2026

Շվեդիան «Արևմտյան Ադրբեջան» հորինվածքի քարոզչադաշտ

2026-08-12

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի առաջքաշումը և հատկապես՝ արտերկրում դրա տարածմանն ուղղված ջանքերը։

Ադրբեջանն արտերկրում կրկին ակտիվացրել է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի շահարկումն ու տարածումը։

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի է ունեցել հերթական միջոցառումը՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետազոտող Զարիֆա Հագվերդիևայի «Երևան՝ իմ սրտում ապրող հայրենիք» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսը կազմակերպվել է «Շվեդիա-Ադրբեջան միություն» կազմակերպության կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության Սփյուռքի հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի և Շվեդիայի Թագավորությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ: Այս կառույցների ներգրավվածությունը խոսում է Ադրբեջանի իշխանությունների կողմից «Արևմտյան Ադրբեջան» հորինվածքի տարածման գործում ուղիղ ներգրավվածության մասին։

 Կազմակերպության ղեկավար Սևդա Դադաշովան ընդգծել է, որ նոր գրքի շնորհանդեսը մշակութային կարևոր իրադարձություն է ազգային հիշողությունը, պատմական «ճշմարտություններն ու հայրենիքի հանդեպ սերը պահպանելու համար»։

Սևդա Դադաշովային հորդորում ենք ներկայացնել պատմական իրական «ճշմարտությունները»․ Երևանը երբեք և երբևէ ադրբեջանցիների համար հայրենիք չի եղել ու չի կարող լինել։

Հեղինակ Զարիֆա Հագվերդիևային, հակառակ իր խոսքի, թե «գիրքը նպատակ ունի նպաստել ազգային հիշողության պահպանմանն ու պատմական իրողությունների՝ ապագա սերունդներին փոխանցմանը», հորդորում ենք զբաղվել իրական պատմական իրողությունների փնտրտուքով: Վստահաբար պնդում ենք՝ անաչառ պատմագիտությամբ զբաղվելու պարագայում թե՛  Զարիֆա Հագվերդիևան, և թե՛ ադրբեջանական քարոզչության մյուս խոսափողներն այլևս նմանօրինակ պատմագիտական կարիկատուրաներ չեն հրատարակի։

Միջոցառման խնդրահարույց կողմերից մեկն այն է, որ ադրբեջանցիները մեծ ջանքեր են ներդնում իրենց քարոզչական միջոցառումներում ներգրավելու ներկայացուցիչներ հատկապես թյուրքախոս, այդ թվում՝ կենտրոնասիական երկրներից։  Միջոցառմանը մասնակցել են ղազախական, ուզբեկական, թուրքմենական և ույղուրական սփյուռքի կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև՝ թուրքական համայնքի ներկայացուցիչներ։

Կոչ ենք անում  Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հետ պատմական սերտ առնչություններ ունեցող կենտրոնասիական երկրներին և նրանց դիվանագիտական ներկայացուցչություններին՝ զերծ պահելու իրենց քաղաքացիներին ադրբեջանական քարոզչամեքենայի զոհը դառնալուց։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հորդորում է միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա պետական կառույցներին ու դիվանագիտական ներկայացուցչություններին, գիտակրթական ոլորտի գործընկերներին զերծ մնալ ալիևյան ռեժիմի ծավալապաշտական քաղաքականությանն այս կամ այն կերպ նպաստելուց:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում