2025
Մոնղոլական տիրապետության անկման արդյունքում 14-րդ դարի երկրորդ կեսերին Հայաստանը և հարակից երկրները հայտնվեցին տարատեսակ օղուզ-թուրքմենական ցեղերի ավերիչ արշավանքների ճանապարհին։ Մոնղոլների ճնշման տակ տարածաշրջան թափանցած օղուզական քոչվորական ցեղային միություններից մեկը հայտնի էր կարա-կոյունլու անունով՝ բառացի՝ «Սև ոչխարավորներ»։ Այդ ցեղերի քոչի և տարածման սկզբնական արեալը դարձան Հայաստանի Վանի շրջակայքից մինչև Վերին Միջագետք ընկած տարածքները: Լենկ Թեմուրի մահվանից հետո կարա-կոյունլուները կարողացան գերիշխող դիրք զբաղեցնել և տիրապետություն հաստատել Իրանի մի զգալի մասի, Իրաքի, Հայաստանի և հարակից այլ շրջանների վրա: Տերության մայրաքաղաքը դարձավ Թավրիզը:
Կարա-կոյունլուները արագորեն ենթարկվեցին իրանականացման՝ սելջուկների և մոնղոլների պես ընկնելով իրանական մշակութային ազդեցության տակ։ Կարա-կոյունլուների պետության ամբողջ պաշտոնական գրագրությունը՝ հրամանները, հրովարտակները, պատմագրությունը, պոեզիան ամբողջութամբ պարսկերենով էին, եզակի դեպքերում՝ արաբերենով:
Սկսած խորհրդային շրջանից՝ Ադրբեջանը փորձում է յուրացնել կարա-կոյունլուների պատմական անցյալը և թողած իսլամական ժառանագությունը՝ նրանց թուրքմենական ցեղային միությունն ու ստեղծած պետությունը ներկայացնելով որպես ադրբեջանական: Կարա-կոյունլու թուրքմենական ցեղերի պատմության ու պետության՝ Ադրբեջանի «յուրացման» այս քաղաքականությունը, բարեբախտաբար, ոչ միայն ընդունելություն չի գտել համաշխարհային պատմագիտական ու քաղաքագիտական շրջանակների կողմից, այլև բազմիցս դատապարտվել է ռուսական և արևմտյան պատմագրության կողմից:
Ադրբեջանցիները, յուրացնելով կարա-կոյունլուների պատմամշակութային ժառանգությունը, հայտնվել են իրենց իսկ հնարած սխալանքի մեջ, քանի որ, կարա-կոյունլուներին ներկայացնելով որպես իրենց նախնիներ կամ պետությունը՝ որպես ադրբեջանական, ակամա մոռանում են, որ կարա-կոյունլուները քոչվոր և ոչ բնիկ ցեղեր էին, և, ըստ այդմ, իրենց իսկ թեզի համաձայն, ակամա համաձայնում են ադրբեջանցիների քոչվորական ծագմանը։
Այնուամենայնիվ՝ չժխտելով տարածաշրջանում օղուզական և թուրքմենական տարրի հայտնվելու փաստը՝ անհնար է համաձայնել նրանց՝ ադրբեջանական ծագում վերագրելուն կամ որպես ադրբեջանցիների նախնիներ դիտարկելուն, քանզի նման փաստ, պարզապես, գոյություն չունի: