2025

Ադրբեջանական հերթական հակահայկական, քարոզչական միջոցառումը

2024-06-13

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության, Բերձորի (Լաչին) շրջանի վերականգնման, շինարարության և կառավարման ծառայության և Սոցիալական հետազոտությունների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ Բերձորում անցկացվել է «Մեծ վերադարձ» գիտագործնական համաժողովը։

Այն նվիրված էր ադրբեջանական «Մեծ վերադարձ» ծրագրին, որի շրջանակներում ադրբեջանական «խաղաղության» ձգտող իշխանությունները ներքին և արտաքին լսարանին ուղերձներ են հղում՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասին, ինչը բացահայտ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ։ Բազմիցս շրջանառելով «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը՝ ադրբեջանական քարոզչամեքենան հրատարակում է բազմաթիվ կեղծգիտական գրքեր, կազմակերպում միջոցառումներ՝ այդ ամենը հանրայնացնելու և հայեցակարգին իրական, շոշափելի ուրվագծեր տալու համար։ Դրա վառ ապացույցն է 2022 թվականին լույս տեսած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. մեր նյութական և մշակութային ժառանգությունը պատմական հողերում» երկհատոր գիրքը։ Այն ամբողջությամբ հայկական ժառանգության պատմության ու իսկության կեղծում և աղավաղում է։

«Արևմտյան Ադրբեջան համայնք»-ի նախագահ Ազիզ Ալաքբարլին, համաժողովում անդրադառնալով «Մեծ վերադարձ» ծրագրին, նշում է, որ ծրագիրը կարևոր է՝ ադրբեջանցիներին «հայրենիքում» վերաբնակեցնելու գործում:

Ադրբեջանի Սոցիալական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Աֆղան Վալիևն էլ, խոսելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասին, իր զեկույցում նշում է, որ վերադարձը դեպի «Արևմտյան Ադրբեջան» և «պատմական հողեր», գլխավոր միտումն է, որը սկսվել է Լաչինից (Բերձորից)։

Զեկուցողն ուշադրություն է հրավիրել Բերձորի պատմական հուշարձաններին՝ «Հայաստանի կողմից իրականացված վանդալիզմի և ռազմական հանցագործություններին»։ Վալիևին պետք է հիշեցնել, որ ընդամենը մեկ ամիս առաջ, ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ, հողին հավասարեցվեց Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին։ Հարկ է նշել, որ Ալաքբարլիի, Վալիևի և այլոց զեկուցումները բացահայտ ոտնձգություն են՝ ուղղված Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը ադրբեջանական ներկայացնելուն, և մերկացնում են ադրբեջանական ռեժիմի իրական նկրտումները։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում