2026

Ալիևի ռեժիմը վրեժ է լուծում Քարինտակից

2024-04-29

Ապրիլի 5-ին Google Earth ծառայությունը թարմացրեց Ասկերանի և Շուշիի շրջանների արբանյակային  պատկերները։ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» կայքի թիմն արձանագրել է, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Շուշիի շրջանի Քարինտակ գյուղն` իր հին թաղամասերով, աղբյուրներով, քաղաքացիական ենթակառուցվածքներով և բնապատմական միջավայրով։

Քարինտակ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում՝ անմիջապես Շուշի քաղաքից հարավ գտնվող ուղղահայաց ժայռերի ներքևում՝ Կարկառ գետի  ձախ ափին։

Նորություն չէ և վերջին տարիներին փաստերով բազմիցս հաստատվել է, թե ինչպես է  Ադրբեջանն Արցախում համակարգված ոչնչացնում և յուրացնում հայկական պատմամշակութային ժառանգությունը։

Քարինտակի դեպքն առանձնակի «դաժանությամբ» է աչքի ընկնում` իբրև վանդալիզմի յուրօրինակ դրսևորում, և կարծես թե  ունի «խորհրդանշական» բնույթ :

Բանն այն է, որ Քարինտակի ինքնապաշտպանությունն Արցախյան առաջին պատերազմի սկզբնական փուլի նշանավոր իրադարձություններից է, որտեղ ադրբեջանական ուժերը լուրջ պարտություն են կրել։ Քարինտակի նշանավոր կռիվները տեղի են ունեցել 1992 թ․ հունվարի 26-ին։ Ադրբեջանական ուժերը հարձակում սկսեցին, սակայն հայկական ինքնապաշտպանական ուժերի և գյուղի բնակիչների դիմադրության արդյունքում պարտություն կրեցին՝ տալով տասնյակ կորուստներ։ Քարինտակի հարձակումը ղեկավարելու նպատակով Բաքվից Շուշի էր եկել Ադրբեջանի պաշտպանության նախարար Տաջեդդին Մեհդիևը, սակայն պարտությունից հետո նրան հեռացրին պաշտոնից։

Քարինտակ գյուղն ադրբեջանցիների կողմից օկուպացվել է 2020 թվականի նոյեմբերի 4-ին։

Լուսանկարը վերցված է Monument Watch-ի կայքից

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում