ադրբեջանական պատմագրության մեջ համարվում էր «ադրբեջանական ժողովրդի ազատության խորհրդանիշ», «ադրբեջանցի մեծ զորավար», «ժողովրդական հերոս»։ Այս կեղծ գիտական թեզը շրջանառության մեջ են դրել Զ․Յամպոլսկին, այնուհետև՝ Զ․ Բունիաթովը[12] և այլք։ Վերոգրյալ կեղծ փաստերի հիման վրա 1979 թվականին Ադրբեջանում նկարահանվել է «Բաբեկ», իսկ 2008 թվականին՝ «Բաբեկ Խուրամի» ֆիլմերը, 1986 թվականին բեմադրվել է «Բաբեկ» բալետը։
Ներկայումս էլ ադրբեջանցիները շարունակում են Բաբեկի մեծարումը՝ նրա անունով անվանակոչելով փողոցներ, նրա պատվին հուշարձաններ կանգնեցնելով։
[1] Վահան Բայբուրդյան, Իրանի պատմություն (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը), Երևան 2006, էջ 191-192:
[2] Վարդան Արևելցի, Տիեզերական պատմություն, Երևան 2001, էջ 118:
[3] Նույնը` էջ 119:
[4] М.Томара, Бабек, Москва, 1936, с. 23.
[5] Ստեփան Մելիք-Բախշյան, Հայաստանը VΙΙ-ΙX դդ, Երևան 1968թ․, էջ 345։
[6] Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, Աբուլ-Ֆիդա, Երևան 1965թ., էջ 213:
[7] Արամ Տեր-Ղևոնդյան, Արաբ մատենագիրներ Թ-Ժ դարեր, Ալ-Դինավարի, Մատյան երկարապատում ավանդությունների, Երևան, 2005, էջ 218։
[8] Վարդան Արևելցի, Տիեզերական պատմություն, Երևան 2001, էջ 119:
[9] Վահան Բայբուրդյան, Իրանի պատմություն (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը), Երևան 2006, էջ 193:
[10] Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան 1986թ., էջ 165-166:
[11] Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Երևան 1969թ., էջ 259:
[12] Z.Bünyadov, Azerbaycan VΙΙ-ΙX əsrlərdə, Bakı, “Şərq-Qərb’’, 2007, s. 37.