2026
2024-05-20
«Բաքվի վերլուծաբանները հերքել են Ղարաբաղի պատմական հուշարձանների ոչնչացման մեղադրանքները». նման վերնագրով հոդված է տարածել «Кавказский узел» համացանցային էջը:
«Ղարաբաղի բոլոր պատմամշակութային հուշարձանները վերցված են պետական պահպանության տակ, սակայն այն եկեղեցիները, որոնք կառուցվել են վերջին երեսուն տարիների ընթացքում, պատմական հուշարձաններ չեն»,-հոդվածում նշում է պատմաբան Ֆայիգ Իսմայիլովը։
Խոսքը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու մասին է, որը կառուցվել է 1990-ական թվականներին: «Մշակութային ժառանգություն» տերմինի մասին գոյություն ունեցող բազմաթիվ թեզերից և տեսություններից և ոչ մեկը չի կարող հիմնավորել նման հակագիտական թեզը։ Ժառանգությունը չի կարող սահմանվել իր ստեղծման տարեթվով և/կամ ստեղծման տարածքով։ «Մշակութային ժառանգություն» տերմինը հիմնավորող բազմաթիվ հիմունքները, որոնք ընկած են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք կոնվենցիաների և հռչակագրերի հիմքում (Ադրբեջանը ևս ստորագրել է այդ փաստաթղթերը), որևէ կերպ չեն ընդգծում մշակութային ժառանգության ստեղծման «ժամանակը»։ Այս կարևոր կոնվենցիաներից են, օրինակ՝ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիան, որի 4-րդ հոդվածը և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետը սահմանում են, որ մշակութային ժառանգությունը պետք է պահպանել և հարգել:
Հերթական հակագիտական կեղծիքը, որ հանդիպում ենք հոդվածում, այն է, թե Արցախի քրիստոնեական ժառանգությունը ոչ մի կապ չունի հայերի հետ, և որ այն աղվանական է․ «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում գտնվող քրիստոնեական հուշարձանները հայերի հետ կապ չունեն: Քրիստոնեության ակունքները Ադրբեջանում տանում են դեպի վաղ միջնադար՝ Կովկասյան Աղվանք պետության ժամանակաշրջանը: Արաբական խալիֆայության կողմից ժամանակակից Ադրբեջանի տարածքի բռնագրավումից հետո քրիստոնեությունը սկսեց աստիճանաբար փոխարինվել, բայց նույնիսկ մինչև 13-րդ դարը մնաց Խաչենի իշխանությունը, որը գտնվում էր Լաչինի և Քելբաջարի շրջանների տարածքում և այդ պետության գոյության դադարեցումից հետո քրիստոնեական մշակույթը պահպանվեց հեռավոր լեռնային շրջաններում: Սակայն բռնազավթման տարիներին Ղարաբաղում իրականացվել է հայկականացման քաղաքականություն. աղվանական հուշարձանները վերափոխվել են հայկական ոճով, հայկական եկեղեցիներ են կառուցվել նույնիսկ այն վայրերում, որտեղ հայերը երբեք չեն ապրել»։
Հայկական ժառանգության աղվանացման թեզերը, որոնք շրջանառվեցին 20-րդ դարի 30-ական թվականներին, դարձան հայ մշակութային ժառանգության բռնայուրացման մեխանիզմներից մեկը։
Միջազգային իրավական նորմերով արգելվում և հանցագործություն է համարվում հայկական ժառանգության ինքնության ջնջումն ու աղվանական հռչակումը:
Այսպիսով` Ադրբեջանը ոչ միայն չի հարգում իր իսկ կողմից ստորագրված միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները, այլև փորձում է կեղծ տեղեկատվություն տարածել պետական ակադեմիական մակարդակով։ Այսպես` նույն հոդվածում նշվում է․ «Ղարաբաղի պատմական բոլոր հուշարձանները վերցվել են պետական հսկողության տակ, դրանցից ոչ մեկը չի ավերվել կամ վնասվել»,-նշում է Ադրբեջանի ԳԱԱ Ա. Բակիխանովի անվան պատմության ինստիտուտի աշխատակից Ֆայիգը։
Սա պետական մակարդակով տարածվող միակ սուտը չէ։ Հիշեցնենք, որ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից Ադրբեջանը թիրախավորել և միտումնավոր ոչնչացրել է հայկական ժառանգությունը, և այդ քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս։ Արդբեջանական մշակութային վանդալիզմի զոհ են դարձել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, Կանաչ Ժամ եկեղեցին, հիմնովին ավերվել է Քարինտակ բնակավայրը, հողին են հավասարեցվել և ոչնչացվել պատմական գերեզմանոցներ:
Արցախի մշակութային արժեքների պահպանությունը պետք է լինի միջազգային գիտական հանրույթի ուշադրության կենտրոնում և դառնա Արդբեջանական հակահայ քաղաքականության արգելակող ուժը։
Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի