2026
2026-10-07
Ադրբեջանում վերջին օրերին լայն տարածում են գտել հիջաբ կրող աշակերտներին դպրոցներից հեռացնելու, դասերին չթողնելու դեպքերն ու գլխաշորի կրումն արգելելու հրահանգները։ Մասնավորապես՝ սոցցանցերի ադրբեջանական ու միջազգային տիրույթում տեսանյութ է տարածվել, թե ինչպես Սումգայիթ քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցում հիջաբ կրող աշակերտուհիներին արգելել են մուտք գործել դպրոց։
Նույնը տեղի է ունեցել Սաբիրաբադի շրջանի Յոլչուբեյլի գյուղի և Գյանջա քաղաքի թիվ 24 միջնակարգ դպրոցներում։ Ըստ տեղեկությունների՝ սեպտեմբերի 30-ին Յոլչուբեյլիի միջնակարգ դպրոցի տնօրեն Քենան Ալասգերլին աշակերտուհիներին զգուշացրել է. «Կամ հանե՛ք ձեր գլխաշորերը հաջորդ շաբաթ, կամ դիմո՛ւմ գրեք և հեռացե՛ք դպրոցից»։ Ծնողների պնդմամբ՝ տնօրենը հրահանգը ստացել է Կրթության ու գիտության նախարարությունից։
Գյանջայի թիվ 24 միջնակարգ դպրոցի հիջաբ կրող աշակերտների ծնողների հաղորդմամբ տնօրեն Աբդուլլա Քերիմովն ամիսներ շարունակ ճնշել է հիջաբ կրող աշակերտուհիներին։ Ծնողների խոսքով՝ տնօրենը մի քանի աշակերտուհիների հիջաբը բռնի կերպով նաև հանել է։
Այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանի կառավարության՝ սեպտեմբերի 21-ին ընդունած որոշման ֆոնին՝ պետական հանրակրթական հաստատությունների սովորողների հագուստին ներկայացվող պահանջներում փոփոխությունների վերաբերյալ։ Փաստաթղթի համաձայն՝ չի թույլատրվում հագուստի այլ տարրերի օգտագործումը, որոնք խախտում են սովորողների համար սահմանված համազգեստի միասնականությունը, ինչպես նաև չեն համապատասխանում հանրակրթության աշխարհիկության սկզբունքին։ Որոշման մեջ չի օգտագործվում «հիջաբ» բառը, և հատուկ չի նշվում որևէ կրոնական հագուստ։ Այնուամենայնիվ՝ կրոնական ակտիվիստները փոփոխությունը մեկնաբանում են որպես դպրոցական համազգեստի մաս չհանդիսացող գլխաշորերի արգելք։ Չի հստակեցվում նաև, թե հագուստի կոնկրետ որ տարրերն են աշխարհիկության սկզբունքին չհամապատասխանող։
Այս քննարկումները հասել են նաև Թուրքիա, որտեղ կրոնական գործիչները քննադատում են Ադրբեջանի կառավարությանը և նույնիսկ սպառնում։ Հոկտեմբերի 3-ին Ստամբուլում՝ Ադրբեջանի հյուպատոսության առջև, թուրք ակտիվիստները «Մտքի ազատության և կրթության իրավունքների ասոցիացիա» կազմակերպության նախաձեռնությամբ բողոքի ակցիա են անցկացրել ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ։
Օրեր առաջ ադրբեջանական սոցցանցային տիրույթում հիջաբի թեման շրջանառվել և ավելի է սրվել աստվածաբան Աբգյուլ Սուլեյմանովի կալանավորմամբ։ Վերջինս ձերբակալվել է սեպտեմբերի 22-ի երեկոյան, և դատարանը նրան դատապարտել է 30-օրյա վարչական կալանքի։ Սուլեյմանովը հանդես է եկել դպրոցականների կողմից հիջաբ կրելու սահմանափակումների դեմ։ Ընտանիքը ձերբակալությունը կապում է հենց այս դիրքորոշման հետ։
Հիջաբ կրող աշակերտուհիներին դպրոցներ չթողնելու վերաբերյալ բողոքներ ստացվել էին դեռևս ապրիլի սկզբին, երբ Սումգայիթի թիվ 15 միջնակարգ դպրոցում հիջաբով աշակերտուհիներին արգելվել էր դպրոց հաճախել։ «Դպրոցից հեռացրել են 18 տարեկանը չլրացած աշակերտուհուն։ Նա զրկվել է կրթությունը շարունակելու հնարավորությունից»,-ասել է վերջինիս ծնողը։ «Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ մենք կրթություն ստանալու իրավունք ունենք։ Սակայն մեր կրոնական համոզմունքների պատճառով մեր երեխաներին ու թոռներին թույլ չեն տալիս դպրոց գնալ, իսկ դպրոցի վարչակազմը հրաժարվել է պաշտոնական ծանուցում տրամադրել՝ դստերը դասերից հեռացնելու վերաբերյալ»,-նշել է ծնողը։ Նրա պնդմամբ՝ աշակերտուհուն առաջարկել են կա՛մ հանել գլխաշորը, կա՛մ դպրոց հասնելիս հանել, մասնակցել դասերին, այնուհետև՝ կրել։ Ծնողի խոսքով՝ իրենք դիմել են նաև Տարածքային կրթության վարչություն, որտեղից պատասխանել են, որ դա դպրոցի ներքին որոշումն է։
Դեռ մարտից տեղեկություններ էին տարածվել, որ հիջաբ կրող աշակերտներին թույլ չեն տալիս մտնել դպրոցներ։ Մեհդիաբադ գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Աֆաթ Ջամալովան, ըստ հաղորդումների, 23 աշակերտի հեռացրել էր դպրոցից՝ հիջաբ կրելու համար: Մարտի սկզբին նմանատիպ դեպք տեղի էր ունեցել Գիզիլաղաջ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում․ հիջաբ կրելու համար տնօրենը դպրոցից հեռացրել էր երեք աշակերտի:
Ադրբեջանում կրոնական ազատությունների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ Արզու Աբդուլլայի խոսքով՝ մարտի սկզբից հիջաբ կրելն արգելված է Խաթայի շրջանի թիվ 261, Մեհդիաբադի թիվ 3 և թիվ 4 միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև՝ Սումգայիթի թիվ 15 և թիվ 17 դպրոցներում։ Ակտիվիստը «OC Media»-ին ասել է, որ մարտի 15-ին Սումգայիթի թիվ 17 միջնակարգ դպրոցից հեռացվել են հիջաբ կրող երկու ուսուցչուհիներ ևս, ինչը մեծացնում է թիրախավորվածների թիվը։ Վերջինիս կարծիքով՝ «մոտ ապագայում հիջաբի արգելքը պաշտոնապես կօրինականացվի»։
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում Բեյլագանի բնակիչ Ֆիդան Մահերրամովան նշել էր, որ տնօրենը տեղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում սովորող իր երեխային զգուշացրել է հիջաբով դպրոց չհաճախելու մասին։ Ի պատասխան ծնողի հարցին, թե որն է պատճառը, տնօրենը շեշտել է, որ «վերևից եկած հրաման» է։
Իմիշլիի շրջանի բնակիչ Վուսալ Հասանլին ֆեսբուքյան իր էջում նշել էր, որ թիվ 3 դպրոցում հիջաբի արգելման պատճառով իր երկու դուստրերը հեռացվել են դասերից։ Ավելին՝ դպրոցի տնօրենն զգուշացրել է, որ հիջաբները չհանելու դեպքում երեխաներին կարգելվի դպրոց գնալ։
Տարածված տեսանյութերի ու տեղեկությունների համաձայն՝ Իմիշլիի շրջանի թիվ 8 միջնակարգ դպրոցի տնօրեն Ռենա Գուլիևան աշակերտներին թույլ չի տվել գլխաշորով մտնել դպրոց: Նման իրավիճակ է ստեղծվել նաև Ջալիլաբադի թիվ 7 միջնակարգ դպրոցում:
Այս ամենի ֆոնին՝ ադրբեջանական սոցիալական ցանցերում և մի շարք լրատվական էջերում տարածվել էին տեղեկություններ, որ «հիջաբն արգելվելու է նաև պետական այլ հաստատություններում, իսկ դրա փոխարեն՝ խրախուսվել է ազգային գլխաշորի՝ քալաղայի կրումը»։
Ադրբեջանական «Yeni Musavat» լրատվամիջոցին հղում արված հրապարակումներում նշվել էր, թե Ադրբեջանում նախատեսվում է սահմանափակել կրոնական գլխաշորերի, այդ թվում՝ հիջաբի կրումը դպրոցներում, բուհերում և պետական հաստատություններում։ Սակայն սկզբնաղբյուր հանդիսացող հոդվածը հետագայում հեռացվել էր։ «Yeni Musavat» մեդիա խմբի ղեկավար Ռաուֆ Արիֆօղլուն պաշտոնապես հերքել էր տեղեկությունը՝ նշելով, որ նման որոշում կամ քննարկում պետական մակարդակով չի եղել, իսկ հոդվածը հրապարակվել է չստուգված տեղեկատվության հիման վրա։
Հիջաբի արգելքներին նախորդող դեպքերն ու բողոքի ցույցերը
Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի թեման նոր չէ։ Դեռևս 2010 թվականին Կրթության նախարար Միսիր Մարդանովը հայտարարել էր, որ բոլոր աշակերտները պարտավոր են դպրոցում կրել սահմանված համազգեստ, ինչը, փաստացի, բացառել էր հիջաբի կրումը։ Որոշման դեմ հարյուրավոր մեծահասակների և երեխաների մասնակցությամբ բողոքի ցույց էր անցկացվել։ Մասնակիցների պնդմամբ՝ արգելքը խախտում էր իրենց կրոնական համոզմունքները։ Այդ ընթացքում ձերբակալվել էր 16 մասնակից։
2010 թվականի դեկտեմբերի վերջին Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաները շարունակվել են։ Գյանջայում ոստիկանությունը ցրել էր Շահ Աբբաս մզկիթի մոտ անցկացված ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ մասնակիցների։ Բողոքի նմանատիպ ակցիաներ տեղի են ունեցել նաև Բաքվի Նարդարան բնակավայրում, ինչպես նաև՝ Մասալլիի և Աստարայի շրջաններում։
Հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաները շարունակվել են 2011 թվականին՝ ուղեկցվելով նոր ձերբակալություններով։ Մայիսի 6-ին Բաքվում՝ Կրթության նախարարության դիմաց, ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով մի շարք մասնակիցներ բերման էին ենթարկվել։ Ակցիայի մասնակիցների շրջանում կրոնական մի խումբ գործիչներ, վանկարկելով «Ազատություն հիջաբին» և «Ալլահ Ակբար» կարգախոսները, «Հիջաբը դպրոցական աղջիկների սահմանադրական իրավունքն է» գրությամբ պաստառներ էին ցուցադրել։ Վերջիններիս պահանջն է եղել՝ վերացնել հիջաբը կրելու արգելքը միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ այն համարելով սահմանադրական իրավունքի խախտում։
«Ազատություն հիջաբին» կոչերով բողոքի ակցիա տեղի էր ունեցել Բաքվում 2012 թվականի հոկտեմբերին, որի ընթացքում ձերբակալվել էր ավելի քան 65 ցուցարար, իսկ 20 ոստիկան վիրավորվել էր։ Ձերբակալվածներին անվանել էին «հիջաբի բանտարկյալներ»։ Նշենք, որ բողոքի զանգվածային ցույցերից հետո հիջաբի արգելքի որոշումն Ադրբեջանում չեղյալ էր հայտարարվել։
Չնայած շիա մուսուլմանները կազմում են Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը, սակայն իշխանությունները պարբերաբար սահմանափակումներ են կիրառում աչքի ընկնող հավատացյալների նկատմամբ։ 2025 թվականի օգոստոսին 6 կին ձերբակալվել էր «կրոնական արարողությունների քողի տակ բողոքի ակցիա անցկացնելու» մեղադրանքով՝ շիաների հիշատակի օրվա առթիվ Բաքվի Խազարի շրջանում ողորմություն բաժանելու ընթացքում։ Դեպքի տեսանյութերը, որոնցում երևում է ոստիկանության կողմից կանանց նկատմամբ ուժի կիրառումը, լայն տարածում էր գտել սոցիալական ցանցերում։
Հատկանշական է, որ Ադրբեջանի Սահմանադրության 42-րդ հոդվածը սահմանում է յուրաքանչյուրի կրթության իրավունքն ու պետության պարտավորությունը, այն է՝ ապահովել անվճար և պարտադիր ընդհանուր միջնակարգ կրթություն։ Միաժամանակ՝ Սահմանադրության 48-րդ հոդվածն ամրագրում է խղճի ազատության իրավունքը՝ սահմանելով, որ «ոչ ոքի չի կարելի հարկադրել արտահայտել (ցուցադրել) իր կրոնական համոզմունքները, կատարել կրոնական արարողություններ կամ մասնակցել կրոնական արարողություններին»:
Ադրբեջանի դպրոցներում և ուսումնական այլ հաստատություններում հիջաբի կրման հարցը տարիներ շարունակ եղել է հասարակական և քաղաքական լարվածության պատճառ՝ պարբերաբար վերադառնալով հանրային օրակարգ։ Թեև իշխանությունները սահմանափակումները հիմնավորում են պետության աշխարհիկ բնույթի և կրթական համակարգում միասնական կանոնների պահպանման անհրաժեշտությամբ, դրանք հաճախ հակասության մեջ են հայտնվում քաղաքացիների, մասնավորապես՝ կանանց և աղջիկների՝ կրթության և խղճի ու կրոնի ազատության հիմնարար իրավունքների հետ։ Ադրբեջանի իշխանությունների ընդունած նոր կանոնները հիջաբն ուղղակիորեն չեն արգելում, սակայն ակտիվ միջոցառումներ են իրականացվում դրանց արգելումն ապահովելու համար։ Հաշվի առնելով երկրում կրոնական հայացքներ ունեցող կանանց նկատմամբ արձանագրվող ճնշումները՝ չի կարելի բացառել, որ հիջաբի արգելքի միջոցառումները նաև նպատակ ունեն գնահատելու հանրային արձագանքն ու հիմք նախապատրաստել՝ հետագայում արդեն հենց հիջաբի սահմանափակումները պաշտոնապես օրինականացնելու համար։