2025

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ալիևյան ռեժիմի տոտալ վերահսկողության ներքո

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը երկար տարիներ փաստացի ղեկավարել է Վասիֆ Թալիբովը, ով խնամիական կապեր ունի Ադրբեջանում իշխող ալիևյան ընտանիքի հետ: Երկար տարիներ Թալիբովը Նախիջևանի Ինքավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահն է և կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել ոչ միայն երկրի քաղաքական, այլև՝ տնտեսական համակարգը։

2003 թ. Human Rights Watch-ը Նախիջևանում իրավիճակը բնութագրել էր «նույնիսկ ավելի ծանր, քան Ադրբեջանի այլ շրջաններում», իսկ 2011 թ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած բաց նամակում ներկայացրել էր Նախիջևանում տիրող իրական պատկերը։ Ըստ վերջինիս՝ այնտեղ մարդու իրավունքների պաշտպանության հարցն ու քաղաքական ազատությունների վիճակը գնալով վատթարանում են։ Վարչակարգի քաղաքական հակառակորդները ճնշումների են ենթարկվում: Քաղաքացիական հասարակությունը, անկախ լրատվամիջոցները գրեթե անհետացել են: Հարձակումների են ենթարկվում նաև օտարերկրյա լրատվական ծառայությունները։ Թերթերն ու հեռարձակումները գտնվում են բացառապես պետական վերահսկողության ներքո, իսկ ընդդիմադիր լրագրողներն աշխատում են ծանր պայմաններում։ Արևմտյան իրավապաշտպան շատ կազմակերպություններ և ընդդիմադիր լրագրողներ շարունակում են դժգոհել՝ Նախիջևանում ազատ ճանապարհորդելու և տեղեկություններ ստանալու հարցում: Նախիջևանյան ռեժիմը հենվում է անվտանգության ուժերի և ոստիկանության վրա՝ կանխելու և վերահսկելու հանրային դժգոհության ցանկացած առիթ և ջախջախելու այլախոհությունը:

Ադրբեջանցի լրագրող Մալահաթ Նասիբովան և նրա ամուսինը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում պայքարում էին մարդու իրավունքների պաշտպանության համար, բարձրաձայնում իշխանությունների չարաշահումների, մարդու իրավունքների խախտումների, ռազմական հանցագործությունների և կոռուպցիայի մասին: «Ժողովրդավարության և հասարակական կազմակերպությունների զարգացման կենտրոն»-ի ղեկավար Մալահաթ Նասիբովան իր ծավալած գործունեության համար ձերբակալվել էր, ենթարկվել բռնությունների։ Վերջինս իր լրագրողական գործունեության համար 2009 թ. արժանացել էր Ռաֆտո մրցանակի, որը տրվում է մարդու իրավունքների այն պաշտպաններին, ովքեր պայքարում են ճնշումների դեմ՝ ամբողջ աշխարհում։ 2013 թ. ամուսնու՝ Իլգար Նասիբովի հետ նա հիմնադրել էր «Նախիջևանի ռեսուրս կենտրոնը», որտեղ տեղի իրավապաշտպանները, լրագրողները և այլ կազմակերպություններ աշխատւմ էին Նախիջևանում մարդու իրավունքների վիճակի բարելավման ուղղությամբ: Կենտրոնը տեղի բնակիչների կողմից կոչվում էր նաև «Հույսի տուն»: Սակայն նախիջևանյան բռնապետական ռեժիմը չէր կարող հաշտվել նման կազմակերպության գոյության հետ: 2014 թ. օգոստոսի 21-ին երեք տղամարդ ներխուժում են կենտրոն, դաժան ծեծի ենթարկում Իլգար Նասիբովին, ով կենտրոնի տնօրենն էր: Այդ դեպքից հետո ամուսինները ստիպված են լինում դադարեցնել կազմակերպության գործունեությունը և հեռանալ երկրից:

Հիրավի, Ադրբեջանը վտանգավոր վայր է՝ անկախ լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց համար, իսկ Նախիջևանում իրավիճակն ավելի վատ է, քանի որ Նասիբովների հեռանալուց հետո այնտեղ գործող անկախ լրատվամիջոցներն ու մարդու իրավունքների ոլորտում աշխատող կազմակերպությունները փակվեցին և ներկայումս գրեթե չկան:

Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում