2025

Լուվրի հավաքածուի մի քանի հայկական գորգերի ներկայացումը որպես ադրբեջանական և դրանց ցուցադրությունն Ադրբեջանում

Հասմիկ Հմայակյան, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ

Բաքվում  համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանի շրջանակներում 2019 թվականի հուլիսի 3-ից սեպտեմբերի 30-ը Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարարության, Ադրբեջանի գորգի թանգարանի, Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան, Լուվրի թանգարանի, Ադրբեջանի ֆրանսիական համալսարանի և Silk Way West ավիաընկերության հովանավորությամբ Ադրբեջանի գորգի թանգարանում ներկայացվեց «Ադրբեջանի ժառանգությունը Լուվրի թանգարանում» ցուցահանդեսը[1]։ Այդ առիթով ադրբեջանական լրատվամիջոցները նշում են. «Մեր մշակույթի պատմության մեջ առաջին անգամ այստեղ կներկայացվեն երեք հազվագյուտ ցուցանմուշներ աշխարհահռչակ Լուվրի թանգարանի մշտական ​​ցուցադրությունից»։ Ըստ լրատվամիջոցների` Բաքվում այս ցուցահանդեսը երկու թանգարանների համագործակցության սկիզբը դրեց, ինչը կամրապնդի այդ կապերը և խթան կհանդիսանա երկու արվեստի կենտրոններում պահպանվող ազգային ժառանգությունը ներկայացնող լայնածավալ նախագծերի իրականացման համար»: Այս նախագծով, ինչպես նշվում է, Ադրբեջանի գորգի թանգարանը մեծ ներդրում էր անում Ադրբեջանի Հանրապետությունում 2018-2022 թվականների գորգարվեստի պահպանման և զարգացման պետական ​​ծրագրի իրականացման համար[2]։

Ադրբեջանի, Մշակույթի նախարարի բացման խոսքը Բաքվի գորգերի թանգարանում Լուվրից բերված գորգերի ցուցադրության ժամանակ

Ասվածից պարզ  է դառնում, թե պետական մակարդակով ինչպիսի կարևորություն է տրվում գորգարվեստին մեր հարևան պետությունում և թե ինչ հեռահար նպատակներ ունեն Լուվրի թանգարանի հավաքածուում պահպանվող գորգերի հետ կապված: Հարկ է նշել, որ վերոնշյալ երեք գորգերը, որոնք երևում են իրադարձությունը լուսաբանող լուսանկարներում, երեք հազվագյուտ ցուցանմուշները, որոնց մասին այդքան հպարտորեն խոսում են ադրբեջանցիները, հայկական գորգեր են: Սակայն հայկական կողմից հնչած ընդդիմություններին, առ այն, որ դրանք հայկական գորգեր են, Ադրբեջանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գորգերի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Վիդադի Մուրադովը հակադարձեց, որ դրանք ադրբեջանական գորգեր են և Ադրբեջանի պատմության անբաժանելի մասն են[3]։

Նրա խոսքերով, Ադրբեջանական գորգերը նույնքան հին են, որքան իրենց պատմությունը, ազգագրությունն ու մշակույթը, և անվիճելի փաստն այն է, որ Կովկասում գորգագործությունը ասոցացվում է ադրբեջանական ժողովրդի հետ: Իր պնդմամբ ադրբեջանցի գորգագործները գորգեր են գործել՝ օգտագործելով իրենց աշխարհայացքի, մտածողության ու առասպելաբանության հետ կապված նախշեր ու զարդանախշեր։ Այնուհետև նա նշել է, որ հայերի նկրտումները ադրբեջանական գորգերի նկատմամբ անհիմն են, այդ գորգերի հիմնական զարդանախշերը թյուրքական ծագում ունեն և կապված են թյուրքական ժողովուրդների կողմից օգտագործվող խորհրդանիշների և նշանների հետ՝ հավելելով, որ եթե աշխարհում կան գիտական, մշակութային, քաղաքական, տնտեսական փոխառնչություններ, ապա հայերը պետք է համաձայնվեն, որ այդ փոխառնչությունները «բավարար» են օգտագործել պատմության ընթացքում և սովորել են գորգեր գործել (ընդամենը գործել) ադրբեջանցի թուրքերից և պետք է դադարեցնեն անհիմն կերպով հայկականության որոնումները դրանցում և դադարեցնեն ադրբեջանական գորգերի վրա «հայկական խաչերի» և նմանատիպ այլ բաների որոնումները։ «Ադրբեջանական գորգերը Ադրբեջանի պատմության անբաժանելի մասն են»,-հայտարարել է պատմական գիտությունների դոկտոր, ՀԱԱՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գորգերի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Վիդադի Մուրադովը[4]։

Բաքվի գորգերի թանգարանի տնօրենի բացման խոսքը Բաքվի գորգերի թանգարանում Լուվրից բերված գորգերի ցուցադրության ժամանակ

Այն պնդումը, որ հայերը գորգարվեստի հմտություններին ծանոթացել են  ադրբեջանցի թուրքերից, ուղղակի անհեթեթ է, քանզի փաստն այն է, որ հայկական լեռնաշխարհը համարվում է գորգագործության հնամենի բնօրրաններից մեկը, և գորգագործական ավանդույթները շարունակվել են հազարամյակներ շարունակ՝ չընդհատվելով երբևէ:

Հայկական լեռնաշխարհում մանածագործական, գորգագործական ավանդույթների վկայություններ են պատմական Հայաստանի տարբեր պեղավայրերից հայտնաբերված գորգագործական աշխատանքային գործիքները, գորգերի ու գործվածքների պատառիկները[5], ինչպես նաև  ամենատարբեր իլիկները, իլիկների գլուխները, որոնք պեղվել են Հայաստանի բազմաթիվ հնավայրերից[6]: Գորգագործական մշակույթի և ընդհանրապես մանածագործությանն առնչվող ուշագրավ տվյալներ են պարունակվում ուրարտական  ժամանակաշրջանի սեպագիր, հնագիտական և պատկերագրական աղբյուրներում[7]:

Հետուրարտական փուլից ևս մանածագործական, գորգագործական մշակույթի հնամենի ավանդույթների վկայություններ են պահպանվել նաև Ք. ա. 6-4-րդ դարերի հայաստանյան պեղավայրերից, որոնց իր աշխատության մեջ հանգամանալից քննարկել է Ի. Կարապետյանը՝ նշելով, որ վերջիններս վկայում են ավելի վաղ շրջանում այդ ավանդույթների գոության և տվյալ փուլում բարձր զարգացածության մասին[8]:

Հայկական գորգերի զարդանախշերի հնագույն ակունքներին անդրադարձել են թե՛ հայ, թե՛ օտարազգի ուսումնասիրողները, որոնց աշխատանքներում առանձնակի ուշադրություն է դարձվել պատմական Հայասատանի տարածքից պեղված հնագիտական բրոնզեդարյան ժամանակաշրջանի նմուշների կամ ուրարտական պատկերագրության հետ առկա զուգահեռներին, որոշ դեպքերում դիտարկվել են նաև ավելի վաղ՝ հինփոքրասիական մշակույթի պատկերագրության հետ առկա զուգահեռներ, և այս առումով խիստ կարևոր է ոչ միայն հայ, այլ օտար ուսումնասիրողների կարծիքները, օրիակ՝ գերմանացի գորգագետ Ֆ. Գանցհորնի, ով իր ծավալուն ուսումնասիրության մեջ հատուկ անդրադառնում է հայկական գորգանախշերի հնագույն ակունքներին[9]։ Այսինքն, այն պնդումը, թե հայերն ադրբեջանցիներից են սովորել գորգագործական արվեստը, ժխտվում է թե՛ հնագիտական, թե՛ աղբյուրագիտական ու պատմագիտական նյութերով, վկայություններով և փաստերով:

Վերադառնալով Լուվրի թանգարանի հավաքածուից ընտրված և Բաքվում ցուցադրված գորգերին՝ անդրադառնանք դրանցից մեկին: Այն հայտնի հայկական Ջրաբերդ տիպի գորգն է, որը տարբեր ուսումնասիրողներ համարում են հայկական վիշապագորգի տեսակ։

Բաքվի գորգերի թանգարանի տնօրենի բացման խոսքը Բաքվի գորգերի թանգարանում Լուվրից բերված գորգերի ցուցադրության ժամանակ

Ըստ Մանյա Ղազարյանի՝ 17-րդ դարից սկսած հայկական դասական վիշապագորգերը կորցնում են իրենց դասական տեսքը և ենթարկվում են ժամանակի այլ գորգերի ազդեցությանը՝ սկիզբ դնելով մի քանի այլ տիպերի առաջացմանը, որոնց թվին են պատկանում վերոնշյալ գորգերը, որնք գործվել են Արցախի Ջրաբերդ հայկական գյուղում, հետագայում՝ Զանգեզուրի Խնձորեսկ գյուղում, Սիսիանում և այլուր[10]։

Վ. Թաթիկյանը այս տիպի գորգերը համարում է Արծվագորգեր՝ Ջրաբերդ կամ Խաչեն տիպի՝ հենց այս գորգն էլ վերցնելով որպես իր «Արցախյան տոհմագորգերը» հիմնարար աշխատության շապիկի նկար։ Այս գորգերը նա համարում է հայկական վիշապագորգի ուղղակի ժառանգորդներ, նրանց զարդանախշերը, ըստ նրա, կատարյալ են, և հավանաբար դրանց ծագման համար հիմք են հանդիսացել դասական հայկական վիշապագորգի մի անխաթար նմուշ, որի զարդանախշերից վերցվել են բազմաթիվ տարրեր[11]։  Նման տիպի խաչակերպ կեռխաչով արծվագորգ է գտնվել Գառնաքար գյուղից[12]: Այս տիպի գորգերի առավել մանրամասն տիպերի ենթաբաժանումը կատարել է Աշխունջ Պողոսյանը, ով կարծում է, որ Ջրաբերդ գորգերի խումբը բաժանվում է չորս տարբերակի, որոնցից դասական վիշապագորգին առնչվում են ճառագայթազարդ մեկ հորինվածքով և այն երկու կողմից երիզող վիշապի երկուական, իրար կցված ոճավորումներից կազմված քնարաձև ուրվագիծ ունեցող պատկերներով գեղազարդված գորգերը[13]։

Ինչևէ, փաստն այն է, որ ադրբեջանցիները կարողացել են պետական մակարդակով պայմանավորվել Լուվրի հետ և այնտեղ պահպանվող հայ գորգագործական նմուշները հորջորջելով որպես ադրբեջանական՝ այդքան մեծ շուքով վերջիններս ներկայացնել Բաքվում:

[1] https://azcarpetmuseum.az/en/single/755 հասանելի է՝ 08. 05. 24:

[2] https://www.azernews.az/culture/153036.html հասանելի է՝ 08. 05. 24:

[3] https://anews.az/en/armenians-attempt-to-appropriate-azerbaijani-carpets-on-display-at-louvre-museum-photo/ հասանելի է՝ 09. 05. 24:

[4] https://en.trend.az/azerbaijan/politics/3088574.html հասանելի է՝ 10. 05. 24:

[5] Այս առումով տե՛ս Ա. Պողոսյան, Հայաստանում գորգագործության ծագման հարցի շուրջ, ՊԲՀ, 2, Երևան, 2001, էջ 236-250:

[6] Լ. Եգանյան, Արագածի թիկունքում, հնագիտական հետազոտություններ նվիրված Տելեմակ Խաչատրյանի hիշատակին, Երևան, 2018, էջ 29-36:

[7] Ե. Գրեկյան, Նորահայտ վկայություններ Ուրարտուում մանածագործության մասին, Կինը Արևելքում, Երևան, 2024, էջ 28-30:

[8] Ի. Կարապետյան, Հայաստանի նյութական մշակույթը մ. թ. ա. VI-Vդդ., Երևան, 2003, էջ 56-57:

[9] Ֆ. Գանցհորն, Քիստոնեա արևելյան գորգը, Երևան, 2013, էջ 48-56:

[10] Մ. Ղազարյան, էջ ԻԲ,  ԻԳ, նկ. 32, 36, 37, 40, 41:

[11] Վ. Թաթիկյան, Արցախի տոհմագորգերը, Երևան, 2004, էջ 22:

[12] Վ. Թաթիկյան, նույն տեղում, էջ 24:

[13] Ա. Պողոսյան, Վերստին վիշապագորգերի մասին, Նոր ազգագարական հանդես, Երևան, 2005, էջ 109-110:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում