2025
Ստելլա Վարդանյան
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հաճախ է շրջանառվում «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքին: Միաժամանակ ակտիվ գործունեություն է ծավալում «Ադրբեջանի փախստականների միություն» անունը կրող հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել էր 1989 թվականին, իսկ 2022 թվականի օգոստոսի 3-ին վերափոխվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» հասարակական կազմակերպության` Ազիզ Ալաքբարլիի նախագահությամբ[1]:
Համայնքում գործում են այնպիսի կառույցներ, ինչպիսիք են դիտորդական, երեցների, մտավորականների, կանանց և խնամակալների խորհուրդները, տնօրենների խորհուրդը, վերահսկիչ-տեսչական հանձնաժողովը, երիտասարդական միությունը, ներկայացուցչություններ արտասահմանյան երկրներում։ 2023 թվականի հունվարի 8-ին Արևմտյան Ադրբեջանի համայնքում ստեղծվել է Գիտության հանձնաժողով[2]: «Արևմտյան Ադրբեջան համայնք» հասարակական կազմակերպության «պարտավորություններ և իրավունքներ» մասում կարդում ենք. «Համայնքը միակ հասարակական հաստատությունն է, որը զբաղվում է Արևմտյան Ադրբեջանի փախստականների խնդիրներով 1989-ից ի վեր և հավաքում, պահպանում է փաստեր և փաստաթղթեր 1988-1991 թվականներին փախստական դարձած ադրբեջանցիների մասին: 1988-1991 թվականներին Արևմտյան Ադրբեջանից վտարված ավելի քան 50.000 ընտանիք տուժել է: Այս աշխատանքները ներկայումս շարունակվում են։ Այդ տարիներին Արևմտյան Ադրբեջանի մոտ 300 բնակավայրերից վտարված փախստականների ճշգրիտ վիճակագրություն էր կատարվում յուրաքանչյուր ընտանիքի համար (անուն, ազգանուն, հայրանուն), և լրացվում էր 130 գյուղերի ցանկը։ Կազմակերպությունը շարունակում է պատրաստել Արևմտյան Ադրբեջանում մեր պատմամշակութային ժառանգության բոլոր օրինակների ճշգրիտ ցանկը»[3]:
Այսպիսով, ադրբեջանական հակահայկական քարոզչությունը, որն ունի ծրագրային բնույթ, աստճանաբար ներկայանում է նոր ձևաչափերով:
Ի լրումն վերը նշվածի, սույն թվականի մայիսի 1-ին Բաքվում բացվեց նաև «Արևմտյան Ադրբեջան» անունը կրող հեռուստաընկերությունը[4]:
Բացման խոսքում «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալաքբարլին[5] նշեց, որ հեռուստաընկերությունը հանդես է գալու նոր ձևաչափով: Այն իր գործունեությունը կենտրոնացնելու է «վերջին 200 տարիների ընթացքում սեփական բնակատեղիներից տարհանված մեր ազգակիցների, Արևմտյան Ադրբեջանում ոչնչացված մեր ժառանգության վերաբերյալ իրողությունը բարձրաձայնելու, ինչպես նաև խաղաղ ճանապարհով, արժանապատվորեն ետ վերադառնալու վրա»[6]:
Իսկ Ադրբեջանի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր՝ Հիքմեթ Բաբաօղլուն, որը նաև Արևմտյան Ադրբեջան համայնքի փոխնախագահն է, իր խոսքում նշեց, որ հեռուստաընկերությունը, քարոզման տեսանկյունից, ունի մեծ նշանակություն[7]:
«Արևմտյան Ադրբեջան» հեռուստաընկերությունն իր գործունեությունը սկսել էր ծավալել դեռևս 2023 թ. օգոստոսի 1-ից, սակայն` օնլայն հարթակում: Հեռուստաընկերությունը իր հաղորդումները հեռարձակելու է երեք լեզուներով` ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն:
«Արևմտյան Ադրբեջան համայնքի» հանրային կապերի և «Արևմտյան Ադրբեջան» հեռուտատեսության բաժնի ղեկավար, համայնքի խոսնակ Ուլվիյա Զուլֆիգարը լրագրողների հետ ունեցած զրույցում հայտնեց. «Բացման այս արարողությամբ հեռուստատեսության կիբեր քաղաքականությունն էլ է արդիականացվում: Եղած հաղորդումներին ավելացրել ենք նոր ձևաչափով ու բովանադակությամբ հաղորդումներ, ինչպես` «Մեծ առաջնորդը և Արևմտյան Ադրբեջան»-ը, «Դեպի Արևմտյան Ադրբեջան» հաղորդաշարում խոսելու ենք առաջնորդի` նախագահ Իլհամ Ալիևի` Արևմտյան Ադրբեջանի ուղղությամբ կատարած աշխատանքների վերաբերյալ, հաջորդիվ` «Մարդկության դեմ» հաղորդումը մեր ազգակիցների հետ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ է: Հեռարձակելու ենք Արևմտյան Ադրբեջանի նյութական, մշակութային ժառանգության վերաբերյալ «Քայլ առ քայլ Արևմտյան Ադրբեջան», «Արևմտյան Ադրբեջանի համերը», «Գրական Երևան» և այլ հաղորդաշարեր»[8]:
Հարկ է նշել, որ դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 24-ին Իլհամ Ալիևը, այցելելով կազմակերպության շենք, ելույթի իր խոսքում ընդգծել է, որ «Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է. դա հաստատվում է բազմաթիվ պատմական փաստաթղթերով, քարտեզներով և մեր պատմությամբ...: Մեր հիմնական խնդիրն է այդ ամենը հասցնել համաշխարհային հանրությանը: Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ սկսվել են: Վստահ եմ, որ համայնքն այդ ուղղությամբ ավելի նպատակային է աշխատելու` արդյունքի հասնելու համար[9]»:
«Արևմտյան Ադրբեջան» հեռուստաընկերությունը, որը կրում է պետական հովանավորչություն, կրկին հաստատում է, որ «մարդու իրավունքների» և «խոսքի ազատության» քողի տակ ադրբեջանական իշխանությունները միջազգային հանրությանը ներկայանում են որպես «խաղաղասեր»: Սակայն, իրականում, այս հեռուստաընկերությունը հերթական դաշտն է հակահայկական քարոզչության և կեղծ թեզերի տարածման համար:
Այս ամենը մեկ անգամ ևս վկայում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և թշնամական քաղաքականության խորացման մասին: Շրջանառության մեջ դնելով և հետևողականորեն քարոզելով «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը` Իլհամ Ալիևի վարչակարգը հող է նախապատրաստում և «իրավական հիմքեր» ստեղծում Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքում հարյուր հազարավոր այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» հաստատման համար:
[1] “Qərbi Azərbaycan İcması bu binada fəaliyyət göstərir”, https://modern.az/qerbi-azerbaycan-icmasi-tam-fealiyyete-baslayib/365733
[2] QƏRBİ AZƏRBAYCAN İCMASI, http://anl.az/el/emb/Qerbi_Azerbaycan/haqqinda.htm
[3] ELEKTRON MƏLUMAT BAZASI, http://anl.az/el/emb/Qerbi_Azerbaycan/haqqinda.htm
[4] “Qərbi Azərbaycan TV yeni formatda efirə çıxdı”, https://youtu.be/j_CwSrCyrCI?si=d1LsruagSA1DHGq5
[5] Parlamentdə təmsil olunan Qərbi Azərbaycan İcması nümayəndələrinin Bəyanatı qəbul edilib - 26.12.2023, Sputnik Azərbaycan, https://sputnik.az/20231226/milli-meclisde-qerbi-azerbaycanlilarin-deportasiyasi-ile-bagli-sergi-numayis-olunub-461579332.html
[6] “Qərbi Azərbaycan TV yeni formatda efirə çıxdı”, https://youtu.be/j_CwSrCyrCI?si=d1LsruagSA1DHGq5
[7] Նույնը` https://youtu.be/j_CwSrCyrCI?si=d1LsruagSA1DHGq5
[8] Նույնը` https://youtu.be/j_CwSrCyrCI?si=d1LsruagSA1DHGq5
[9] Əliyev Qərbi Azərbaycan İcmasının binasında, https://axar.az/news/toplum/701751.html