2025

Ի՞նչ է արել Նեթանյահուն, որը չի արել Ալիևը

Ներկայումս համաշխարհային հանրության ու մամուլի ուշադրությունը կենտրոնացած է Գազայում ընթացող պատերազմի վրա: Հակառակ դրան՝ 2020-2023 թթ․ արցախյան  իրադարձությունները, 2023 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով Արցախի հայաթափումն անարդարացիորեն ավելի քիչ ուշադրության արժանացան։

Գազայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը շարունակվում է արդեն ութ ամիս, որի հետևանքով Գազայի հատվածը գրեթե ամբողջությամբ ավերվել է, իսկ զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, հասնում է մի քանի տասնյակ հազարի։  

Ամերիկացի հայտնի քաղաքագետ Ջոն Մերշայմերն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր, որ Իսրայելն ուզում է խնդիրը լուծել` Գազայի հատվածը բնակության համար լիովին ոչ պիտանի դարձնելու ճանապարհով։

Իսրայելի գործողությունները քննադատության են արժանանում ոչ միայն հակառակորդների, չեզոք երկրների, այլև դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից` չնայած Վաշինգտոնը շարունակում է աջակցել Իսրայելին։

Օրեր առաջ Միջազգային քրեական դատարանի դատախազ, բրիտանացի Քարիմ Խանը դիմել է ՄՔԴ-ին՝ խնդրելով ձերբակալության օրդեր տալ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների համար, ովքեր մեղադրվում են պատերազմական հանցագործությունների մեջ։ Քարիմ Խանը նշում է, որ Իսրայելը իր խնդիրները լուծելու համար ընտրել է հանցավոր միջոցներ՝ դիտավորյալ սպանություններ, քաղաքացիներին`սովի մատնում, տառապանքների պատճառում և լուրջ վնասվածքների պատճառում։

Նշված հանցավոր միջոցները, գրեթե նույնությամբ, Արցախում կիրառել են Իլհամ Ալիևը և ադրբեջանական ռազմական հրամանատարությունը: Նշենք, որ 2022 թ․ դեկտեմբերից մինչև 2023 թ․ սեպտեմբերն Ադրբեջանը շրջափակման մեջ էր պահում և աստիճանաբար սեղմում էր օղակն Արցախի շուրջ` փորձելով սովամահության ենթարկել բնակչությանը:

Քարիմ Խանի դիմումից օրեր առաջ ՄՔԴ նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հոդված է հրապարակել Politico.eu կայքում՝ նշելով, որ ՄՔԴ-ն պետք է գործողություններ ձեռնարկի Ալիևի նկատմամբ` հայերի դեմ վերջինիս իրականացրած ցեղասպանական գործողությունների հարցով: Իր հոդվածում Օկամպոն մանրամասն ներկայացնում է ադրբեջանական վարչակարգի հանցավոր գործողությունները։ Նա հիշեցնում է, որ Ադրբեջանը խախտել է Ցեղասպանության կոնվենցիայի մի շարք հոդվածներ: Օրինակ` դիտավորյալ պայմաններ է ստեղծել քաղաքացիների ֆիզիկական ոչնչացման, հոգեկան առողջությունը վնասելու համար, ռազմական հարձակումներ է նախաձեռնել և սպանել էթնիկ հայ քաղաքացիներին, որոնք չեն ցանկացել կամ չեն հասցրել հեռանալ։

Շրջափակման ընթացքում Արդարադատության միջազգային դատարանը, միջազգային բազմաթիվ կառույցներ ու պետություններ Ադրբեջանին կոչ են արել և հորդորել են դադարեցնել շրջափակումը, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Իլհամ Ալիևը, սակայն, անտեսել է այդ հորդորները և, ավելին, մինչ օրս որևէ պատժամիջոցի չի ենթարկվել:

Հնարավո՞ր է, որ այդ հանգամանքը նույնպես ոգեշնչել է Նեթանյահուին։

Ըստ արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցների` Միջազգային քրեական դատարանը բազմիցս քննադատվել է ( նաև`իսրայելական մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների կողմից)` ընտրողաբար վարույթներ իրականացնելու համար: Արդարադատությունը չպետք է ընտրողաբար իրականացվի. Ադրբեջանի և նրա ղեկավարի գործողությունները պետք է դառնան միջազգային քննության առարկա։   Կա՞ գոնե մի բան, որ արել է Նեթանյահուն, բայց չի արել Ալիևը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում