2026
2026-05-12
Ադրբեջանի Գերագույն դատարանը 2026 թվականի ապրիլի 2-ին ավարտել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուի վճռաբեկ բողոքի քննարկումը: Յագուբլուին ինը տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ կայացված նախորդ որոշման մեջ օրենքի խախտում չի հայտնաբերվել, ըստ այդմ՝ բողոքը չի բավարարվել։
Ընդդիմադիր գործչի վերջին ձերբակալությունը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Բաքվի մետրոյում։ Հաջորդ օրը նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել։ Յագուբլուն և նրա համախոհ Էլնուր Մամմեդովը մեղադրվել են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ խոշոր ծավալի վնաս պատճառած խարդախության, պաշտոնական փաստաթղթերի կեղծման ու դրանց օգտագործման համար։ Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանը նրանց նկատմամբ նշանակել է չորս ամսվա նախնական կալանք, ինչը պարբերաբար երկարացվել է։ Խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ փաստաբանների բոլոր միջնորդությունները մերժվել են։ 2024 թվականի հունիսի 14-ին մեկնարկած դատավարությունն ավարտվել է 2025 թվականի մարտի 10-ին. Յագուբլուն դատապարտվել է ինը տարվա ազատազրկման։
Յագուբլուի նկատմամբ ճնշումները
Թոֆիգ Յագուբլուն ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախկին փոխնախագահն է, ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիայի՝ «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» ավագ անդամ։ Յագուբլուն նախկինում եղել է նաև ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթի լրագրող։ Արցախյան պատերազմի մասնակից է։ Նա Ադրբեջանի կառավարության և իշխանությունների գործունեության քննադատներից է: Բազմիցս աչքի է ընկել իշխանությունների դեմ խաղաղ ցույցերի մասնակցությամբ, Ադրբեջանի կառավարության և Ալիևների ընտանիքի հասցեին մարդու իրավունքների խախտումների ու կոռուպցիոն գործունեության համար քննադատող հարցազրույցներով։
Ընդդիմադիր գործունեության շրջանակներում Թոֆիգ Յագուբլուն առաջին անգամ ձերբակալվել է 1998 թվականին: Մեղադրվել է չարտոնված բողոքի ցույցին մասնակցելու, ոստիկանության հրահանգներին չենթարկվելու համար և դատապարտվել երկու տարվա պայմանական ազատազրկման։ 2011 թվականի ապրիլին Յագուբլուն ձերբակալվել է ժողովրդավարական բարեփոխումների և ազատ ու արդար ընտրությունների պահանջով կազմակերպված խաղաղ ցույցին մասնակցելու համար: 2012 թվականի մայիսին Յագուբլուն ձերբակալվել է բողոքի ցույցերին մասնակցելու մեղադրանքով և ենթարկվել է վարչական պատասխանատվության` չնայած այն հանգամանքին, որ ցույցերին անմիջական մասնակցություն չի ունեցել:
2013 թվականի հունվարին ալիևյան վարչակարգի այս կարկառուն քննադատն Իսմայիլիում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել և դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման:
Նախագահ Ալիևի հրամանագրով ներում ստանալուց և ազատ արձակվելուց հետո էլ Յագուբլուն շարունակել է իր ընդդիմադիր գործունեությունը։ 2019 թվականի հոկտեմբերին նա կրկին ձերբակալվել է բողոքի խաղաղ ցույցին մասնակցելու ժամանակ` ոստիկանության հրահանգներին չհետևելու մեղադրանքով: Ըստ տեղեկությունների՝ իրավապահները նրա նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն են կիրառել, սպառնացել են որդուն սպանել։
Ինչպես իրավունքի ոլորտի մասնագետներն են արձանագրել, 2020 թվականի մարտին Յագուբլուն ձերբակալվել է կեղծ մեղադրանքով` դատապարտվելով չորս տարի երեք ամիս ազատազրկման, ապա` տնային կալանքի, իսկ 2021 թվականի հուլիսին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել:
2021 թվականի դեկտեմբերին Յագուբլուն մի շարք ցուցարարների հետ միասին բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալվել է՝ կալանքի տակ գտնվող ընդդիմադիր ակտիվիստ Սալեհ Ռուստամովին ազատ արձակելու պահանջով կազմակերպված բողոքի խաղաղ ակցիայի ժամանակ։ «Human Rights Watch»-ի արձանագրմամբ` Յագուբլուն դաժան ծեծի է ենթարկվել իրավապահների կողմից, բազմաթիվ վնասվածքներ է ստացել և վարչական տույժի ենթարկվելուց հետո ազատ է արձակվել:
Ընդդիմադիր գործիչը կրկին ձերբակալվել է 2022 թվականի դեկտեմբերին և դատապարտվել 30 օրվա ազատազրկման՝ մեկ այլ ակտիվիստի բանտարկության դեմ բողոքելու համար։
Չնայած պարբերական ձերբակալություններին ու կալանքին` Յագուբլուն չի դադարել խոսել ադրբեջանական իշխանությունների կոռուպցիոն վարքագծի և Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին։ 2024 թվականի փետրվարի նախագահական ընտրություններին ընդառաջ ևս Յագուբլուն գրեթե ամեն օր հրապարակային հայտարարություններ է արել՝ քննադատելով Ադրբեջանի կառավարությանը։
Արդյունքում՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-ից մինչ օրս Յագուբլուն կալանավորված է, իսկ 2026 թվականի ապրիլի 2-ի դատավճռով նրա նկատմամբ ինը տարվա ազատազրկման վճիռը մնացել է անփոփոխ։ Դուստրը՝ Նիգար Հազին, Ադրբեջանի Գերագույն դատարանի այս որոշումը որակել է որպես քաղաքական պատվեր։ Նրա համոզմամբ՝ Իլհամ Ալիևի վրեժխնդրության հետևանքով հայրը, որպես պատիժ, բանտախցից 7 օրով տեղափոխվել է մեկուսարան, երբ 2026 թվականի փետրվարի 19-ին Վաշինգտոնում իր եղբոր՝ Ռահիմ Յագուբլուի մասնակցությամբ «ազատություն քաղբանտարկյալներին», «ազատություն Յագուբլուին» վանկարկումներով բողոքի ցույց է տեղի ունեցել Իլհամ Ալիևին սպասարկող հյուրանոցի մոտ։
Յագուբլուն ի սկզբանե վստահություն է ունեցել, որ Ադրբեջանում իր նկատմամբ արդար դատավարություն չի իրականացվելու և պահանջել է արագ ավարտել ներպետական գործընթացները՝ միջազգային ատյաններին դիմելու համար։
Միջազգային և իրավապաշտպան կառույցների որոշ արձագանքներ
2025 թվականի տարեսկզբին Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը եղել է շուրջ 400 մարդ։ 2026 թվականի սկզբին արձանագրվել է 340 քաղբանտարկյալի անուն: Վերջին երկու տասնամյակների ընթացքում միջազգային և տեղական տարբեր կառույցներ բազմիցս նշել են, որ Ադրբեջանի իշխանությունները լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանների և իրենց քննադատող առանձին գործիչների նկատմամբ հետապնդումներով և անհիմն մեղադրանքներով փորձել են լռեցնել ընդդիմադիր ցանկացած դրսևորում։
2021 ցույցերի և հատկապես Յագուբլուի նկատմամբ իրավապահների վերաբերմունքի մասին արտահայտվելիս «Human Rights Watch»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Գիորգի Գոգիան հաստատել է, որ Ադրբեջանի իշխանություններն այլախոհությունը ճնշելու համար ցուցարարների նկատմամբ բռնություն են կիրառել։ Նա ադրբեջանական իշխանություններից պահանջել է անհապաղ, անաչառ և մանրակրկիտ հետաքննություն անցկացնել իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ։ Յագուբլուի հանդեպ վերաբերմունքը Գոգիան գնահատել է որպես «հարձակում անհատի և խաղաղ հավաքների իրավունքի հանդեպ»։
2024 թվականի հուլիսի 11-ին՝ Յագուբլուի դատավարության մեկնարկից կարճ ժամանակ անց, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները` Gibson, «Dunn & Crutcher LLP»-ն և «TrialWatch»-ը, մեղադրական նամակներ են ներկայացրել ՄԱԿ-ի մի քանի հատուկ զեկուցողների՝ մտահոգություն հայտնելով Յագուբլուի գործի վերաբերյալ։
2024 թվականի հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Կարծիքի և արտահայտման ազատության իրավունքի խթանման և պաշտպանության, Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների, Դատավորների և փաստաբանների անկախության հարցերով հատուկ զեկուցողները հաղորդագրություն են ուղարկել Բաքու՝ արտահայտելով իրենց մտահոգությունը Թոֆիգ Յագուբլուի ձերբակալման, նախնական կալանքի և հետապնդման վերաբերյալ։
2025 թվականի մարտին «Amnesty International»-ը Թոֆիգ Յագուբլուի դատավճիռը որակել է որպես կառավարությանը քննադատողների դեմ «Ադրբեջանի արշավի հերթական մռայլ հանգրվան»։
Միջազգային իրավապաշտպան մեկ այլ կառույցի` Քլունիի հիմնադրամի «Արդարադատության դատավարության դիտարկման նախաձեռնությունը» ապրիլի 2-ի Գերագույն դատարանի վճռին ընդառաջ զեկույց է հրապարակել՝ նշելով, որ Յագուբլուի դատավարության գործընթացն ուղեկցվել է քաղաքական բովանդակությամբ և իրականացվել է բազմաթիվ ընթացակարգային խախտումներով։ Զեկույցն արձանագրել է, որ Թոֆիգ Յագուբլուի դեմ 2023-2025 թվականների ընթացքում իրականացված քրեական հետապնդումը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (ՄԻԵԿ) ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով (ՔՔԻՄԴ) սահմանված միջազգային արդար դատաքննության իրավունքները։
Թոֆիգ Յագուբլուի գործը, սակայն, միայն մեկ օրինակ է, թե ինչպես է Բաքուն անտեսում միջազգային հեղինակավոր կառույցների զեկույցներն ու պահանջները։ Այսպես՝ 2017 թվականին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցողն Ադրբեջան կատարած պաշտոնական այցից հետո եզրակացրել է, որ այդ երկրում մարդու իրավունքների բազմաթիվ պաշտպաններ և տասնյակ հասարակական կազմակերպությունների անդամներ ենթարկվել են վարչական և քրեական հետապնդման և կամայական կալանքի։ ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը ևս պարզել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպաններ, լրագրողներ, քաղաքական և կրոնական առաջնորդներ պարբերաբար կալանավորվում են քրեական կամ վարչական մեղադրանքներով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի դեմ հարուցված բազմաթիվ գործերով նույն եզրակացություններին է հանգել` իրավիճակը գնահատելով մտահոգիչ: 2023 թվականի սեպտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որով կոչ է արել պատժամիջոցներ կիրառել և Ադրբեջանին դատապարտել «մարդու իրավունքների և ժողովրդավարության լրջագույն խախտումների համար»։
«Amnesty International»-ն արձանագրել է, որ իրավիճակն Ադրբեջանում սրվել է մասնավորապես 2024 թվականի փետրվարի ընտրությունների, Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի (COP29) նախապատրաստական աշխատանքների ընթացքում։ Այս շրջանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները կառույցը գնահատել է որպես «ավտորիտար գործելակերպի շարունակական ամրապնդում»։
2024 թվականի հոկտեմբերին «Human Rights Watch»-ը զեկույց է հրապարակել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանների, լրագրողների և կառավարության այլ քննադատների նկատմամբ ճնշումների ուժգնացման մասին։ 2024 թվականի վերջին, ըստ հաղորդումների, Ադրբեջանում 13 լրատվամիջոցների աշխատակիցներ բանտարկվել են քաղաքական դրդապատճառներով։
Ադրբեջանի վերաբերյալ 2025 թվականի բանաձևում Եվրոպական խորհրդարանը դատապարտել է «արտահայտման ազատության քրեականացումը» և Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել «դադարեցնել լրագրողների, ակտիվիստների, գիտնականների, ընդդիմության ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանների և անօրինական կերպով կալանավորված այլ անձանց նկատմամբ ճնշումները»։
Չնայած այս և բազմաթիվ այլ արձանագրումներին՝ քաղաքական դրդապատճառներով ճնշումների հարցում Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անդրդվելի վարքագիծ դրսևորել լրագրողների, հասարակական գործիչների, այդ թվում՝ կանանց և այլ ակտիվիստների նկատմամբ։