2025

Նիզամի Գյանջավի․ իրանական ժառանգությունից Ադրբեջանի հերթական գողությունը

Իրանի ու Ադրբեջանի միջև  հակասությունները չեն սահմանափակվում միայն քաղաքական համատեքստում։ Այս երկրների տարաձայնություններն ընդգրկում են շատ ավելի լայն շրջանակ և պայմանավորված են այդ թվում Իրանի պատմամշակութային ժառանգությունը յուրացնելու Ադրբեջանի փորձերով։

Իրանական ժառանգության յուրացման ամենացայտուն օրինակներից մեկը, թերևս, պարսից պոեզիայի դասականներից Նիզամի Գյանջավիի «ադրբեջանականացումն» է։

Նիզամի Գյանջավիի իսկական անունը Ջամալ ադ-Դին Աբու Մուհամմադ Իլյաս իբն Յուսուֆ իբն Զաքի իբն Մուայյադ է։ Բանաստեղծն առավել հայտնի է Հաքիմ Նիզամի և Նիզամի Գյանջավի գրական անուններով։

Պոետի կենսագրության վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան: Որոշ աղբյուրների համաձայն՝ Գյանջավիի մայրը ծագումով քուրդ էր, հայրը՝ Կենտրոնական Իրանից էր սերում: Գյանջավիի՝ իբրև թե «ադրբեջանցի» լինելու Բաքվի միակ փաստարկն այն է, որ բանաստեղծը ծնվել և մեծացել է Գանձակ (Գյանջա) քաղաքում, որն այժմ գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Ընդ որում՝ Գյանջավին 12-րդ դարի բանաստեղծ է, իսկ այդ ժամանակաշրջանում խոսք չէր կարող լինել «ադրբեջանցի» ժողովրդի մասին։

Սեփական պատմության կերտման շրջանակներում Գյանջավիի «յուրացումն» Ադրբեջանն սկսել է դեռևս խորհրդային տարիներին և շարունակում է նորանկախ Ադրբեջանում։  Բաքվին չի կաշկանդում անգամ այն հանգամանքը, որ բանաստեղծը ստեղծագործել է պարսկերենով։ Հենց այդ փաստից խուսափելով՝ 2013 թ․ Ադրբեջանում հեռացրել են Նիզամի Գյանջավիի դամբարանի վրա առկա պարսկերեն գրությունները՝ դրանք փոխարինելով ադրբեջաներեն գրություններով: Ադրբեջանի այս քայլը ստացել է  իրանական կողմի  կտրուկ  արձագանքը։

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ այս քայլը չի փոխելու Նիզամիի մշակութային ու պատմական էությունը, իսկ Իրանի մշակութային ժառանգության կազմակերպության տնօրենը բողոքի նամակ հղեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ «Կոչ ենք անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու այս հակամշակութային գործողությունը և արձանագրություններն իրենց սկզբնական տարբերակին վերադարձնել», - նշվել էր նամակում։

Ադրբեջանը, սակայն, շարունակում է ակտիվ գործել` Նիզամիին «ադրբեջանականացնելու» ուղղությամբ։ Բաքվի ջանքերով աշխարհի տարբեր քաղաքներում կանգնեցվել է Նիզամի Գյանջավիի արձանը՝ իբրև «ադրբեջանցի գրողի»։ Այդ քաղաքներն են՝ Հռոմը, Տաշքենդը, Սանկտ-Պետերբուրգը, Մոսկվան, Պեկինը, Քիշնևը, Չեբոքսարը, որտեղ արձանների տեղադրումը ևս առաջացրել է իրանական կողմի դժգոհությունը։

2012 թվականին Ադրբեջանում հիմնել են Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնը, որտեղ նաև արտասահմանյան բարձրաստիճան պատվիրակությունների այցելություններ են կազմակերպվում։

Շարունակելով այս քաղաքականությունը՝ Ադրբեջանում 2021 թվականը հայտարարվել էր Նիզամի Գյանջավիի տարի։ Նույն  թվականին Բաքուն բողոք է հղել Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին, քանի որ պարսկերեն գրականության բաժնում ներկայացված է եղել նաև Նիզամի Գյանջավին։ Ադրբեջանում սա համարել էին «փաստերի խեղաթյուրում»։

Ադրբեջանն այնքան հեռու է գնացել, որ իր ներկայացուցիչները մասնակցում են Իրանում անցկացվող գրքի ցուցահանդեսներին և Նիզամի Գյանջավիին ներկայացնում որպես ադրբեջանցի և տեղում հակադարձում իրանցիների ուղղումներին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մակարդակով ևս բանաստեղծը «ադրբեջանականացվում» է:

Իրանական կողմը շարունակում է ուշադրությամբ հետևել Ադրբեջանի այս քայլերին և ակտիվացնում է իր քայլերը` Բաքվի քարոզչությանը հակազդելու հարցում։ Սրա վկայությունն այն է, որ վերջին երեք տարիներին Իրանում Նիզամի Գյանջավիի մեծարման շաբաթ է անցկացվում, որի շրջանակներում Թեհրանում կանգնեցվել է Նիզամի Գյանջավիի արձանը:

Մեծարման շաբաթվա ընթացքում կազմակերպվում են Գյանջավիին նվիրված տարատեսակ միջոցառումներ, այդ թվում՝ գիտաժողովներ։ 2024 թ․ մարտին Ուրմիայում անցկացված գիտաժողովներից մեկում անդրադարձ է կատարվել Նիզամի Գյանջավիի «ադրբեջանականացման» խնդրին։ Գիտաժողովի մասնակից, գրող Մոսթաֆա Ղոլիզադեն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ  Ադրբեջանի կողմից Նիզամիին վերագրվող թյուրքերեն դիվաններ են հորինվում, որոնք փաստազուրկ են, քանի որ գրված են ժամանակակից լեզվով: Այդ գիտաժողովում մտահոգություն են հայտնել, որ նման տեմպեով Նիզամիին «ադրբեջանականացնելու» հարցում Բաքուն հաջողելու է նաև միջազգային ասպարեզում։

Այնուամենայնիվ, թեև Ադրբեջանը լուրջ ջանքեր է գործադրում Նիզամիին «ադրբեջանցի» ներկայացնելու համար, միևնույնն է, փաստն այն է, որ Նիզամի Գյանջավին եղել է իրանցի պոետ, ստեղծագործել է բացառապես պարսկերեն ու գովերգել Իրանը։ «Ամբողջ աշխարհը մարմին է, իսկ Իրանը՝ սիրտ», - ահա այսպես է արտահայտել Իրանի հանդեպ իր սերը հայտնի բանաստեղծը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում